«Քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին»
Այս օրերին մեր ամբողջ ջանքը, մտքերն ու աղոթքները ուղղել ենք Արցախ: Թշնամու ահաբեկչական բանակների պարտադրած այս ահռելի պայքարում յուրաքանչյուրս մեր ոլորտում լծվել ենք Հայրենիքի պաշտպանության ու հաղթանակի սուրբ գործին: Վստահ եմ, որ մեր սերունդները այս օրերի մասին հիշելիս մեր տղաների սխրանքին ձոնված հերոսապատումների կողքին պատմելու են նաև միասնականության ու նվիրումի ոգու մասին, որ այս օրերին թևածում է մեզանում:
Այսօր Էրեբունի-Երևանի օրն է: Տոնական միջոցառումները, հասկանալի է, հետաձգվել են. քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին: Իսկ այսօր եկեք արձանագրենք, որ մենք, պահելով Արցախի սուրբ հողը, պահում ենք նաև Էրեբունի ամրոցի հազարամյա պատերը, պահում ենք Օպերան ու Ազգային պատկերասրահը, Սուրբ Սարգսի տաճարն ու Մատենադարանը: Հաղթանակից հետո մենք կվերակառուցենք Արցախում բարբարոսի հարվածից տուժած մեր քաղաքները ու է՛լ ավելի կշենացնենք դրանք՝ հազարերորդ անգամ ապացուցելով, որ հայի հաստատակամությունն ու ապրելու կամքը անխորտակելի են: Եվ ես վստահ եմ, որ այսուհետև մեր օրացույցում միայն տոնական ամսաթվեր են ավելանալու: Ուրիշ հեռանկար չկա: Որովհետև մեր գործն արդար է, հաղթանակը՝ անխուսափելի: