Հոբելյանական տարվա առիթով թանգարանը նվեր ստացավ ընծայագիր արծաթե սկուտեղ
Երևան քաղաքի պատմության թանգարանը 90 տարեկան է: Հոբելյանական տարվա առիթով թանգարանը նվեր ստացավ ընծայագիր արծաթե սկուտեղ: Այն պատկանել է մեծանուն դերասան Հովհաննես Աբելյանին, որը նրան նվիրել են Թիֆլիսի հայ թատրոնի գործիչները՝ վերջինիս թատերական գործունեության 25-ամյա հոբելյանի առթիվ:
Հովհաննես Աբելյանը բեմական պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է 1882 թվականին: 1895 թվականին հիմնել է Թիֆլիսի Հայոց դերասանական ընկերությունը: Բեմական գործունեության 54 տարիների ընթացքում կերտել է շուրջ 500 դեր, եղել է Շիրվանզադեի կերպարների լավագույն մարմնավորողը։ Հայ հեղինակների ստեղծած կերպարների աբելյանական լավագույն դերակատարումներից են նաև Միքայելը, Պեպոն, Աբիսողոմ աղան, Պաղտասարը, Վանահայրը, Նիկիֆորը և այլն:
1925 թվականին Սովետական Հայաստանի կառավարության հրավերով Աբելյանը գալիս է Երևան և աշխատանքի անցնում առաջին պետթատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվան պետական թատրոն)։ Հայաստանի կառավարության կողմից նրան շնորհվում է ժողովրդական արտիստի կոչում:
Հովհաննես Աբելյանը մահացել է Երևանում 1936թ. հուլիսի 1-ին: Մեծանուն դերասանի անունով են անվանակոչվել Վանաձորի դրամատիկական թատրոնը և փողոց՝ Երևանում։
Երևան քաղաքի պատմության թանգարան