Բացվեց «Արծաթի և զարդանախշի սիմֆոնիան» խորագրով ցուցահանդեսը
Ս/թ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Երևան քաղաքի պատմության թանգարանի 90- ամյակին նվիրված «Արծաթի և զարդանախշի սիմֆոնիան» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպվել էր ՀՀ Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի» գանձարանի հետ համատեղ:
Ցուցահանդեսին ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ տիկին Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Երևանի ավագանու անդամներ, թանգարանների տնօրեններ և հանրության ներկայացուցիչներ:
Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը համառոտ հաշվետվություն ներկայացրեց 2021թ․ կատարած աշխատանքների և ձեռքբերումների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ կատարեց թանգարանի 90-ամյա գործունեությանը:
Ելույթներով հանդես եկան՝ թանգարանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ԵՊՀ Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ և բաժնի ղեկավար պ. գ. թ Հայկ Ավետիսյանը, ՀՀ Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի» գանձարանի վարչության պետ Վահե Առաքելյանը, ՀՀ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Ազգագրության բաժնի ղեկավար պ. գ. թ Սուրեն Հոբոսյանը, մշակութաբան Հրազդան Թոքմաջյանը, ԻԿՈՄԻ Հայաստանի կոմիտեի նախագահ Հայկ Մկրտչյանը:
Ցուցահանդեսի բացմանը երաժշտագիտության դոկտոր-պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի ղեկավարությամբ հանդես եկան Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Թանգարանի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում դպրոցի ղեկավարությանը քանոնահարների գեղեցիկ կատարումների համար:
Երևան քաղաքի պատմության թանգարան