Երևանի պատմության թանգարանում կբացվի Օլգա Մենի գեղարվեստական տիկնիկների անհատական ցուցահանդեսը
Կանանց միջազգային տոնին ընդառաջ Երևանի պատմության թանգարանում ս/թ մարտի 7-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա Օլգա Մենի գեղարվեստական տիկնիկների անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
Երևանի պատմության թանգարանում բարի ավանդույթ է դարձել կանանց գարնանային տոներին ընդառաջ կազմակերպել գեղեցիկ ցուցահանդեսներ։ Այս տարի մեր սիրելի այցելուներին առաջարկվում է Օլգա Մենի գեղարվեստական տիկնիկների առաջին անհատական ցուցահանդեսը։ Պետք է նշել, որ հեղինակային գեղարվեստական տիկնիկի արվեստը Հայաստանում դեռ գտնվում է ձևավորման փուլում։ Այդ իսկ պատճառով նմանատիպ ցուցահանդեսները շատ կարևոր են և արդիական։
Օլգան ծնվել և կյանքի մեծ մասն անցկացրել է Սանկտ-Պետերբուրգում, որտեղ երկար տարիներ աշխատել է մանկական թատրոնում որպես բեմական զգեստների նկարիչ-ձևավորող։ Հանգամանքների բերումով որոշ ժամանակ անց, նա տեղափոխվել է Հայաստան և մշտական բնակություն հաստատել Երևանում։ Հավատարիմ մնալով իր մասնագիտությանը՝ Օլգան շարունակում է ստեղծել նրբաճաշակ և յուրահատուկ բեմական զգեստներ, որոնք նախատեսված են ոչ թե դերասանների, այլ տիկնիկների համար։
Ցուցահանդեսում ընդգրկված են 60-ից ավելի տիկնիկներ՝ պատրաստված պոլիմերային կավից, գունեղ հագուստներով և կերպարներով: Տիկնիկները հիմնականում ռուսական ժողովրդական հեքիաթների առասպելների հերոսուհիներն են։
Մեծ սիրով է պատրաստված նաև «Արցախ» կոմպոզիցիան:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 1-ը:
Սիրով սպասում ենք։
Երևան քաղաքի պատմության թանգարան