«Երևանը՝ անցյալ դարի կինոնկարներում» ցուցահանդես
Հայկական կինոարտադրության հարյուրամյակի (1923-2023) կապակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանը կազմակերպում է ժամանակավոր ցուցադրություն՝ «Երևանը՝ անցյալ դարի կինոնկարներում» խորագրով։ Ցուցադրության մեջ զետեղված են Երևան քաղաքի պատմության թանգարանի, Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուի մաս կազմող, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի մասնավոր հավաքածուի հայկական կինոնկարների ազդագրերը։
Ցուցանմուշները հիմնականում ռուսերենով են, քանի որ հայկական կինոարտադրությունը խորհրդային տարիներին ֆինանսավորում էր կենտրոնից։ Ցուցադրության մեջ առկա են նաև Խորհրդային Հայաստնում տպագրված ազդագրեր։ Ներկայացված են հայտնի կինոնկարներից «Սարոյան եղբայրներ», «Խոշոր շահում», «Մարդը Օլիմպոսից», «Տղամարդիկ», «Հայրիկ» և ուրիշ ֆիլմեր, որոնք ամբողջությամբ կամ հատվածաբար նկարահանվել են Երևանում և մայրաքաղաքին վերաբերող արժեքավոր ու բացառիկ տեսարաններ են պահպանել։ Այցելուն կարող է տեսնել նաև Երևան քաղաքի պատմության թանգարանում պահպանվող Հայֆիլմի առաջին տնօրեն Համո Բեկնազարյանի կինոնկարահանման ապարատը, տարբեր ֆիլմերի կինոժապավեններ:
Ցուցադրության բացումը տեղի կունենա ս․ թ․ նոյեմբերի 15-ին՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի նախասրահում։ Ցուցադրությանը բացմանը կնախորդի «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկված հոբելյանկան նամականիշի մարման պաշտոնական արարողությունը։
Ցուցադրությունը կգործի մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը: