Ցուցահանդես ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ. ԵՐԵՎԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանների գիշեր ծրագրի շրջանակում՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» թեմայի ներքո Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի  նոր ցուցահանդես, որտեղ կներկայացվեն երաժշտական գործիքների բազմաժանր հավաքածու՝ լուսաբանելով ինչպես գործիքների պատմական ու աշխարհագրական ծագումը, այնպես էլ դրանց սոցիալ-մշակութային գործառույթը։ Ժամանակագրորեն այն ընդգրկում է միջնադարից մինչև մեր օրերը՝ ընդգծելով գործիքագործության ավանդույթների շարունակականությունն ու արվեստի ժառանգական փոխանցումը։

Այս հավաքածուն ոչ միայն ֆիզիկական առարկաների, այլև հիշողությունների ու պատմությունների տարածություն է։ Այն ներառում է երաժշտական խմբերի լուսանկարներ, ազդագրեր, նոտաներ, հեղինակային ձեռագրեր և կենսագրական դրվագներ, որոնք միահյուսում են անհատական պատմությունները ազգային մշակութային պատկերի մեջ։

Երաժշտությունը, որպես քաղաքային ինքնության կրող, փոխվում է ինչպես քաղաքը՝ իր բնակիչներով, միջավայրով և քաղաքական անցումներով։ Ցուցահանդեսն իր նպատակը տեսնում է ազգային գործիքների ձայնը վերստին լսելի դարձնել՝ որպես դարերի խորքում ծնված, սերունդների միջով անցած և այսօր էլ մեր ինքնության մի մասը կազմող հնչյունային ժառանգություն։

 

Բացումը մայիսի 17-ին ժամը 21:00-ին

Համերգային ծրագրով հանդես կգան նաև Ալ. Սպենդիարյանի երաժշտական դպրոցի և  Սայաթ Նովայի երաժշտական դպրոցի սաները: