Շարունակվում է դպրոցականների մշակութային օջախներ անվճար հաճախելու ծրագիրը

Մարտի 1-ից վերսկսվել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտների` մշակութային օջախներ անվճար այցելության ծրագիրը: Այսօր <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան և Երևանի քաղաքի պատմության թանգարան այցելած դպրոցականները շրջել են ցուցասրահներով, ծանոթացել մայրաքաղաքի հիմնադրման և զարգացման պատմությանը:

Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը նշել է, որ, հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում կազմակերպված այցելությունների դրական արձագանքը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այս տարի նույնպես շարունակել ծրագիրը և քայլեր ձեռնարկել այն մշտական դարձնելու ուղղությամբ:

Թանգարանային էքսկուրսիայի շրջանակում երեխաները մասնակցել են խաղ-մրցույթի: Ստացած նոր տեղեկությունների և գիտելիքների շնորհիվ աշակերտները թանգարանից հեռացել են փոքրիկ հուշանվերներով և կրկին վերադառնալու ակնկալիքով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Արխիվային տարբերակ