Եվրոպական ժառանգության օրեր Երևանում
Ըստ ընդունված սկզբունքի՝ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շարքը կազմակերպվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերյան հանգստյան օրերին, որին մասնակցում է եվրոպական մշակութային համաձայնագիրը ստորագրած 50 պետություն:
Ամեն տարի «Եվրոպական ժառանգության օրերն» ընթանում են նոր կարգախոսով, որի շրջանակներում յուրաքանչյուր երկիր ընտրում է իր ընտրած խորագիրը:
Սեպտեմբերի 29-ին Հայաստանը միացավ «Եվրոպական ժառանգության օրեր» ձեռնարկին, որն այս տարի անց է կացվում «Ճանապարհ» խորագրի ներքո:
Այդ օրը՝ ժամը 12:00-13:30, Երևան քաղաքի պատմության թանգարանը (Երևան, Արգիշտիի 1/1) նախաձեռնել էր քաղաքային զբոսանք-էքսկուրսիա թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ, այլ կերպ ասած՝ հին Երևանից դեպի նոր Երևան: Թանգարանի դռները բաց էին բոլոր այցելուների առաջ:
Զբոսանք-էքսկուրսիան սկսվեց թանգարանի մանրակերտից, որտեղ թանգարանի էքսկուրսավարները ներակայացրեցին քաղաքի պատմական ժառանգությունը: Թանգարանի այդ օրվա 300-ից ավելի այցելուներն ու էքսկուրսիայի մասնակիցները ծանոթացան Երևանի պատմությանն ու մշակույթին, կենցաղին: Ներկայացվեցին թանգարանի՝ մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված գործունեությունն ու ձեռքբերումները:
Այնուհետև էքսկուրսիան շարունակվեց Արգիշտի , Գր. Լուսավորիչ փողոցներով /նախկին Երևանի բերդի տարածք / Մանկական զբոսայգու, Ստ. Շահումյանի անվան հրապարակով դեպի Հանրապետության հրապարակ: Այցելուների խմբում էին նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները:
Հիշեցնենք, որ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրով միջոցառումը առաջին անգամ կազմակերպվել է 1984թ. Ֆրանսիայում: Նախաձեռնության հիմնական նպատակը հուշարձանների և հիշարժան վայրերի տարածքները հանրությանն առավել մատչելի դարձնելն էր` ազատ ու անվճար այցելություն ապահովելու միջոցով, որ սովորական օրերին շատերին հասանելի չէր:
1985թ. հոկտեմբերի 3-ին Գրենադա քաղաքում /Իսպանիա/ կազմակերպված Եվրոպական երկրների նախարարաների երկրորդ գիտաժողովում, Եվրախորհրդի Ճարտարապետական ժառանգության պատասխանատու Ֆրանսիայի մշակույթի նախարարի առաջարկով Եվրախորհուրդն այդ նախաձեռնությանը համաեվրոպական նշանակություն տվեց:
1991թ. Եվրամիության աջակցությամբ Եվրախորհուրդը պաշտոնապես հաստատեց նախաձեռնությունը «Եվրոպական ժառանգության օրեր» խորագրով:
1999թ.-ից «Եվրոպական ժառանգության օրերն» իրականացվում են Եվրամիության հետ համատեղ` ՙԵվրոպա. Ընդհանուր ժառանգություն՚ կարգախոսով:
Երևան քաղաքի պատմության թանգարան