Բացվեց «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI դարից» ցուցահանդեսը
Սեպտեմբերի 21-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում «Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում» տեղի ունեցավ «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI-րդ դարից» լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ ցուցահանդեսն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ:
Լուսանկարները ներկայացվելու են մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարաններում մինչև հոկտեմբերի 21-ը:
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ Մշակույթի փոխնախարար տկն. Ա. Սամուելյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն տկն. Ա. Սարգսյանը, Երևանի մերտրոպոլիտենի տնօրեն Փ. Յայլոյանը, Երևանի արվեստասեր հասարակաության ներկայացուցիչներ…
Ցուցահանդեսն անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում, որոնք անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 Եվրոպական երկրներում: 2013 թ. Եվրոպական ժառանգության օրերի «Ժառանգության ժառանգները» խորագիրը կրող միջոցառումների Հայաստանյան մեկնարկով օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին շուրջ 60 մշակութային օջախներ, բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ իրականացրեցին մոտ 200 միջոցառում:
Միջոցառմանն աջակցում են «Տետրակոնխ» և «PanARMENIAN Photo» կազմակերպությունները:
Ցուցահանդեսում ներկայացված են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի Երևանը ներկայացնող լուսանկարներ: Առանձնահատուկ տեղ է հատկացված թամանյանական Երևանին: Կներկայացվեն նաև նշված ժամանակաշրջանի Երևանի առանձին փողոցներ, հասարակական, վարչական և անձնական նշանակության կառույցներ, որոնք արտահայտում են Երևանի այդ ժամանակահատվածին բնորոշ կոլորիտը: