Ամփոփվել է «Իմ ջերմ ու բարի քաղաք» վերնագրով շարադրությունների մրցույթը
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է «Իմ ջերմ ու բարի քաղաք» վերնագրով շարադրությունների մրցույթում լավագույնը ճանաչված աշակերտների հետ։ Քաղաքապետի տեղակալը աշակերտներին հանդիպման էր հրավիրել Երևան քաղաքի պատմության թանգարան։«Ինչու՛ ենք հենց այստեղ հանդիպում. այս խորհրդավոր անկյունն ընտրեցինք, որովհետև դուք Երևանն այսօր եք տեսնում՝ ձեր աչքերով, վաղը կտեսնեք ապագայի՝ ձեր իսկ կերտած Երևանը, սակայն մեզանից առաջ էլ Երևանն ունեցել է իր ուրույն հմայքը, որի մասն է այս թանգարանի թանկարժեք պարունակությունը։ Մենք հարստանում ենք այն պատմությամբ, որն այստեղ պահպանվում է։ Շնորհակալություն, սիրելի՛ երեխաներ, մեր ջերմ ու բարի քաղաքի հանդեպ տածած ձեր ջերմ վերաբերմունքի համար։ Վստահ եմ՝ գեղեցիկ շարադրանքով ու ստեղծագործություններով լեցուն ձեր հոգիները պիտի կերտեն նաև գեղեցիկ քաղաքացիներ այս քաղաքի համար։ Ուրախ եմ, որ մասնակից եք լինում այսպիսի նախաձեռնությունների, և հատկապես նախաձեռնությանը, որը վերաբերում է մեր մայրաքաղաքին՝ մեր ազգի ոգեղենության հիմնաքար Երևանին։ Սիրելի՛ մանկավարժներ, շնորհակալություն եմ հայտնում և ձեզ. ձեր վաստակը մեծ է»,- նշել է Արամ Սուքիասյանը, ապա նվերներ հանձնել մրցույթում հաղթած աշակերտների լավագույն տասնյակին։
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության խորագրով՝ «Իմ ջերմ ու բարի քաղաք» վերնագրով շարադրությունների մրցույթը հայտարարվել էր սեպտեմբերից։ Մրցույթին մասնակցել են Երևանի բոլոր դպրոցները։ Ներպրոցական փուլում հաղթած շարադրությունները՝ 66 աշխատանք, ընթերցել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակիցներից և մանկավարժներից կազմված հանձնաժողովը և խրախուսանքի ներկայացրել լավագույն 10 աշխատանքները։