Արտագաղթի հետևանքները Երևանի հասարակական և մշակութային կյանքում 1991-1996 թթ.
Հայաստանի անցումային շրջանի սոցիալ-տնտեսական կյանքի բնութագրիչներից մեկը դարձավ արտագաղթը: Որպես երևույթ այն Հայաստանի համար նորություն չէր, սակայն ընդունած ծավալների ու որակական հատկանիշների պատճառով այն նշանակալի ազդեցություն ունեցավ կյանքի մի շարք ոլորտների վրա: Բնակչության տեղաշարժերն այսօր աշխարհում համարվում են բնական գործընթաց, սակայն դրանց հետևանքները, այդ թվում և մշակութայինը, համարվում են լուրջ հիմնախնդիր:
Հայաստանի և հատկապես մայրաքաղաք Երևանի կյանքում նույնպես արտագաղթը ոչ միայն ժողովրդական բնույթի հետևանքներ ունեցավ, այլ նաև մշակութային: Ներկայացվող հոդվածում քննարկվում է հատակապես 1991-1996 թթ.` նկատի ունենալով այն հանգամանքը, որ արտագաղթի առաջացրած մշակութային հետևանքները բեկումնային միտումներ ձևավորեցին հենց այդ տարիներին:
1991-1996 թթ. արտագաղթի ծավալների վերաբերյալ քանակական տվյալներ ներկայացնող հետազոտությունների թիվը մեծ չէ, ուստի մենք օգտվում ենք ՄԱԿ-ի 1996 թ. Մարդկային զարգացման զեկույցում ներկայացված հետազոտության տվյալներից: Ընդհանրապես այդ տարիներին արտագաղթի ծավալների մասին կարելի է խոսել մոտավոր տվյալներով: Միակ քիչ թե շատ հավաստի աղբյուրը համարվում էին օդանավակայանի գրանցումները, համաձայն որոնց` մեկնածների և ժամանածների թվային տարբերությունը հաշվելով, կարելի է եզրակացնել, որ Հայաստանը օդային ճանապարհով լքողների թիվը 1991-1995 թթ. հասել է շուրջ 677 հազար մարդու:
2868 տնային տնտեսություններում անցկացված հետազոտության տվյալների համաձայն` արտագաղթողների 66 տոկոսն աշխատունակ տարիքի տղամարդիկ են, որոնց միջին վաստակը մոտավոր հաշվումներով տատանվում է ամսական 410-1400 ԱՄՆ դոլարի սահմաններում: Արտագաղթողների 55 տոկոսն անհատներ են, մնացած 45 տոկոսը` ընտանիքներ: Իսկ ընդհանրապես գործունյա և աշխատունակ տարիքի ներկայացուցիչները արտագաղթողների մեջ կազմում են 74 տոկոս, այն դեպքում, երբ նույն սոցիալ-տարիքային խումբը կազմում է Հայաստանի բնակչության 54 տոկոսը, իսկ տղամարդիկ` 48 տոկոսը:
Մարդկային ներուժի կազմում արտագաղթի պատճառած հետևանքները հասկանալու համար բերենք մեկ այլ թվային համեմատություն: Այն դեպքում, երբ բարձրագույն և թերի բարձրագույն կրթությամբ անհատները կազմում են Հայաստանի բնակչության 25 տոկոսը, արտագաղթողների մեջ նրանց բաժինը 48 տոկոս է: 1991-1996 թթ. արտագաղթի հետևանքով Հայաստանը կորցրել է բնական, հումանիտար և տեխնիկական կրթությամբ մասնագետների 1/3-ին: Արտագաղթողների մեջ գերակշռողը քաղաքային բնակչությունն է` 75 տոկոս, իսկ սոցիալական շերտավորման տեսանկյունից հեռացողների մեծ մասը բաժին է ընկել միջին խավին:
Քաղաքային բնակչության տեսակարար կշռում շուրջ 70 տոկոսը բաժին է հասել Երևան քաղաքին: Եթե հաշվի առնենք, որ բարձրագույն կրթությամբ, որակյալ մասնագիտական ներուժով օժտված բնակչության ծանրակշիռ մասը խորհրդային վերջին տարիներին կուտակված էին Երևան քաղաքում, ապա որակյալ մարդկային ներուժի արտագաղթի հետևանքների առյուծի բաժինը հասավ հենց Երևանին: Վերը բերված քանակական տվյալներից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի անկախության ձեռք բերմանը հաջորդած վեց տարիների ընթացքում Երևանից հեռացած բնակչության 1/5 կազմում են քաղաքային մշակույթի առումով առաջնային դերակատարության անհատները, որոնց բացակայությունը, անշուշտ, բացասաբար է անդրադարձել հասարակական և մշակութային գործընթացների վրա: Որպեսզի հստակեցնենք մեր ասելիքը, նշենք, որ քաղաքային մշակույթ ասելով` նկատի ունենք բնակչության հասարակական համագործակցությունը, հաղորդակցումը և համակեցությունը պայմանավորող և կանոնակարգող նյութական, հոգևոր և սոցիոնորմատիվ բնույթի արժեքների ամբողջությունը:
Այս առումով Երևան քաղաքից հեռացած որակ ներկայացնող խմբերը կարելի համարել` ա) բարձրագույն և թերի բարձրագույն կրթությամբ մասնագետներ, բ) քաղաքային բնակչության միջին խավ, դ) որակյալ մասնագիտական աշխատուժ` արհեստավորներ, շինարարներ, որակավորում ունեցող բանվորներ: Այսինքն` սրանք այն խմբերն են, որոնք կազմում են գլխավորապես քաղաքային բնակչության միջին խավը կամ քաղաքային մշակույթի կրողը և վերարտադրողը: Իսկ եթե հաշվի առնենք, որ արտագաղթողների մեջ համամասնական առումով մեծ է հատկապես բնակչության այս շերտերի ներկայացուցիչների թիվը, ապա դժվար չէ հետևություն անելը, որ բնակչության այս շերտի արտագաղթը բացասաբար է ազդել քաղաքի մշակութային գործընթացների կայունության և որակական հենքի վրա:
Հիմնականում 1991-1996 թթ., ինչպես նաև հետագա տարիներին փոխվեց նաև Երևան քաղաքի երիտասարդության կազմը: Քաղաքային մշակույթի նորույթների հոսքը կարգավորող քաղաքաբնակ երիտասարդության արտահոսքն ուղեկցվեց մարզային քաղաքների և գյուղական երիտասարդության հոսքով` մշտական կամ դրվագային միգրացիաների ձևով: Նշված ժամանակահատվածում քաղաքային երիտասարդության կյանքում զգալի ազդեցություն ձեռք բերեց գավառական երիտասարդությունը, որի ամենաբնորոշ հատկանիշը նորույթների նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելու, այդ թվում նաև դրանց էթնո-մշակութային միջավայրին ադապտացնելու ունակությունների և մշակույթի բացակայությունն է:
Արդեն խորհրդային ժամանակաշրջանում ուրբանիզացած բնակչության ձևավորումից ի վեր Հայաստանում նորույթների ներմուծումը սկսվում էր Երևանից: Բացառված էր, որ գավառային միջավայր նորույթներ մուտք գործեին ուղղակիորեն: Ուստի գավառային և քաղաքային երիտասարդության միջև գոյություն ուներ որոշակի հակադրություն, որի հիմքում ընկած է նորույթների նկատմամբ քաղաքային մշակույթի և գավառային անհանդուրժողականության տարաձայնությունը: Գավառային այն երիտասարդությունը, որը համակրում էր նորութային մշակույթը, անպայման ձգտում էր տեղափոխվել Երևան, հակառակ դեպքում գավառային հականորութային մշակույթը բացառում էր նրանց ձգտումների դրսևորման հնարավորությունը: Սակայն նույնիսկ Երևան տեղափոխվելու դեպքում գավառացին հստակորեն գիտակցում և զբաղեցնում էր իր` ընդօրինակողի տեղը` առանց դիմադրության առաջնությունը թողնելով քաղաքային երիտասարդությանը, մինչև այն պահը, երբ նրա մեջ նորույթների նկատմամբ վերաբերմունքը չէր հղկվում և համապատասխանում գոյություն ունեցող մշակույթին: Մյուս կողմից նորույթների ներմուծման և ադապտացման գործառույթը կրող քաղաքային երիտասարդությունը ենթարկվում էր վերահսկողության` գլխավորապես քաղաքային մտավորականության և միջին շերտ ներկայացնող, հասարակական կշիռ ունեցող սոցիալ-տարիքային մյուս խմբերի կողմից:
1991-1995թթ. արտագաղթի հեևանքը եղավ այն, որ քաղաքային երիտասարդության հասարակական համագործակցության ու հսկողության առումով որակյալ բնակչության արտահոսքը Երևան տեղափոխված գավառային երիտասարդությանը հնարավորությաուն տվեց նորույթների ներմուծման գորընթացում ազդեցիկ դիրք գրավել:
Տեղի ունեցած փոփոխության հանկարծակիության և ժամանակահատվածի կարճության պատճառով նման իրավիճակում հայտնված երիտասարդությունը, մի կողմից` չհասցնելով ադապտացվել քաղաքային մշակույթին և դառնալ դրա կրող, մյուս կողմից` լինելով գավառային երիտասարդություն` քաղաքային երտասարդության հակադրության կրողը, հակադրվելով ու մերժելով քաղաքային երիտասարդության ավանդույթները, սկսեց տարածել մշակութաբանական առումով պարզունակ ու ցածր որակ, ձևական կամ կերպային ընդօրինակման պրատկիկան:
Սակայն, քաղաք տեղափոխված գավառային երիտասարդությունն այս գործընթացում միայնակ չէր: Մշակութային վերահսկողություն իրականացնող շերտերի արտագաղթը գործունեության դաշտ բացեց քաղաքային մշակութային վերարտադրողական ու վերահսկողության գործընթացներում` որակապես ցածր գործառույթ իրականացնող հասարակական շրջանակների համար: Եթի հաշվի առնենք, որ այս խավն էլ գլխավորապես գավառային ծագում ուներ և քաղաք էր տեղափոխվել խորհրդային իշխանության վերջին 10-20 տարիներին ու սերնդափոխության առումով դեռ պատկանում էր գավառական շերտին, ապա կարելի է ասել, որ Երևանում արմատավորվում է հասարակական համագործակցության և մշակութային գործընթացների գավառայնացման կամ գավառային ազդեցիկության ու վերահսկողության ուժեղացման միտումը: Սա ինքնին վտանգավոր է քաղաքային մշակույթի լյումպենիզացիայի տեսանկյունից, քանի որ հասարակության ավանդութային վերահսկողության գործառույթը կրող հատվածն այսօր հավակնում է նաև նորույթների վերահսկողությանը: Դա այն դեպքում, երբ նա չի ադապտացվել այդ գործառույթին, իրավասու չէ և չունի մշակութային որակյալ ընտրություն կատարելու ունակություններ: Ավանդութային տեսանկյունից այս խավը նույնպես ապամշակութային տարր է, քանի որ լքել է ավանդույթի աղզդեցության միջավայըը սերնդափոխության այնպիսի շրջանում, երբ նա դեռ չի դարձել ավանդույթի մշակութային ժառանգորդ և ընդամենը դրա ձևական կրողն է: Եվ բոլորովին պատահական չէ, որ գավառային ծագում ունեցող այս խավը, ապաշնորհ լինելով նորությունների ներմուծման առումով, օտարվում է նաև ավանդույթից` թե’ ազգային, թե’ մարդկային մշակույթի տեսանկյունից վերածվելով բովանդակազուրկ ապամշակութային և քաղաքային միջավայրում սեգմենտար-խմբակային կերպային ստերեոտիպեր ձևավորող ու տարածող զանգվածի:
Այդ պատճառով այսօր Երևանը հեղեղված է արևմտյան ցածրաճաշակ, անորակ և մշակութային ցածրարժեք նորամուծություններով: Նորույթների նկատմամբ քաղաքային մշակույթը կրող երիտասարդությունը ազդեցիկ չէ, և նրանց գործունեությունը ունի անահատական կամ նեղ խմբային բնույթ:
Նշված իրավիճակում կարելի է տեսնել տարբեր ելքեր: Դրանցից առաջինը վատթարագույնն է. Երևանի քաղաքային մշակութային հետագա գավառայնացում և անդեմացում: Ելքերից մյուսը կարող է լինել այն, որ տարիների ընթացքում գավառային երիտասարդությունը ստեղծի քաղաքային նոր մշակույթ, դառնա դրա վերահսկողը և վերարտադրողը: Դա կլինի, պատկերավոր ասած, Նոր Երևանի մշակութային իրավիճակը:
Եվ երրորդը կարող է տեսականորեն լինել այն դեպքը, երբ պետական քաղաքականության արդյունքում դերային առումով նախապատվություն տրվի մշակութապես բարձրաճաշակ, համամարդկային մշակութային արժեքներից տեղեկացված և դրանց գնահատման ու ընտրության ընդունակություններ ունեցող, նորույթների ներմուծման ու ադապտացման հատկություններով օժտված երիտասարդական և միջին տարիքային խմբերի ներկայացուցիչներին: