Երևանի պատմության թանգարանում կներկայացվի Այնթապի ասեղնագործական դպրոցը
Երևան քաղաքի պատմության թանգարանը սիրով հրավիրում է մասնակցելու Մարիամ Ղարիբյանի ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա հուլիսի 26-ին՝ ժամը 15:00-ին:
«Վերադարձ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Այնթապի հայտնի ասեղնագործական դպրոցը, ինչպես նաև արդի դիզայներական մոտեցումներով շուրջ 25 աշխատանք (դեկորատիվ ծածկոցներ, սրբիչներ, վերնազգեստ, շրջազգեստ):
Նկարչուհի, ասեղնագործող, հագուստի ձևավորող Մարիամ Ղարիբյանը ծնվել է Երևանում: Դպրոցական տարիներին հաճախել է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտական դաստիարակության կենտրոն:
1984-1994թթ. ասեղնագործություն և նկարչություն է դասավանդել վերոհիշյալ կենտրոնում, միաժամանակ նկարչության դասեր առել հայտնի արվեստագետներից:
Մարիամին մշտապես գրավել է Այնթապի կարերի նրբությունը, աշխատանքների «քչախոսությունը» և թափանցիկությունը: Տեղին է ասել, որ վարպետի բնավորությունը պարզորոշ արտացոլվում է նրա աշխատանքներում:
Հայկական ավանդական ասեղնագործությունը Մարիամն օգտագործում է նաև ժամանակակից զգեստների ձևավորման մեջ՝ ստեղծելով հնի և նորի յուրահատուկ համադրություն: Դրանք ցուցադրվել են Չեխիայում, Հայաստանում և ԱՄՆ-ում:
Մարիամի գեղանկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր ցուցասրահներում, ինչպես նաև տեղ են գտել մասնավոր հավաքածուներում:
Ցանկացած աշխատանք ստեղծելիս Մարիամը մշտապես ներկայացնում է հայկական հետքը:
Եղբոր հետ Չեխիայում բացել է «Armenian Art Gallery», ապա՝ «GH Art Gallery» ցուցասրահները, որտեղ ներկայացվում են հայ և օտարազգի ստեղծագործող¬ներ:
Վերջին 22 տարիներին Մարիամն ապրել և ստեղծագործել է Չեխիայում: 2016թ. վերադարձել է Հայաստան: