Երևանի պատմության թանգարանում բացվեց «Գոստ-Արտադրված է Երևանում» խորագրով ցուցահանդեսը
Երևան քաղաքի պատմության թանգարանում հոկտեմբերի 8-ին բացվեց «Գոստ-Արտադրված է Երևանում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են խորհրդային տարիներին Երևանում արտադրված թեթև և սննդի արդյունաբերական արտադրանքի նմուշներ՝ թանգարանի արտադրական ֆոնդի հարուստ հավաքածուից: Ցուցահանդեսը նվիրված է Երևանի 2798 և թանգարանի 85-ամյա հոբելյաններին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական – գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանը, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամներ, Երևանի խորհրդային շրջանի գործարանների աշխատակիցներ և բազմաթիվ երևանցիներ:
Խորհրդային իշխանության տարիները Երևանի համար տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան եղան: Մայրաքաղաքը աստիճանաբար դարձավ թեթև, սննդի, իսկ ավելի ուշ՝ հետպատերազմյան տարիներին, նաև հանքային, ծանր և քիմիական արդյունաբերության կենտրոն: Կառուցվեցին արդյունաբերական մանր ու խոշոր բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունաբերական որոշ ճյուղերի համախառն արտադրանքով Երևանը Խորհրդային Միության տնտեսական համակարգում գրավում էր առաջնային տեղերից մեկը: Արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը արտահանվում էր միության մյուս հանրապետություններ և արտասահմանյան երկրներ: Մեծ պահանջարկ էին վայելում հատկապես Երևանում արտադրված կոնյակը, գինին, ծխախոտը, կոշիկները, գորգերը և այլն:
Ձևավորված ավանդույթի համաձայն, արդյունաբերական ձեռնարկություններն իրենց արտադրանքի առաջին նմուշներից նվիրում էին Երևան քաղաքի պատմության թանգարանին: Դրանցից կազմավորվեց թանգարանի հավաքածուի արտադրական ֆոնդը, որի մի մասը ներկայացված է նշված ցուցահանդեսում: Այցելուներն այստեղ կտեսնեն գինու կոմբինատի և կոնյակի գործարանի (1953-1991թթ. այս գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը), ծխախոտի կոմբինատում արտադրված գլանակների, սովորական և ֆիլտրով բարձրորակ մակնիշի սիգարետների, կոշիկի «Մասիս» արտադրական միավորման, ժամացույցի գործարանի արտադրած զարթուցիչների, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների, կարի «Գարուն» արտադրական միավորման, հախճապակու գործարանի ազգային բովանդակությամբ, Գեղարվեստական կոմբինատի և «Հայգորգ» արտադրական միավորման արտադրանքի շուրջ 600 նմուշ:
Երևան քաղաքի պատմության թանգարան