Ապրիլի 18-ին տեղի կունենա «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը
Երևանի պատմության թանգարանում ապրիլի 18-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը, որը նվիրված է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան: Այս տարի այն նշվում է «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո:
Շնորհանդեսի ժամանակ տեղի կունենա թատերականացված ներկայացում թանգարանի երրորդ հարկի ցուցասրահում, որտեղ Վ. Բրյուսովի անվան ուսանողուհիները կկատարեն 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբում երևանցիների կենցաղում ընդունված հարսանեկան ծեսի արարողություն:
Ներկայացմանը երկխոսության միջոցով «մասնակցելու են» նաև համապատասխան թանգարանային ցուցանմուշները:
Այս ծրագիրը ցուցանմուշ-այցելու հաղորդակցության նոր՝ անիմացիոն մեթոդի կիրառման առաջին փորձերից է, որը կրելու է մշտական բնույթ՝ նպատակ ունենալով նաև նպաստել կայուն զբոսաշրջության զարգացմանը: Այս յուրատեսակ փաթեթ-առաջարկը զբոսաշրջիկների համար կարող է թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալու ինտերակտիվ տարբերակ հանդիսանալ:
Շնորհանդեսը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Տեղեկությունների համար զանգահարել 010 568185, 010 58109: