Լիբանանում բացվել է «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

Ս. թ. մարտի 20-ին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Երևանի քաղաքապետարանի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ Լիբանանի ՀՀ դեսպանատանը բացվեց «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Երևան քաղաքի 2800-ամյա և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյաններին:

Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 100 լուսանկարներ, որտեղ պատկերված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի, խորհրդային շրջանի, նաև ներկայիս Երևանը:

Ցուցահանդեսին ներկա էին Բեյրութի քաղաքապետարանի խորհրդի անդամներ Արամ Մալյանը և Հակոբ Թերզյանը, Լիբանանի հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության ինստիտուտների տնօրենները, պրոֆեսորներ, դոկտորներ, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, դեկաններ, ՀՀ-ից ժամանած այլ հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, նշելով, որ ցուցահանդեսի խորագիրը մեծ խորհուրդ ունի, այն ի ցույց է դնում նորագույն շրջանում հայ պետականության շարունակականությունը:

Դեսպանը փաստեց, որ Երևանը իրավամբ համայն հայության մայրաքաղաքն է, բոլորիս հավաքական իղձերի մարմնավորման վայրը:

Երևանի քաղաքապետարանի Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նախ ընթերցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը, ապա ներկայացրեց ցուցահանդեսի թվով 100 լուսանկարների բովանդակության և պատմության մասին մանրամասները:

Խոսելով «Երևանը` երեք հանրապետությունների մայրաքաղաք» ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների մասին՝ Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նշել է, որ այն Երևանը ճանաչելու, նաև հիանալու յուրովի հնարավորություն է:

«Սա մի յուրօրինակ ճամփորդություն է ժամանակի մեջ, որը թույլ է տալիս լինել հին Երևանի գողտրիկ ու նեղ փողոցներում և թաղերում, տեսնել քաղաքի կառուցապատումը խորհրդային շրջանում և հիանալ Հայաստանի մայրաքաղաքի տեսքն ամբողջացնող ժամանակակից կառույցներով: Համոզված եմ, որ այս ցուցահանդեսը շատերիդ կստիպի, որ անձամբ այցելեք մեր սիրելի քաղաք ու վայելեք այն ջերմությունն ու հմայքը, որ ունի 2800-ամյա Երևանը», – նշել է Արմինե Սարգսյանը:

Այնուհետև դեսպանության՝ հայ համայնքի հետ տարվող աշխատանքների դիվանագիտական կցորդ Վլադիմիր Պողոսյանը ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը:

Միջոցառման ավարտին Երևան քաղաքի պատմության թանգարանի աշխատակազմը հյուրերին ներկայացրեցին լուսանկարների և մայրաքաղաքի պատմության վերաբերյալ ընդգրկուն տեղեկատվություն:

Հարկ է նշել, որ «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31-ը:

«Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով ցուցահանդեսը Երևանի 2800 ամյակին նվիրված առաջին ցուցահանդեսն է արտերկրում և Հայաստանում:

Շրջիկ ցուցահանդեսը Երևանի քույր քաղաք Բեյրութից հետո տարվա ընթացքում կներկայացվի նաև Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Փարիզում:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Լուսանկարներ