«Երևանյան ամառ 2018». «Երևան 2800» կտավի ստեղծում՝ Մ. Սարյանի անվան պուրակում
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի գեղարվեստական կենտրոններից մեկում՝ Մ. Սարյանի անվան պուրակում կազմակերպվել է «Երևանյան գեղանկար» ավանդական միջոցառումը, որի ընթացքում արհեստավարժ նկարիչների կողմից ստեղծվել է «Երևան 2800» խորագրով գեղանկարը: Միջոցառումն անցկացվում էր արդեն 5-րդ տարին անընդմեջ: Հեղինակների խոսքով՝ նոր՝ այս անգամ մայրաքաղաքի 2800-ամյա տարեդարձին նվիրված գեղանկարը ներառում էր նախորդ չորս կտավների տարրերը և երևանյան մի շարք տեսարժան վայրերի և գեղագիտական լուծումների ընդգրկմամբ ասես ամփոփում դրանք:
Կտավի ստեղծմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
Միջոցառմանը մայրաքաղաքի վարչական շրջանների արվեստի դպրոցների սաները ստեղծել են նաև իրենց անհատական գեղանկարները, որոնց թեման կրկին մայրաքաղաքի հոբելյանն էր:
Նշենք նաև, որ «Երևան 2800» կտավը համալրելու է Երևան քաղաքի պատմության թանգարանի գեղանկարների հավաքածուն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն