Աշտարակում բացվել է «Երևան 2800. հազարամյակների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսը

Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանները ծրագրել են լուսանկարների շրջիկ ցուցահանդեսներ Սփյուռքի հայկական համայնքներում, Ստեփանակերտում և ՀՀ մարզերում:

Մայրաքաղաքի հոբելյանին նվիրված անդրանիկ ցուցահանդեսը «Երևանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով, 2018թ. մարտի 20-ին բացվեց Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութում:

Ցուցահանդեսի հաջորդ կանգառը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքն է:

Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, որտեղ պատկերված է Երևանը 19-րդ դարի վերջերին-20-րդ դարի սկզբներին: Դրանց հեղինակներն են հայտնի լուսանկարիչներ Վրույր Կրտսերը, Հովհաննես Թարվերդյանցը, Գրիգոր Մելիք-Դադայանը և ուրիշներ:

Լուսանկարների մյուս շարքը ներկայացնում է խորհրդային և ժամանակակից Երևանը:

«Երևան 2800. հազարամյակների մայրաքաղաք» խորագիրը կրող ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ճանապարհորդել ժամանակի մեջ, լինել հին Երևանի գողտրիկ ու նեղ փողոցներում, թաղերում, տեսնել քաղաքի կառուցապատումը 20-րդ դարում և ներկայիս Երևանն իր կոթողային կառույցներով:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 29-ը:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Լուսանկարներ