Երևանի պատմության թանգարանում կբացվի Քրիստինա Օգանեզովայի անհատական ցուցահանդեսը
Օգոստոսի 14-ին` ժամը 18:00-ին, Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում կբացվի Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, Արվեստագետների միջազգային միության անդամ (Էստոնիա), Քրիստինա Օգանեզովայի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կտևի մինչև օգոստոսի 24-ը ներառյալ:
Ցուցահանդեսի բացման օրը գեղանկարչուհին թանգարանի ցուցասրահում կսկսի նկարել նոր կտավ, որը օգոստոսի 24-ին` ժամը 17:00-ին, ցուցահանդեսի փակման արարողության ժամանակ կնվիրի Երևան քաղաքի պատմության թանգարանին:
Իր ստեղծագործությունները նկարչուհին կատարում է վրձնով, նկարչական դանակով (pallet knives) և ակրիլով կտավների վրա, նրա աշխատանքները դասական և ժամանակակից տեխնիկաների համադրություն են։
Ցուցահանդեսի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ և գնահատել գեղանկարչուհու մշակած նկարչական ոճը, գույների յուրօրինակ համադրությունը և շփվել նրանց հեղինակի հետ: