Երևանի պատմության թանգարանում տոներին ընդառաջ կբացվի «Ձմեռային հեքիաթ» ցուցահանդեսը
«Ձմեռային հեքիաթ»: Այսպես է կոչվում հեղինակային տիկնիկների մեր հերթական ցուցահանդեսը, որը կբացվի Ամանորյա տոներին ընդառաջ` դեկտեմբերի 5-ին,Երևան քաղաքի պատմության թանգարանում:
Հեղինակային տիկնիկների ցուցադրությունն ուղեկցվելու է կրթական ինտերակտիվ ծրագրով, հեքիաթների ընթերցանությամբ:
Ձմեռը ոչ միայն տարվա գեղեցիկ եղանակներից մեկն է, այլ նաև ամենախորհրդավորն ու հեքիաթայինը: Չէ՞ որ ձմռանը նշում ենք Սուրբ Ծննդյան և Ամանորյա տոները: Բնական է, որ թեման տիկնիկագործներին երևակայելու և ստեղծագործելու մեծ հնարավորություն է տալիս:
Ցուցահանդեսին մասնակցում են 28 տիկնիկագործներ, ներկայացված են 100-ից ավելի աշխատանքներ, որոնք պատրաստված են տարբեր տեխնիկայով և տարբեր նյութերից, բայց բոլորն էլ մեծ սիրով:
Ցուցահանդեսի նպատակն է՝ հանրահռչակել հեղինակային տիկնիկը որպես արվեստի ուղղություն:
«Ձմեռային հեքիաթ» ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 5-ը:
Մուտքը վճարովի է. երեխաների համար մեկ անձը՝ 250 ՀՀ դրամ, ծնողներինը՝ 500 ՀՀ դրամ:
Այցելեք և նվիրեք Ձեզ Ամանորյա հեքիաթ: