Հյուսիսային պողոտայի մենտալ կերպարը Երևան քաղաքի ամբողջական կերպարի համատեքստում

Y352

Սույն աշխատանքը նպատակ է հետապնդում ներկայացնել դեռևս 1924թ. Երևանի գլխավոր պլանում տեղ գտած մի նախագծի` Հյուսիսային պողոտայի գաղափարախոսական և գործնական ծնունդի մասին: Թեման արդիական է նրանով, որ Հյուսիսային պողոտան կառուցվել և կառուցվում է մեր օրերում և կառուցվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի հենց կենտրոնում: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հյուսիսային պողոտայի մենտալ կերպարը Երևան քաղաքի ամբողջական կերպարի համատեքստում, թե ինչ նշանակություն ունեցավ այս նորամուծությունը մարդկանց կյանքում, Երևանի մասին քաղաքացիների պատկերացումներում, և ինչ սոցիալական հետևանքներ ունեցավ:

Ներածություն

Համաշխարհային մայրաքաղաքների շարքում իր ուրույն կերպարով առաձնանում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ իր պատմամշակութային արժեքներով և ճարտարապետաշինարարական ինքնատիպ լուծումներով: Այդ կերպարն իրենից ներկայացնում է ամբողջական համակարգ՝ իր տարրերի ներդաշնակությամբ, որի զարգացման գործընթացում անխուսափելի են դառնում փոփոխություններն ու նորամուծությունները: Այդ նորամուծությունները ներկայացվում են հայեցակարգային ճարտարապերական լուծումների միջոցով, որոնց իրականացման արդյունքում փոփոխվում է քաղաքի ընդհանրական կերպարը, փոխվում են ընկալման հետ կապված շեշտադրումները:
Կարևորագույն խնդիրներից մեկն այս փոփոխությունների իրականացման ճանապարհին այն է, որ պահպանվի քաղաքացիներրի սերը իրենց քաղաքի հանդեպ, որ ժամանակի մեջ քաղաքը մոտենա վերջիններիս երազած քաղաքի իդեալական կերպարին: Մարդկանց սիրո դերն ու նշանակությունը իրենց քաղաքի հանդեպ դժվար է գերագնահատել, այն հիմք է հանդիսանում հայրենասիրության, ինքնության դրսևորման, առօրեական լավ տրամադրության, և ոչ միայն անհատների մակարդակով, այլ քաղաքի ողջ բնակչության համար, ինչն իր հերթին ստեղծում է դրական էներգետիկ դաշտ, որն ուժեղացնում է պատասխանատվությունը քաղաքի նկատմամբ համայնքներում և ընդհանրապես: Քաղաքային մշակույթը սնում, դաստիարակում և հղկում է մարդկանց: Որպես հետևանք՝ քաղաքի հանդեպ սերը նպաստում է նրան, որ փոփոխվում է քաղաքացու գիտակցությունը, որը արտահայտվում է նրա հոգատար վերաբերմունքով այն ամենի հանդեպ, ինչը տեղի է ունենում քաղաքում (քաղաքի մաքրության պահպանումը, կանաչապատումը, պայքարը բացասական երևույթների և դրանց դրսևորումների դեմ, օրինապաշտությունը և այլն): Քաղաքացու որպիսությունը մեծապես պայմանավորված է քաղաքային միջավայրի ազդեցությամբ: Այս առումով, կարևորվում է այն հարցը, թե ինչ էական /հայեցակարգային/ փոփոխություններ են իրականացվել Երևանում հետխորհրդային ժամանակաշրջանում և ինչպես են վերջիններս ընկալվել քաղաքի բնակչության կողմից:

Կառուցվող Հյուսիսային պողոտան

Վերջին տասնամյակում Երևանում նման նորամուծություն էր մայրաքաղաքի սրտում կառուցված մի ամբողջական պողոտա` Հյուսիսային պողոտան, որը, ի սկզբանե նախագծված լինելով Ա. Թամանյանի կողմից, ճարտարապետաշինարարական այլ լուծումներ ստացավ:

Կատարված սոցիոլոգիական հետազությունը, որի հիմքում ընկած է քաղաքի սոցիոլոգիայի վառ ներկայացուցիչներ Կ. Լինչի և Ի. Գրևսի մեթոդաբանական սկզբունքները, հնարավություն տվեց պարզելու երևանցիների մոտ Հյուսիսային պողոտայի իրական և իդեալական կերպարները, դրանց յուրահատուկ տարրերը, ինչպես նաև՝ Երևան քաղաքի և Հյուսիսային պողոտայի մենտալ կերպարի փոխազդեցության առանձնահատկությունները:

Հյուսիսային պողոտայի ստեղծման պատմությունը և իրական կերպարը

Դեռևս 1924թ-ի ապրիլի 3-ին Հայաստանի Ժողկոմխորհը հաստատում է ճարտարապետ Ալ. Թամանյանի առաջադրած Երևանի գլխավոր պլանը, որով քաղաքը բաժանվում էր մի շարք գոտիների` վարչական, մշակութային հաստատությունների, բուհական, թանգարանային, արդյունաբերական, բնակելի և հանգստի գոտու: Գոտիները կապված էին միմյանց հետ, ինչպես նաև ամենակարճ ճանապարհով կապվում էին վարչական կենտրոնի հետ, որը քաղաքի կենտրոնական տարածքն էր զբաղեցնում: Երևանի Գլխավոր հատակագծով նախատեսվում էր կենտրոնի կազմակերպումը երեք հրապարակների համակարգով (ներկայիս` Ազատության, Հանրապետության և Շահումյանի): Հրապարակների այս համակարգում գլխավոր դերը կատարում էր Լենինի (ներկայիս`Հանրապետության) հրապարակը, որը զետեղված էր հատակագծի հիմնական առանցքների հատման վայրում: Այն զբոսայգու և երկու փողոցների միջոցով կապվում էր Շահումյանի անվան հրապարակի հետ: Իսկ թատերական (Ազատության) հրապարակը Լենինի անվան հրապարակի հետ կապվում էր Հյուսիսային պողոտայով և կարևորագույն օղակ էր քաղաքի կենտրոնի և նրա հյուսիսային հատվածների միջև:

Երևանի վերամշակված հատակագիծը, 1932թ

Թամանյանը 1929թ-ին ստեղծեց Երևանի` տեղահանության և տեղագրական տվյալների հիման վրա մշակված հատակագիծը, իսկ 1932թ-ին ներկայացրեց դրա վերամշակված տարբերակը:
1934թ. մեծանուն ճարտարապետը սկսեց մշակել «Մեծ Երևան» նախագիծը, սակայն հասցրեց ստեղծել միայն էսքիզը: Բայց ակնառու է այն փաստը, որ բոլոր այդ նախագծերում առկա է վարչական և մշակութային կենտրոններն իրար կապող օղակը` Հյուսիսային պողոտան, որն այդպես էլ կյանքի չկոչվեց հետագա գրեթե 80 տարիներին: Դրա հիմնական պատճառը բացի կառուցման համար անհրաժեշտ հսկայական ֆինանսական ներդրումներից, Մշակույթի տան (Հայաստանի Պատմության պետական թանգարանի և Ազգային պատկերասրահի) առկայությունն էր: Բանն այն է, որ Թամանյանը նախատեսում էր պողոտան Կառավարական տան հետ կապելու ճանապարհին արգելք հանդիսացող Կուլտուրայի տունը ոչ թե քանդել, այլ տեղափոխել մի փոքր հյուսիս, որն էլ ոչ պակաս բարդ խնդիր էր:

2000թ-ին մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի կողմից  նորից առաջ քաշվեց Հյուսիսային պողոտայի և ճառագայթի կառուցման անհրաժեշտությունը: Իսկ 2002թ. մարտի 26-ին սկզբնավորվեց Հյուսիսային պողոտայի նոր տարբերակը՝  Նարեկ Սարգսյանի նախագիծը:

Վերջինի համաձայն` Հյուսիսային պողոտան բաղկացած է կոմերցիոն օբյեկտներից, գործարար կենտրոններից, բնակելի շենքերից, հյուրանոցային համալիրներից` երեք, չորս և հինգ աստղանի: Ամբողջությամբ Հյուսիսային պողոտան ընդգրկում է 320հզ. քմ տարածք, պողոտայի երկարությունը 450մ է, իսկ լայնությունը` 27մ, ունի 4 հրապարակ, շենքերի քանակը տասնմեկն է, միջին հարկայնությունը` ինը: Շենքերի կառուցման, հատկապես արտաքին հարդարանքի համար կիրառվել են բազալտ, գրանիտ, տրավերտին, տուֆի մի քանի տեսակներ:
Փաստաթղթերի վերլուծությունը ցույց տվեց, որ Հյուսիսային պողոտան իր ներկա պարամետրերով էականորեն տարբերվում է թամանյանական Երևանի հատակագծում առկա պողոտայից` շենքերի հարկայնությամբ, ճարտարապետական լուծումներով, գունային ներդաշնակությամբ, պողոտայի լայնությամբ, կանաչ գոտիների ծավալով և այլն:

Հյուսիսային պողոտայի մենտալ կերպարը

Անցկացված հետազոտության (իրականացվել է տարբեր տարիքային խմբերի շրջանականերում ֆոկուս-խմբայինհարցում) արդյունքների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ Հյուսիսային պողոտայի իրական կերպարը կառուցվեց ոչ թե թամանյանական Երևանի տրամաբանական զարգացման արդյունքումում, այլ այն ստացավ նոր լուծումներ, որոնք ո՛չ մոդեռն են, ո՛չ ազգային, իսկ այդ կերպարի հիմքի վրա ձևավորված մենտալ կերպարը   (անհատի կողմից արտաքին ֆիզիկական միջավայրի անմիջական  ընկալման մտային պատկերն է, որը հիմք է հանդիսանում կողմնորոշման համար) քաղաքացիների կողմից բնորոշվում է որպես «մեռած քաղաք», «փոքր քաղաքի մոդել», «գյուղական միջավայր», «սառցե բեկոր», «անպետք, թանկագին իր»: Վիզուալ տեսանկյունից, քաղաքացիների բնորոշմամբ, պողոտան ունի դրական գծեր, ինչպիսիք են գեղեցկությունը, նորությունը, մաքրությունը, բացասական են գնահատվել շենքերի բարձրությունը, կառուցվածքը, կանաչապատ տարածքների բացակայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Օպերայի շենքը թողնված է ստվերում, ճնշված է:

Քաղաքի մենտալ կերպարն ունի ոչ միայն տեսողական, այլև զգացմունքային, ձայնային, գունային հիմքեր: Հյուսիսային պողոտայում մարդիկ բացի ճնշվածության, միայնության, վախի, օտարվածության, անհասանելության զգացումներից ունեն նաև դրական զգացողություններ՝ գեղագիտական հաճույքը, նորարարության զգացումը:

Ինչ վերաբերում է նորարարություններին, ապա հետազոտության արդյունքները թույլ են տալիս փաստել, որ քաղաքացիները` անկախ տարիքային և սեռային պատկանելությունից, ընդհանուր առմամբ դրական են արձագանքում քաղաքում իրականացվող փոփոխություններին, սակայն այլ է մոտեցումը հատկապես Հյուսիսային պողոտայի նկատմամբ, քանի որ այն.

  • գտնվում է Երևանի «սրտում»,
  • իր մասշտաբներով ավելին է, քան մեկ կամ մի քանի շենքերը,
  • փորձ է արվել խառնելու հին ու նորը,
  • միաձուլվել են մի քանի գործառույթներ /բնակվելու, զբոսնելու, ժամանցի/:

Նոր ճարտարապետական լուծումները չեն համադրվում երևանյան ճարտարապետության հետ: Հյուսիսային պողոտան որպես նորարարություն տարբեր տարիքային խմբեր տարբեր կերպ են ընկալում. ինչքան երիտասարդ են /մինչև 35 տարեկան/, այնքան այն ավելի ընդունելի է, բարձր տարիքային խմբի ներկայացուցիչների ընկալումներում / 36 և ավելի/ առկա է հնի ու նորի բախումը: Այն արտահայտվում է նրանով, որ երիտասարդներն ու պատանիները նույնականացնում են իրենց Հյուսիսային պողոտայի հետ: Նրանք հին քաղաքի հետ նույնականացման խնդիր չեն ունեցել, իսկ հակառակը ակնհայտ արտահայտվում է մեծահասակների մոտ:

Ինչ վերաբերում է ձայնային կերպարին, ապա այն նույնացնվում է աղմուկի հետ, որն առաջացել է մարդկանց խոսակցությունների, շինարարական աշխատանքների, սրճարաններից լսվող երաժշտությունների և երաժշտական տարբեր գործիքների նվագի միախառնումից: Աղմուկն այստեղ պայմանավորված չէ ավտոմեքենաների ձայներով, այլ պարզապես փակված է մնում «Հյուսիսային պողոտայի փեթակի» մեջ, և շենքերի բարձրությունը չի թողնում, որ այն դուրս գա:
Հյուսիսային պողոտայի գունային գաման տարիքային տարբեր խմբերի մոտ տարբեր կերպարներ է ձևավորում: Եթե պատանիների մոտ նկատվում է Հյուսիսային պողոտան դիտել միայն որպես դեղինի, շագանակագույնի և նարնջագույն-դեղինի միասնություն, ապա երիտասարդների մոտ պողոտայի գույնն ունի միայն բացասական երանգավորումներ, իսկ միջին տարիքի ներկայացուցիչները նշում են պողոտայում տարբեր հատվածների գույների աններդաշնակությունը: Սակայն, ընդհանուր առմամբ, գունային կերպարն է, որ Հյուսիսային պողոտայի և Երևան քաղաքի կերպարների ներդաշնակության տեսանկյունից քաղաքացիների մոտ տարաձայնություններ չի առաջացնում: Նույնը չի կարելի ասել քաղաքի մենտալ կերպարի մյուս տարրերի դեպքում:

Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ բացասական վերաբերմունքի գերակայությունը դրականի նկատմամբ պայմանավորված է նաև պողոտայի բնակեցված չլինելու հանգամանքով և մատուցվող ծառայությունների անհասանելիությամբ, ինչը նպաստել է այնպիսի սոցիալական երևույթների, ինչպիսիք են օտարվածությունը ընդհանուր առմամբ տարածքի հանդեպ, որպես մեծահարուստների թաղամասի, թաքնված լարվածություն պողոտայի բնակիչների, իշխանությունների հանդեպ: Վերջիններս արտահայտվում են հակակրանքով, պիտակավորմամբ:

Հյուսիսային պողոտան քաղաքացիներն ընկալում են որպես փոքր քաղաքի մի մոդել, որտեղ միախառնվում են բնակելի շենքերն ու խանութները, հյուրանոցներն ու ժամանցի վայրերը` ստեղծելով «քաոսային մթնոլորտ»: Սակայն, լինելով, այսպես ասած, «ինքնուրույն միավոր», այն քաղաքացիների կարծիքով Երևան քաղաքում կատարեց երկու հանգույցներն իրար կապող ամենակարճ ուղու գործառույթը, այսինքն՝ պողոտայի մենտալ կերպարում արտահայտվեց վերջինիս իրական կերպարի արդյունավետության գործառույթը:

Իդեալական կերպար

Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացիների մոտ բացասական վերաբերմունքը պողոտայի հանդեպ հիմնականում դրսևորվում է հնի, քաղաքի ուրույն դեմքի չպահպանման և կանաչ տարածությունների բացակայության պատճառով: Պողոտայի իդեալական կերպարը (արտահայտում է դիտարկողի համար իրեն շրջապատող միջավայրի ցանկալի տեսքը:) քաղաքացիների պատկերացումներում զերծ է հենց այդ բացասական տարրերից. ցածրահարկ շենքեր, կանաչ տարածություն, թանգարանային համալիրներ կամ բիզնես կենտրոններ, բայց ոչ բնակելի վայր. «Հարկավոր չի կառուցել քաղաք քաղաքի մեջ»(Ֆոկուս-խմբերի ժամանակ հնչեցված կարծիք):

Ամփոփում

Այսպիսով, կարող ենք ասել, որ իրական և իդեալական կերպարների բախումից առաջացել է Հյուսիսային պողոտայի մենտալ կերպարը, որն ունի և՛ դրական, և՛ բացասական առանձնահատկություններ: Տարբեր տարիքային խմբերի մոտ վերաբերմունքի տարբեր դրսևորումներ արտահայտվեցին. ինչքան երիտասարդ, այնքան մենտալ կերպարն ավելի դրական կողմերով է արտահայտվում, սակայն միանշանակ չէ կերպարի տեողական, ձայնային և զգացմունքային կերպարների առումով: Միայն գունային կերպարն է, որ ներդաշնակ է ընդհանուր քաղաքի կերպարին, իսկ մնացած առումներով պողոտան դեռ ինտեգրվելու խնդիր ունի Երևանի ամբողջական կերպարում :

Օգտագործված գրականության ցանկ

1. «Ալեքսանդր Թամանյանի 120-ամյակի առթիվ» փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Երևան, 2000:
2. Вагин В. Социология города, М., 2000:
3. Гревс И.М. «Монументальный город и исторические экскурсии». Экскурсионное дело. Под. Ред. Проф. И. И. Полянского и акад. Шимкевича. Петроград.
4. Линч К. Образ города. М., 1982:

Մ. Սիմոնյան, Ա. Բաբայան, Հ. Դայան, Ն. Ավետիքյան
Գիտական ղեկավար՝ ս.գ.թ., դոցենտ Զ. Թոքմաջյան

Ի գիտություն ընթերցողների

«Երևան-3» գիտաժողովի զեկուցումների ժողովածուի տպագիր տարբերակի 144 էջի 14-րդ տողում սպրդել է տեխնիկական վրիպակ. նույն էջի նույն տողում «Ջիմ Թորոսյանի» փոխարեն կարդալ «Նարեկ Սարգսյանի»:

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us