Նվեր Երևանի պատմության թանգարանին

Երևան քաղաքի պատմության թանգարանը համալրվել է արևելյան մշակույթի հարուստ հավաքածուով, որը ներառում է նաև բացառիկ նմուշներ:
Հավաքածուն իրանահայ, ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանի նվերն է թանգարանին, որը հանձնել է նվիրատուի եղբայրը՝ Զավեն Ոսկանյանը:
Թանկարժեք հավաքածուն թանգարանին հանձնելուն ներկա է գտնվել և նմուշներին ծանոթացել  է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

17-ից 19-րդ դարերում գործածված կրոնական ծիսակատարությունների և կենցաղային առարկաներ՝ հմայիլների տուփիկներ, հուռութներ, ճրագամաններ, կնիքներ, կողպեքներ, ջրի ծորակներ, արդուզարդ, անգամ Դարեհի ժամանակաշրջանի՝ 2500-ամյա մետաղադրամներ. հավաքածուն բաղկացած է 2000 ցուցանմուշից, որոնք  նվիրատուն տարբեր տարիների գնել է Իրան, Հնդկաստան, Պակիստան և արևելյան այլ երկրներ կատարած շրջագայությունների ժամանակ:

Փորձագետների խորհրդատվությունն ու 2000 ցուցանմուշների համար պատմական անձնագրեր կազմելը մի քանի ամիս կպահանջեն: Հետևաբար, հավաքածուն թանգարանում առանձին ցուցադրության է պատրաստվելու տարեվերջին: Ցուցանմուշներին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Զավեն Ոսկանյանին է հանձնել Ռոստոմ Ոսկանյանին ուղղված Երևանի քաղաքապետի շնորհակալագիրը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ընթերցել արխիվային տարբերակը