«ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ. ԵՐԵՎԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ»

2025 թվականի մայիսի 17-ին Երևանի պատմության թանգարանում հանդիսավորությամբ բացվեց «ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ. ԵՐԵՎԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ» խորագրով ցուցահանդեսը։ Այն կազմակերպվել էր Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակում՝ այս տարվա «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» թեմայի ներքո։
Ցուցահանդեսը ներկայացումնում է երաժշտական գործիքների բազմաժանր և բազմաշերտ հավաքածու, որը լուսաբանում է ոչ միայն գործիքների պատմական և աշխարհագրական ծագումը, այլև դրանց սոցիալ-մշակութային նշանակությունն ու գործառույթը։ Ժամանակագրական ընդգրկումը՝ միջնադարից մինչև մեր օրերը, ընդգծում է գործիքագործության ավանդույթների շարունակականությունն ու երաժշտարվեստի ժառանգական փոխանցումը։
Ներկայացված են նաև երաժշտական կյանքը պատկերող լուսանկարներ, ազդագրեր, հայ կոմպոզիտորներին պատկանող ձեռագիր նոտագրություններ, ձայնասկավառակներ, նվագարկիչներ, ռադիոընդունիչ և այլն: Առանձնահատուկ տեղ է գրավում երաժիշտ, երգահան Արա Գևորգյանի անձնական հավաքածուն այդ թվում նաև Ջիվան Գասպարյանի դուդուկը մակագրությամբ: Թանգարանում առաջին անգամ ցուցադրվում է մեծ կոմպոզիտորի հեղինակած բաս քանոնը՝ աշխարհում միակը երաժշտական գործիքների մեջ:
Ցուցահանդեսը ներկայացնում է Երևանի երաժշտական կյանքը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը՝ ներառյալ ջազ և ռոք:
Երաժշտությունը, որպես քաղաքային ինքնության կրող, վերափոխվում է՝ զուգահեռ քաղաքին, դրա բնակիչներին, միջավայրին ու պատմական անցումներին։ Ցուցահանդեսըն իր նպատակը տեսնում է ազգային գործիքների ձայնը վերստին լսելի դարձնելու մեջ՝ որպես դարերի խորքում ծնված, սերունդների միջով անցած և այսօր էլ մեր ինքնության մի մասը կազմող հնչյունային ժառանգություն:
Բացման հանդիսավոր միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Ալ. Սպենդիարյանի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցների սաները՝ լրացնելով ցուցադրությունը կենդանի հնչողությամբ։
Ցուցահանդեսը բաց է մինչև 2025 թվականի հուլիսի 17-ը։
Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանների գիշերվա շրջանակում Երևանի պատմության թանգարանը հյուրընկալել է 3914 այցելու։