Բացվեց «Հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից» ցուցադրությունը
Երևանի պատմության թանգարանում բացվել է նոր ցուցադրություն՝ «Հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից» խորագրով։ Ցուցադրությունը նվիրված է Երևանի հիմնադրման 2807-ամյակին և ներկայացնում է խորհրդային շրջանի երևանյան կենցաղը, մշակույթը և արդյունաբերական ժառանգությունը։
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, մշակույթի ոլորտի գործիչներ, թանգարանների տնօրեններ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր։ Ցուցադրության նպատակն է հրավիրել այցելուներին վերապրելու խորհրդային Երևանի մթնոլորտը՝ կենցաղային առարկաների, կահույքի, ինտերիերի տարրերի և արդյունաբերական արտադրանքի միջոցով։ Այն ոչ միայն նոստալգիկ հայացք է դեպի անցյալը, այլև հնարավորություն՝ հասկանալու, թե ինչպես է ձևավորվել Երևանի կերպարը և պահպանվել երևանցու ինքնության շարունակականությունը։
Բացման խոսքում Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը նշել է․ «Այս ցուցադրությամբ մենք ցանկանում ենք, որ այցելուները վերագտնեն իրենց անձնական հիշողությունները և նորովի գնահատեն Երևանի խորհրդային շրջանի մշակութային ժառանգությունը»։
Միջոցառման ընթացքում հնչեցին նաև շնորհակալական խոսքեր բոլոր նրանց հասցեին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ցուցադրության իրականացման գործում։ Հատուկ շնորհակալություն հայտնվեց Երևանի շամպայն գինիների գործարանին և «Ինֆինիտի Մոմենտս» ընկերությանը՝ աջակցության և համագործակցության համար։
Ցուցադրությունը բաց է այցելուների համար և առաջարկում է յուրօրինակ ճանապարհորդություն դեպի Երևանի խորհրդային անցյալը՝ հիշողությունների, ընտանեկան ջերմության և ստեղծագործ կյանքի միջով։






