Հովհաննես Թումանյանը Երևանում

Հովհ. Թումանյանի առաջին այցը Երևան 1895 թ. նոյեմբերի վերջերին էր: Նա երկու-երեք օր անցկացրեց քաղաքում: Այս օրերի մասին տիկնոջը պիտի գրեր. «Դիլիջանում սաստիկ տաքություն տվեցի և հիվանդացա: Զանազան միջոցներ ձեռք առա, և այնպես հիվանդ-հիվանդ հասա Երևան: Երևանում «Франция»(1) հյուրանոցում էի, մյուս օրը գնացի թեմական դպրոցը(2), ինչպես ամեն տեղ, այստեղ էլ թե տեսուչը, թե ուսուցիչները շատ սիրով ընդունեցին, ներկա եղա դասերին, նախաճաշեցինք միասին և եկա Էջմիածին: – Ապա կես կատակ, կես լուրջ շարունակում է` Բրյուկս ճանապարհին կորցրել եմ, նոր բրյուկ եմ առել Երևան»(3):

Այդ օրերին Երևանի թեմական դպրոցի տեսուչը Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժինն ավարտած, երեսնամյա Տիգրան Հովհաննիսյանն էր, որին հետագայում Թումանյանը պիտի հանդիպեր կրկին Երևանում` արդեն 1921 թվականին` որպես ՀՕԿ-ի հիմնադիր ժողովի մասնակցի:

Հաջորդ` 1904 թ.-ի գարնանը կայացած այցելությունը ևս կարճ էր` ապրիլի վերջին օրերից մայիսի 2-ը: Բայց մի քանի օրերի տպավորությունը շատ պայծառ է եղել, ինչի մասին կրկին տեղեկանում ենք ընտանիքին գրած նամակներում: «Շատ գեղեցիկ է տեսարանը և Երևանի առաջնորդարանի պատշգամբից: Ես շարունակ այնտեղից հիանում էի ու մտորում: Հենց հասա Երևան, իջա, թե չէ, պատշգամբում նստեցինք – աշուղն էլ մեր ետևից մտավ: Ես չեմ մոռանալ այդ րոպեն: Ոտներիս տակ, ներքև պղտոր, մռնչալով, ոլորապտույտ անցնում է պատմական Հրազդանը (Աբովյանի սիրած Զանգին)… Նայում եմ Արարատյան դաշտին, մտքովս անց են կենում մեր պատմության փառավոր շրջանները, կենդանանում են հոյակապ հերոսները, որ ապրել ու թաղվել են այդ դաշտում… դեմ ու դեմս ամպերից էլ բարձր փայլատակում է Մասիսը… միշտ սիրուն, միշտ խորհրդավոր…»(4): Հոգևոր առաջնորդարանը գտնվում էր ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ, որտեղ Թումանյանին հյուրընկալում է Գարեգին վարդապետ Հովսեփյանը` Երևանի թեմական հոգևոր դպրոցի վերատեսուչը (հետագայում` Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո):

Թումանյանին ողջ օրը կառքով ման են տալիս Երևանի տարբեր հատվածներով` ցույց տալով քաղաքի նշանավոր հիշատակարաններն ու հնությունները` Երևանի բերդի ավերակները, նրա տարածքում գտնվող Սարդարի պալատը (այսօր դրանցից ոչինչ չի պահպանվել), երևանյան հին Կարմիր կամուրջը. «Տեսա Սարդարի պալատը, մի սքանչելի հնություն, որ արդեն կորչելու, քանդվելու վրա է։ Ռուսները չեն պահում։ Տեսա հարեմը, այսինքն հարեմի փլատակ, փոքրիկ, կամարակապ սենյակները, ուր այնքան գեղեցկուհիներ հառաչել են ու անիծել, տանջվել են ու թաղվել այդ լայնարձակ դժոխքում, որ իր մութ ու տարտարոսական շինություններով ահագին տարածություն է եղել բռնած»(5)։ Այնուհետև նա շրջում է Ղանթարի շուկայում` «օրիգինալ մի բան» տանեցիների համար գտնելու և գնելու: Սակայն ոչինչ չի հավանում, մի խանութ են ցույց տալիս, որտեղ արևելյան նուրբ և լավ կտորներ էին վաճառում, այն էլ փակ է լինում: Եվ այս ընթացքում փողոցում հանդիպող երևանցիները զանազան երեկույթների, ճաշի էին հրավիրում: Թումանյանն այդ օրերին մասնակցում է նաև մի եկեղեցու հիմնարկեքի արարողության: Ըստ Սամվել Շահմուրադյանի ուսումնասիրության` խոսքը ներկայիս Ամիրյան փողոցի վրա կարճ կյանք ունեցած ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մա-սին է:

1907-ի ամռանը ռուս գրող, ֆոլկլորիստ Վլ. Բոգորազ–Տանի հետ դուրս եկան ճամփորդության` Երևան-Էջմիածին-Հաղպատ-Սանահին երթուղով: Որպես տարանցիկ ճանապարհ` Երևանով Թումանյանն անցավ նաև 1914 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում` հայ-թուրքական ռազմաճակատ մեկնելու: Ապա Թումանյանին Երևան բերեցին 1915 թ.-ի դեպքերը: Էջմիածնում չորս ամիս ղեկավարելով գաղթական ժողովրդի փրկության գործը` օգոստոսի վերջերին «հայրիկը մի քանի օրով եկավ Երևան, ես էլ հետն էի,- գրում է դուստրը` Նվարդ Թումանյանը: – Իջանք Առաջնորդարանում, Խորեն եպ. Մուրադբեկյանի մոտ: Երևանում դրությունն ավելի լավ էր, կարելի էր շնչել: Վատը նա էր, որ արգելել էին գաղթականներին Էջմիածնից դուրս հանել, փոխադրել այլ վայրեր, իսկ հիվանդությունները սաստկանում էին, տարածվում, եղանակները ցրտում: Որբերի մի մասին միայն փոխադրեցին Երևան»(6):

Թումանյանի հաջորդ այցը Երևան 1921 թ. մարտ ամսին էր, դաշնակցականների հակասովետական խռովության օրերին` ծայր աստիճան լարված օրեր: Նրա մուտքը լռության ու թմրության մեջ սուզված երևանյան կյանք` անսպասելի էր բոլորի համար: Այդ տպավորությունն ու անակնկալի աստիճանը զգում ենք Ստեփան Զորյանի` այդ օրերի մասին հուշերում` «Աբովյանի(7) վերևից, բոժոժների զնգզնգոցով քաղաքամեջ է մտնում մի սահնակ: Սահնակ, այն էլ բոժոժներով… Դա արտակարգ բան էր արդեն: Իսկ սահնակի մեջ նստած են մի զինվորական և տաք մուշտակով փաթաթված մի մարդ: Մուշտակի վեր քաշած օձիքի միջից և մեծ, բրդոտ փափախի տակից երևում է ծանոթ մի պրոֆիլ` փոքրիկ սպիտակ մորուքով: Թումանյա՞նը»(8),- զարմացած բղավում է հուշագիրը: Թումանյանի` Դիլիջանի լեռնանցքով ու ցուրտ Սևանով Երևան հասնելու լուրը տարածվեց ողջ քաղաքով: Բայց և անորոշ շշուկներ էին ամենուրեք: Փրկության կոմիտեի ներկայացուցիչները ենթադրում էին, թե վրաց մենշևիկների կողմից է ուղարկվել Երևան: Եվ այդ անցուդարձի հանգամանքները հիմնավորապես և հանգամանալից ներ-կայացնելու համար էր, որ հետագայում Թումանյանը գրեց իր «Իմ Երևան գալու առիթով»(9): Եթե հակիրճ ներկայացնենք, ապա Թումանյանը ի սկզբանե խորա-պես գիտակցելով թե ինչ արհավիրք էր սպառնում հայ ժողովրդին և որքան թանկ կարող էր նստել իշխանափոխությունը հասարակ գյուղացիության վրա` շտապել էր կանխելու նոր արյունահեղությունը և նոր զոհերի վտանգը: Բայց ոչ որպես որևէ իշխանության կողմից ուղարկված մարդ, այլ որպես սեփական ժողովրդի բախտով մտահոգ մտավորական, որին չնայած կասկածով, բայց և հարգանքով էին վերաբերվում թե՛ դաշնակցականները, և թե՛ բոլշևիկները:

Բանաստեղծ հայրենասերի տառապող սիրտն ու քաղաքացու ազնիվ միտքը միշտ էլ ուղեկցել են Թումանյանին այնտեղ, ուր առավել հրատապ է եղել ժողովրդին ծառայելու կարիքը, ուր պատմական իրադարձությունների կիզակետն էր: Հիշենք 1905-06 թթ. հայ-թաթարական ընդհարումները, առաջին աշխարհամարտի տարիներին ռուս-թուրքական ռազմաճակատ մեկնելը, 1915-ի վաղ գարնանը մինչև Վան հասնելն ու ապա Էջմիածնում որբախնամ ծանր գործի կազմակերպումը: 1918-ին թուրքական արշավանքների ժամանակ նա Ղարաքիլիսայում էր, իսկ այդ օրերին՝ աղետված Երևանում: Քաղաքացիական պատերազմի ռազմաճակատի գծով (Սևան-Հրազդան-Երևան) «մի ֆրոնտից մյուսն անց կենալիս» Թումանյանը քիչ մնաց գնդակի զոհ դառնար, որ արձակում էին Կարո Սասունու մարդիկ:

Հետագայում այս ամոթալի բանը զավեշտական երանգով մատուցվեց` իբրև «առաջապահ գյուղացի մարտիկների» մեղքը:

Երևան ժամանելուն պես Թումանյանին ուղեկցում են Փրկության կոմիտե: Վրացյանը Ղամարլուի ռազմաճակատում էր, ուստի կարգադրության համաձայն, Թումանյանին պիտի պահեին հսկողության տակ: Բանաստեղծի երևանաբնակ դստեր` Աշխենի երկարատև խնդրանքներից հետո թույլ է տրվում նրա բնակարան գնալու: Մեկ ամիս` մարտի 20-ից մինչև ապրիլի 19-ը այդ բնակարանում` Աստաֆյան 1/1 հասցեում(10) Թումանյանը ենթարկվեց տնային բանտարկության: Առաջին օրերին նա տակավին ազատ` գործերից զատ կարող էր զբոսնել քաղաքում, հան-դիպել ծանոթներին, բայց շուտով տան մուտքի մոտ տեսնում են ժամապահների: Այս ամենի մասին տարիներ անց Ս. Վրացյանը պիտի գրեր. «Թումանյանի երևումը Երևանում կարող էր պատճառ դառնալ, որ ժողովուրդը իմանար Վրաստանի անկման մասին, որ, իհարկե, վատ պիտի ազդեր ժողովրդի տրամադրության վրա: Իրերի տրամաբանությունը թելադրում էր, որ Թումանյանը մեկուսացվեր և դրսի հետ հարաբերություն չունենար… Կային առաջարկողներ, որ Թումանյանը բանտարկվի և պահվի իբրև պատերազմական գերի, բայց ինչպե՞ս բանտարկել Ամենայն Հայոց Բանաստեղծին, ի՞նչ կասեր հանրային կարծիքը»(11): Ապրիլի երկուսին Կարմիր բանակը գրավում է Երևանը: Աշխեն Թումանյանը հիշում է. «Երբ ապրիլի երկուսին Քանաքեռից լսվեցին կրակոցներ, հայրիկը ելավ տեղից, այդ օրերին վատառողջ էր: Կոկիկ հագնվեց, նույնիսկ փողկապ կապեց և կարծես միանգամից վերափոխվեց»(12): Երևանում նա շարունակում է իր գործունեությունը: Նա ընտանիքին գրում է. «Էսօր ժողով կար, թե ինչ անենք Զանգեզուր փախածներին ետ բերելու: Արդեն էստեղ դուրս է եկել ներման դեկրետը»(13): Նույն օրերին նա դիմում է Հայաստանի հեղկոմին և խնդրում պետական հոգածության տակ առնել արևմտահայ գաղթականներին: Նա Երևանում մնաց մինչև ապրիլի 19-ը և Օրջոնիկիձեի տրամադրած ավտոմեքենայով, իսկ Ղարաքիլիսայից` գնացքով վերադարձավ Թիֆլիս: Հետագայում այս օրերի մասին պիտի գրեր. «Անշուշտ, ավելի լավ էր լինելու, եթե իմ միսիան հաջողեր, բայց մեջտեղը հավատ չկար… և շատ զուր: Բայց այսուամենայնիվ լավ արի, որ եկա, երբ ամեն բան իմանաք, կտեսնեք, որ շատ լավ արի, որ եկա: Շատ կյանքեր են ազատվել, և մարդ զարմանում է, երբ տեսնում է, թե ինչ տեսակ դրություններ կարող են լինել – երբ մարդկանց ինչպես կորուստը, էնպես էլ փրկությունը էնքան հեշտ է լինում»(14):

Թումանյանի հաջորդ այցը Երևան 1921 թ. սեպտեմբերին էր: Հայաստանի օգնության կոմիտեի կազմակերպումը նախապատրաստելու համար դեռ մեկ ամիս առաջ Թիֆլիսում էր եղել Հայաստանի երկրագործության ժողովրդական կոմիսար Արամայիս Երզնկյանը, ում առաջին հանդիպումը Թումանյանի հետ էր: Հայաստանին անհապաղ պետք էր դեղորայք ու հագուստ, վառելանյութ, գութաններ ու բահեր, թուղթ ու մատիտ, դրամ, հաց: Բանակցություններից կարճ ժամանակ անց թիֆլիսաբնակ հայ մտավորականների ընտրանին՝ Լեոն, Դերենիկ Դեմիրճյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Սարգիս Խանոյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Լևոն Թումանյանը Թումանյանի գլխավորությամբ գնացքով մեկնում են Երևան: Տեղում նրանց են միանում երեք տասնյակից ավելի այլ հայ մտավորականներ` ստեղծելով անկուսակցական մի կազմակերպություն` Հայաստանի օգնության կո-միտեն, որի անունից հաջորդ օրերին Թումանյանը հնչեցրեց իր հայտնի Կոչը` համայն հայության, աշխարհի բոլոր ծայրերում գտնվող, երկրի ընդհանուր շինարարության գործին օժանդակելու համար:

ՀՕԿ-ի հիմնադիր ժողովի` սեպտեմբերի 13-ից 20-ը տևած նիստերը տեղի են ունենում Լենինի փողոցի(15) համար 32 տանը: Այդ օրերին Թիֆլիսից եկած պատվիրակությանը իբրև կացարան հատկացվել էր Աֆրիկյանների նախկին տունը(16): Երեկոները պատշգամբում հավաքված պատգամավորները մինչև ուշ գիշեր զրուցում և վիճում էին: Հետագա օրերին ժողովը շարունակվում է Ժողովրդական կոմիսարների խորհրդի շենքում, (Լենինի 37 հասցեում)(17), երբ կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը ստորագրում է հատուկ դեկրետ` պետականորեն հաստատելով ՀՕԿ-ի ստեղծումը` նախագահ ընտրելով Հովհաննես Թումանյանին: Բանաստեղծը սկզբում կտրականապես մերժում է, հրաժարվում և խնդրում իրեն ազատ թողնել` գրականությամբ զբաղվելու համար: Սակայն մի դեպք փոխում է բանաստեղծի որոշումը: Այդ մասին գրում է Լեոն. «Մյուս օրն առավոտյան ես և նա ոտով գնում էինք քաղաք: Երբ հասանք շուկայի ծայրը, մի պատի տակ տեսանք մի մարդ անշարժ տարածված: Այն ժամանակ դեռ սով կար Հայաստանում, և փողոցում ընկած սովամահ մարդիկ հազվագյուտ երևույթ չէին:

Մոտեցանք ցնցոտիների կույտին: -Մեռած է,- շշնջաց Հովհաննեսը»(18): Հաջորդ ժողովին Թումանյանը տալիս է իր համաձայնությունը` ստանձնելու փողոցում սովամահ եղող իր ժողովրդին փրկելու ծանր առաքելությունը:

Թումանյանը շուրջ տասը օր ևս մնում է Երևանում` հանդիպումներ ունենալով Մյասնիկյանի հետ: Ապա Երևանի կայարանից գնացքով մեկնում է Թիֆլիս:

Սա Թումանյանի վերջին այցն էր Երևան: Սակայն Երևանը նրա սրտում էր. «Ես ավելի շուտ մեր տունը կգնամ, մեր տունը էնքա~ն եմ կարոտել… չգիտեմ ին-չու Երևա՛նն ուզեց սիրտս – մե՛ր երկիրը»(19),- պիտի շշնջար բանաստեղծը կյանքի վերջին օրերին հեռավոր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում պառկած:

ԱՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հովհ. Թումանյանի թանգարան

«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու

* * *

1. «Ֆրանսիա» հյուրանոցը գտնվել է Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցի վրա: Շենքը չի
պահպանվել:
2. Երևանի թեմական դպրոցը եղել է Ս. Սարգիս եկեղեցու բակում: Շենքը չի պահպանվել:
3. Թումանյան Հովհ., ԵԼԺ, հ. 9, Եր., 1997, էջ 164:
4. Թումանյան Հովհ., ԵԼԺ հ. 9, էջ 430:
5. Նույն տեղում:
6. Թումանյան Նվ., Հուշեր և զրույցներ, Եր., 1987, էջ 128:
7. Մայրաքաղաքի առաջին փողոցն է։ Այն բացվեց 1863թ.։ Այդ ժամանակ կոչվել է Աստաֆյան՝ Երևանի նահանգապետի, գեներալ-մայոր Աստաֆևի պատվին։ 1921թ.-ին փողոցը կոչեցին Խաչատուր Աբովյանի անունով ու մինչև այժմ փողոցն այդ անունն է կրում։
8. Թումանյանը ժամանակակիցների հուշերում, Եր, 1969, էջ 126 :
9. Տե՛ս Թումանյան Հովհ., ԵԼԺ հ. 7, Եր., 1995, էջ 509:
10. Գեղեցիկ, երկհարկանի շենքը, որ այսօր էլ կանգուն է, կառուցվել է 1914 թ., եղել է բժիշկ Արամ Տեր-Ավետիքյանի սեփականությունը: Թումանյանի դստեր` Աշխենի երերք սենյականոց բնակարանը այս շենքի երկրորդ հարկում է եղել` մետաղյա ճաղերով պատշգամբով, որ բացվում է դեպի Աբովյան փողոց:
11. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993, էջ 574:
12. Թումանյանը ժամանակակիցների հուշերում, Եր., 1969, էջ 633:
13. Թումանյան Հովհ., ԵԼԺ հ. 10, Եր., 1999, էջ 311:
14. Նույն տեղում, էջ 380:
15. Փողոցը 1856թ. կոչվել է Գուբերնսկայա, 1921թ. Լենինի փողոց, 1950թ. Ալավերդյան փողոց, 1990թ. մինչև օրս Հանրապետություն փողոց:
16. Տունը գտնվում էր Հաղթանակ կամուրջից դեպի Էջմիածին գնացող ճանապարհի վրա` այժմյան Կիլիկիա ավտոկայանի մոտակայքում, որտեղ ավելի վաղ եղել է Սարդարի այգին:
17. Այստեղ գործել են` հեղափոխությունից առաջ` Երևանի նահանգի վարչությունը, 1918-20 թթ. Հայաստանի առաջին հանրապետության կառավարություն, սովետական կարգերը հաստատվելուց հետո` Հայաստանի հեղկոմ, ապա` Հայրենիքի փրկության կոմիտեն և վերջապես 1921 թ. կեսերից` Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը:
18. Տե΄ս Թումանյանը ժամանակակիցների հուշերում, էջ 104:
19. Տե΄ս Թումանյան Նվ., Հուշեր և զրույցներ, էջ 309: