Ժողովրդագրական իրավիճակը Երևանում XIX դարի առաջին քառորդին

Պայմանավորված տարածաշրջանում ռազմաքաղական իրավիճակի հարատև փոփոխություններով (մասնավորապես՝ 1804-1813 թթ. ռուս-պարսկական, 1806-1812 թթ. ռուս-թուրքական և 1821-1823 թթ. թուրք-պարսկական պատերազմներ), Արևելյան Հայաստանում և նրա կենտրոն Երևանում տեղի ունեցան ժողովրդագրական որոշակի տեղաշարժեր: Ելնելով այդ հանգամանքից՝ բնակչության թվաքանակի, ազգային կազմի հիմնահարցն անհրաժեշտ է քննարկել՝ նկատի առնելով վերոհիշյալ իրադարձություններից յուրաքանչյուրի ընթացքում և պատճառով տվյալ ժամանակի մեջ տեղի ունեցած էթնիկ տեղաշարժերը:

Օրինակ՝ ժողովրդագրական մի իրավիճակ էր XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին և միանգամայն այլ վիճակ ստեղծվեց սկսված պատերազմների պատճառով: Նոր իրավիճակներ առաջացան ինչպես 1813 թ. ռուս-պարսկական հաշտության կնքումից հետո, այնպես էլ 1820-ական թվականներին, երբ Արևմտյան Հայաստան ներխուժած պարսկական զորքերը սահմանամերձ գավառների հայ բնակիչներից շատերին բռնագաղթեցրին Երևանի խանության տարածք:

Նախորդ դարերում խանության տարածքից զգալի թվով հայերի բռնագաղթեցրել էին զանազան երկրներ ու գավառներ։ Հայտնի է, որ Քարթլիի թագավոր Հերակլ II-ը Երևանից ու Արարատյան դաշտից զգալի թվով հայ արհեստավորների ու գյուղացիների էր գաղթեցրել Վրաստան: Զուգահեռաբար թյուրքական ու քրդական ծագում ունեցող ցեղեր էին ներթափանցել ինչպես Երևանի խանության, այնպես էլ Արևելյան Հայաստանի այլ տարածքներ, այդուհանդերձ, հայությունը շարունակում էր մնալ բնակչության ճնշող մեծամասնությունը:
Բանն այն է, որ պարսկական իշխանությունները, խիստ կարևորելով Երևանի խանության ռազմավարական նշանակությունը, անմիջապես լուրջ քայլեր էին ձեռնարկում անմարդաբնակ դարձած վայրերը այլ տեղերից բերված բնակչությամբ, առաջին հերթին՝ աշխատասեր հայերով վերաբնակեցնելու համար:

Հատկանշական է, որ այդ նպատակով պարսից շահը նույնիսկ ընդառաջ էր գնացել հայոց կաթողիկոսների հորդորներին և դեռ 1748 թ. հատուկ օրենք ընդունել, որով պաշտոնյաներին արգելվում էր կրոնական հալածանքների ենթարկել հայերին, իսկ իսլամ ընդունած քրիստոնյաները զրկվելու էին իրենց ժառանգական իրավունքներից: Դիտարկումները ցույց են տալիս, որ այս օրենքը զգալիորեն կասեցրել է բռնի մահմեդականացման գործընթացը և խթանել հայության նորանոր խմբերի շարժը դեպի Երևան ու նրա շրջակայք (1):

Երևանի հայության թվաքանակի աճի մյուս պատճառը նույնպես քաղաքական էր: XVIII դ. վերջին դեպի Ղարաբաղ Աղա Մամադ խանի կատարած ավերիչ արշավանքների ժամանակ Երևան բերդաքաղաքը, համեմատաբար ավելի ապահով տարածք լինելով, ապաստան էր տվել բազմաթիվ հայ գաղթականների, և դրանով իսկ հայերի թիվ¬ն այնտեղ կրկին աճել էր: Դրանց մեջ զգալի էին հատկապես Արցախից Երևան հանգրվանածները: «Մեք ի ստորև Ղարաբաղու և Խամսայու հայքս,- Քարթլիի Գեորգի XII թագավորին հայտնում էին Արցախի մելիքներն ու տանուտերները,- պատճառէ գալստեան աղա մահմատ խանին, տարամերժեալք ի հայրենեաց մերոց եկաք ի յԵրևան» (2):

Արդեն 1800 թ. սեպտեմբերին Արցախի մելիքներից Ջիմշիդ Շահնազարյանցը խնդրում էր Վրաստանում տեղակայված ռուսական ռազմական իշխանություններին Երևանում ապաստանած իր հպատակներին վերադարձնել իրենց նախկին տերերին: «…յԵրևան եղեալ մեր Ղարաբաղու ռայաթ, -կարդում ենք Թիֆլիսում նստող ռուս պաշտոնյա Պյոտր Կովալենսկուն մելիք Ջիմշիդի հասցեագրած մի գրության մեջ,- մինչ գդճ (300-400 – Ա.Մ.) տուն փախուստ առեալ ի պարսից…: Որոյ յաղագաւ խնդրեմք հրամայես ամէն մելիք իւրեան ռայաթին և երկրացւոյն տիրեսցէ…» (3):

Բայց քանի որ Ռուսական կայսրությունը նպատակ էր դրել առաջիկայում գրավել ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Երևանի խանության տարածքները, անհրաժեշտ ջանքեր չգործադրեց հայ գաղթականներին իրենց նախկին տերերին վերադարձնելու ուղղությամբ:

Հետևապես նրանց զգալի մասը մնաց բնակության նոր վայրերում, այդ թվում՝ Երևանում և Փամբակում(4):
Դարասկզբին Երևանում հայ բնակչության թվաքանակի աճի վկայությունն է Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերից Ղուկաս Ինճիճյանի մի հաղորդումը, որի համաձայն այդ ժամանակ քաղաքն ուներ 2000 տուն բնակիչ (5): Քանի որ տվյալ ժամանակաշրջանում Հայաստանի քաղաքներում ապրող ընտանիքների անդամների միջին թվաքանակը կազմում էր 6 մարդ (6), նշանակում է Երևանում հաշվվում էր շուրջ 12 հազար մարդ:

Բայց այդ դրական գործընթացը երկար չտևեց, և շուտով սկսվեց հակառակ երևույթը: 1804 թ. սկսված ռուս-պարսկական պատերազմը պատճառ դարձավ բնակչության արմատական տեղաշարժերի համար. Երևանում և նրա նահանգում հայության թիվը շեշտակի նվազեց: Պատերազմող կողմերից յուրաքանչյուրը փորձում էր հակառակորդի կողմից զբաղեցրած տարածքներից իր հսկողության տակ գտնվող շրջաններ բնակեցնել տեղի հայությանը: Որպես կանոն, պարսիկները քայլեր կատարեցին Երևանի խանությունից հայերին Պարսկաստանի խորքերը, իսկ ռուսները՝ Վրաստան բռնագաղթեցնելու համար: Երկուստեք սկսեցին իրականացնել հայերի իսկական որս: Այդ ամենի հետևանքով հայ բնակչությունը հայտնվեց մշտական տեղաշարժերի մեջ, ունեցավ մարդկային կորուստներ կամ հայտնվեց բնակության միանգամայն նոր վայրերում:

1803 թ.՝ դեռ ռազմական գործողությունների սկսվելուց առաջ, պարսկական իշխանությունները, վերահաս պատերազմի ժամանակ ռուսներին հայերի հնարավոր աջակցությունից զրկելու նպատակով, նախապատրաստական քայլեր կատարեցին դեպի Պարսկաստան բռնագաղթ կատարելու ուղղությամբ: Դրանք այնքան ակնհայտ էին, որ տեղի հայերի անունից ապրիլի 12-ին Երևանի մելիք Աբրահամն ու հարյուրապետ Գաբրիել Գեղամյանը Թիֆլիսում գտնվող և ռուսական ռազմական իշխանությունների շրջանում որոշակի կշիռ ունեցող մելիք Ջումշուդին խնդրում էին հաշտեցնել ռուսներին և պարսիկներին՝ դրանով իսկ իրենց բռնագաղթը Պարսկաստան կանխելու համար: «Ապա թէ ոյչ,-գրում էին նրանք,- պարսից զօրքն աստէ ժօղօւելոյց և քըրիստօնէից ազգն բոյլոյրն փըչանալոյց է ոյրըն գերի է անվանելոյց և ոյրն պարսիկս են քշելոյց…» (7):

Ստանալով դեպի Երևան ռուսական զորքերի շարժվելու լուրը՝ մայիսի վերջին պարսկական իշխանություններն անցնում են գործնական քայլերի՝ ստիպելով քաղաքի գրեթե ողջ բնակչությանն արտագաղթելու: Սակայն, ինչպես պարզվում է աղբյուրների վերլուծությունից, օգտվելով առիթից, որ ռուսական հարձակման պատճառով Մամադ խանի զորքերը հսկողությունից դուրս են թողել խանության գրեթե ողջ տարածքը և գերազանցապես զբաղված են Երևանի բերդը պաշտպանելու խնդրով, տարհանված երևանցիների մեծ մասը՝ շուրջ երկու հազար ընտանիք, չենթարկվելով դեպի Պարսկաստան գաղթելու պարսիկների հրահանգներին, կարողանում է փախուստի դիմել: Նրանց մի մասն անգամ անցնում է թուրք-պարսկական սահմանը, ապաստան գտնում Կարսի նահանգի տարածքում (8):

Կարելի է ենթադրել, որ թուրքական իշխանությունները ոչ միայն չեն խոչընդոտել վերջիններիս գործողություններին, այլև նպաստել են նրանց փախուստին՝ նպատակ ունենալով շենացնել իրենց տարածքներն աշխատասեր բնակչությամբ:

Ռուսական ռազմական իշխանությունները չեն հապաղում առիթն օգտագործելու և փախստական երևանցիներին 1801 թ. Ռուսաստանին անցած տարածքներ՝ կիսաամայի դարձած թե՜ Լոռի ու Փամբակ, թե՜Վրաստան վերաբնակեցնելու համար: Պ. Ցիցիանովի հանձնարարությամբ 1804 թ. հունիսի սկզբին Թիֆլիսից փախստականների մոտ ժամանած Հովհաննես եպիսկոպոսը փորձում է համոզել նրանց տեղափոխվելու ռուսապատկան տարածքներ՝ հավաստիացնելով, որ Երևանի գրավումից հետո ռուսական իշխանությունները երաշխավորում են նրանց վերադարձն իրենց քաղաք (9):

Մեծ խոստումների շնորհիվ ռուսներին հաջողվում է համոզել շուրջ երկու հազար երևանցի փախստականների մեծ մասին` փոխադրվելու Լոռի ու Վրաստան (10): Նրանց թվում էին նաև Երևանի հայ համայնքի ղեկավար մելիք Աղամալյանների և Կըրխբուլաղ մահալի կառավարիչ Գեղամյանների տոհմերի ներկայացուցիչներ, որոնք Վրաստանում ստացան ռուսական ազնվականական տիտղոսներ:

1804 թ. դեկտեմբերին Պ. Ցիցիանովի գրած մի զեկուցագրից երևում է, որ «Երևանի խանը հովանավորում է (հայ-Ա.Մ..) փախստականներին, քանի որ մենք (ռուսները) բռնագրավել ենք նրա 900 ընտանիքներին» (11): Նշանակում է երկու հազարից դեպի ռուսահպատակ տարածքներ անցածների թիվ¬ն այդ օրերին 900 ընտանիք էր, իսկ մնացածները կամ շարունակել էին մնալ Կարսի նահանգում, կամ հանգրվանել էին այլ տարածքներում: Ի դեպ, վերջիններիս մի մասը ռու-սական աջակցությամբ ավելի ուշ նույնպես անցավ Վրաստան, այդ թվում՝ Թիֆլիս, և Կուր գետի ձախափնյակում համալրեց հայկական Հավլաբար թաղամասի բնակչության շարքերը: 84 ընտանիք էլ հաստատվեց Գանձակում և հարակից շրջակայքում՝ զբաղեցնելով Պարսկաստան գաղթած թաթարների տեղերը (12): Այսպիսով, 1804 թ. մայիս-հունիսին Երևանը լքած հայ, մասամբ նաև՝ մահմեդական բնակիչների զգալի մասն այդպես էլ չկարողացավ բռնել տունդարձի ճամփան և հաստատվեց տարբեր վայրերում՝ հայտնվելով անօգնական ու թշվառ վիճակում: 1805 թ. փետրվարին երևանցիների մի մասը Ցիցիանովի ցուցումով տեղակայվեց Ծինծղարո ամայի բնակավայրում, մելիք Սահակ Աղամալյանի և Հովհաննես հարյուրապետի ենթակայությամբ (13): 1805 թ. գեներալ Նեսվետաևը շարունակեց հայ բնակչությանը Ռուսաստանին անցած շրջաններ բռնագաղթեցնելու ռուսական քաղաքականությունը: Նա մայիսին Երևանի խանության բազմաթիվ հայկական բնակավայրերի այլ բնակիչների ևս վերաբնակեցրեց Լոռի-Փամբակում (14):

Ռուսների կողմից երևանաբնակ հայերի հարկադիր մեծ արտագաղթից հետո տեղում մնացած հայության վիճակն ավելի ծանրացավ: 1804 թ. աշնանը Ցիցիանովին գրած նամակում երևանցի մելիք Աբրահամն ու հարյուրապետ Գաբրիելը օգնություն էին խնդրում ռուսներից՝ հայտնելով, որ իրենք անցել են ռուսական տիրապետության տակ, բայց «Երևանի բերդի մոտ ապրող ավելի քան 500 ընտանիքներ դեռ մնացել են այնտեղ, և քանի որ ամենուր նշանակվել են ժամապահներ, նրանք չեն կարող փախուստի դիմել և շարունակում են մնալ անհավատ պարսիկների ձեռքում» (15):

1805 թ. հուլիսի սկզբին ռուսական ռազմական իշխանությունները նոր փորձ կատարեցին Երևանում մնացած վերոհիշյալ հայ ընտանիքներին ևս բռնագաղթեցնելու ուղղությամբ: Ռուսաստանի արտգործնախարար Ա. Չարտորիյսկուն գրած նամակում Պ. Ցիցիանովը հայտնում էր, որ պարսիկներն ուզում են Երևանի «հայերին փոխադրել Արաքսի մյուս ափը: Եթե այժմյան պարտերազմի հանգամանքները չխանգարեն…, ապա ինքը կձգտի նրանց վերաբնակեցնել Վրաստանում, ինչը որ իրենք (հայերը – Ա.Մ.) ուզում են» (16):

Օգոստոսի 21-ին շուրջ հազար ընտանիքի անունից մելիք Աբրահամին և հարյուրապետ Գաբրիելին գրած գաղտի նամակում երևանցիները կրկին ռուսներից աջակցություն էին խնդրում. «Մենք անհապաղ օգնություն ենք սպասում,- գրում էին նրանք,- եթե հապաղեք, ապա մեզ կգաղթեցնեն և կսնանկացնեն…: Եթե մեր կրած տառապանքների մասին գրենք, ապա ոչ թուղթ կբավականացնի, ոչ էլ թանաք» (17): Քաղաքաբնակ հայերին գաղթեցնելու ռուսական այդ ծրագիրն այս անգամ չիրականացավ և չէր էլ կարող իրականանալ. Երևանը շարունակում էր մնալ պարսիկների ձեռքում, իսկ հայերի նկատմամբ հսկողությունն ուժեղանում էր:

Բայց ուշագրավ է, որ այդ օրերին Երևանից բնակչության փախուստ, այնուամենայնիվ, եղել է: Փաստորեն հսկողությունից դուրս մնացած թաթարներից մինչև 400 ընտանիք իրենց առաջնորդների հետ կարողացել են լքել քաղաքը և անցնել ռուսների մոտ՝ Փամբակ ու Շիրակ (18):

Ինչպես նշվեց, ռուսական իշխանությունները խոստացել էին Վրաստան գաղթեցված երևանցի հայերին ռուսների կողմից իրենց քաղաքի գրավումից հետո հնարավորություն տալ վերադառնալու հայրենի օջախներ: Բայց քանի որ Երևանը մնաց անառիկ, հազարավոր երևանցիներ այդպես էլ չկարողացան վերադառնալ տուն:

Մնալով փաստորեն անօգնական վիճակում՝ նրանք ստիպված եղան տեղից տեղ անցնելու, օգնության խնդրանքով դիմելու իշխանություններին կամ զանազան մարդկանց (19): Իրենց արտագաղթից ավելի քանի երկու տարի անց Վրաստանում, Գանձակում, Ղազախում և այլուր շուրջ երկու հազար երևանցի ընտանիքներ մնում էին անօգնական վիճակում, պետական աջակցությունից զուրկ: «Թողլօվ զամենայն շահաւէտութիւն բարեկարգութեան տեառն,- դժգոհում էին նրանք գեներալ Ի. Գուդովիչին,- թէթևապէս ց2000 տուն եկաք ի Վրացտուն և գոլով օտարք եկաւորք ահա, երկու ամ է ինչ մեծահոգիութեամբ ընբերեցաք զանբաւականութիւն օտարականութեան յուսօվն, թէ զայս ամէն վարձատրելոց է բարեկարգ հոգացօղութեամբն …, մեք ահայ համարելոյ եմք զմեզ յայնցանէ զրկեցեալ հեռանալով ի հայրենեաց…, խնդրեմք ձերդ պայծառափայլութեան հայրական հոգսունակութիւն…» (20):

Մի փաստաթղթի համաձայն՝ գաղթականների վիճակն անփոփոխ էր նաև հաջորդ տարում. անգամ անհամեմատ բարվոք վիճակում գտնվող Թիֆլիսում ապրողները 1807 թ. հոկտեմբերի 18-ին ռուսական իշխանություններին գրած խնդրագրում նորից հիշեցնում էին, որ տարիներ առաջ, Երևանում թողնելով իրենց տները, այգիները, առևտրական կրպակները, ինչպես և այլ ունեցվածք, իրենք հավատացել են՝ շուտով Երևանն ազատագրելու և կրկին իրենց տները վերադարձնելու Ցիցիանովի խոստումներին, բայց առ այսօր մնում են անօթևան: Դրա համար խնդրում են գոնե հիմա իրենց տրամադրել տներ ու այգիներ՝ մինչև իրապես Երևանի գրավումը (21):

Ռազմաքաղաքական իրավիճակը Երևանի շուրջ կրկին սրվեց 1808 թ. աշնանը՝ ռուսական զորքերի երևանյան երկրորդ արշավանքի ժամանակ: Մի վավերագրից պարզ է դառնում, որ բերդի երկրորդ պաշարումից առաջ այնտեղ 2 հազարանոց պարսկական կայազորից բացի կային շուրջ 700 հայ և թաթար ընտանիքներ (22): Այս անգամ էլ շատ խաղաղ բնակիչներ ստիպված եղան փախուստի դիմելու և ապաստանելու զանազան շրջաններում: Մարդկային զոհեր եղան սկսված համաճարակի պատճառով:

Հենվելով արխիվային փաստաթղթերի տեղեկությունների վրա պրոֆ. Վալտեր Դիլոյանը գտնում էր, որ 1804թ. ռուսական արշավանքի նախօրյակին Երևանի և հարևան Կըրխբուլաղի ու Էջմիածնի գավառներից պարսիկները բռնագաղթ են պարտադրել 4 հազար հայ ընտանիքների, իսկ ամբողջ առաջին ռուս-պարսկական պատերազմի տարիներին Վրաստան և Հյուսիսային Հայաստանի շրջաններ վերաբնակված հայերի թիվը գերազանցել է 10 հազար մարդը (23):

Այսպիսով՝ հատկապես 1804-1808 թվականները ինչպես ամբողջ Արևելյան Հայաստանի, այնպես էլ Երևան քաղաքի հայության համար աղետալի ժողովրդագրական փոփոխությունների տարիներ էին: Այդ ընթացքում Երևանի խանության բազմաթիվ բնակավայրեր կորցրեցին իրենց հազարավոր աշխատասեր բնակիչներին և վերածվեցին կիսաամայի վայրերի: Ցավալի է, որ ռուսական իշխանությունների հորդորներով ու ապահով կյանքի խոստումներով Լոռի, Փամբակ, Գանձակ, Թիֆլիս և այլուր հաստատված հայ փախստականները, տարիներ շարունակ չստանալով պետական աջակցություն, կրեցին անասելի տառապանքներ, ունեցան մարդկային մեծ կորուստներ: Հետևապես, ինչպես Երևանի, այնպես էլ ամբողջ Հայաստանի էթնոժողովրդագրական նկարագիրը ճշգրիտ ներկայացնելու համար անհրաժեշտ է խորությամբ վերլուծել տարածաշրջանում գերիշխանության համար պայքարող տերությունների ժողովրդագրական քաղաքականությունը, որը, որպես կանոն, ծառայել է իրենց երկրների շահերին:

Երևանյան երկրորդ արշավանքից հետո պարսկական իշխանությունները հապշտապ ձեռնամուխ եղան ռուսական զորքերի լքած տարածքները վերաշինելու և վերաբնակեցնելու գործին: Աբբաս Միրզան և Հուսեյն Կուլի խանը հսկայական ջանքեր գործադրեցին հատկապես Երևանի բնակիչներին իրենց տները վերադարձնելու և այլ բնակավայրերից մարդկանց այստեղ բերելու ուղղությամբ: Ուշագրավ է, որ ընթացող ռուս-պարսկական պատերազմի պայմաններում կողմերը 1811 թ. քայլեր կատարեցին երկու երկրների միջև առևտուրը վերականգնելու, ճանապարհների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ (24): Այդ հանգամանքը զգալիորեն նպաստեց Երևանով Պարսկաստանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, արտագաղթած բնակչության վերադարձին:

Պատահական չէ, որ արդեն 1812 թ. Հայաստան այցելած դիվանագետ Մ. Ֆրեյգանին Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնը ներկայացավ որպես «մեծ քաղաք»: «Երևանը,- գրում է նա,- Թավրիզից երեք հարյուր վերստ հեռու մի մեծ քաղաք է, որի գլխավոր տարածությունը գրավում են պարտեզները» (25):

Երևանի՝ մեծ քաղաք լինելու Մ. Ֆրեյգանի վերոհիշյալ վկայությունը հաստատում է նույն՝ 1812 թ. այնտեղ եղած անգլիացի դիվանագետ Ուիլյամ Աուզլեյը. «Միաժամանակ տեղեկացա, որ այս գեներալի (նկատի ունի սարդար Հուսեյն Կուլի խանին – Ա.Մ.) կառավարության ընծայած պաշտպանության ու առավելությունների շնորհիվ Երևանը մի քանի տարվան ընթացքում չորս հազար բնակչությունից բարձրացած է տասներեք կամ տասնչորս հազարի: Այսու հանդերձ փողոցների կեսը լի են ավերակ տներով, բայց միջնաբերդը ամենակատարյալ վիճակումն է…» (26):

Այս հաղորդումից կարելի է եզրակացնել, որ Հուսեյն Կուլի խանը ռուս-պարսկական ռազմական գործողությունների պատճառով ինչպես Արևելյան Հայաստանի, այնպես էլ այլ երկրների տարբեր շրջաններից ինչպես փախուստի դիմած բնակիչների մի ստվար զանգվածի, այնպես էլ այլ տեղերից բերված բնակիչների ապաստան էր տվել Երևանում, որի պատճառով բնակչության թվաքանակը զգալիորեն աճել էր:

Այդուհանդերձ, դեռ Երևանի զգալի մասը շարունակում էր մնալ անմարդաբնակ: Թերևս միայն սարդարի նստավայր բերդն էր, որի բարվոք լինելու մասին Աուզլեյի հաղորդումից հետևում է, որ Պարսկաստանը միջոցներ չէր խնայել քանդված բերդի պարիսպները նորոգելու, այնտեղի տները վերակառուցելու ու բնակեցնելու համար, իսկ անպարիսպ հայկական թաղամասերը թեև բնակեցվել էին, բայց դարձյալ շարունակում էին մնալ անհամեմատ ավելի անբարեկարգ վիճակում:

1813 թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում Ռուսաստանի հետ հարկադրաբար կնքած հաշտության պայմանագրից հետո Պարսից Ֆաթհ Ալի շահն ու նրա որդին՝ գահաժառանգ Աբբաս Միրզան փորձեցին ժամանակ շահել և նախապատրաստվել Արևելյան Անդրկովկասում, Ղարաբաղում, Զանգեզուրում, Շիրակում կորցրած տարածքները վերադարձնելու արշավանքին: Ուստի շարու-նակեցին ամրացնել Երևանի բերդը և շինարարական աշխատանքներն արագացնելու նպատակով նոր քայլեր կատարեցին աշխատասեր հայ բնակչության հոսքը քաղաք խթանելու, ամայացած թաղերն ու տները վերաշինելու համար: Բավական կարճ ժամանակում այդ քաղաքականությունը տվեց իր պտուղները: 1810-ական թվականների կեսերից Երևանի համեմատաբար աշխույժ կյանքը վերականգնվեց, բնակիչների թվաքանակի անշեղ աճը շարունակվեց (27): Ակնհայտորեն քաղաքի ընդհանուր բնակչության մեջ հայերի տեսակարար կշիռն ավելի բարձրացավ:

Այդ դրական տեղաշարժերն աննկատ չէին մնում եվրոպացի ուղեգիրների կողմից: Հնդկաստանում բրիտանական բանակի սպա Ջոն Ջոնսոնը, որ 1817 թ. այցելել էր Երևան, այդ կապակցությամբ գրում էր. «Քաղաքն ունի բազմաթիվ գեղեցիկ պարտեզներ ու տներ և շատ բնակիչ. հայերը համեմատաբար ավելի շատ են, քան մահմեդականները (ընդգծումը իմն է – Ա.Մ.» (28): Ինչպես Ջ. Ջոնսոնի, այնպես էլ այլ հեղինակների նմանօրինակ վկայությունները գալիս են հաստատելու այն ճշմարտությունը, որ միանգամայն սին են ժամանակակից ադրբեջանցի «գիտնականների» պնդումները, թե մինչև 1828-1829 թթ.՝ Պարսկահայքից հայերի վերաբնակեցումը, Երևանում «ադրբեջանական», այն է՝ թաթարական բնակչությունը կազմել է մեծամասնություն: Իրականությունն այն է, որ հայերի թիվը գերազանցել է ինչպես առանձին թաթարներին, այնպես էլ՝ նաև քրդերից ու պարսիկներից բաղկացած ամբողջ մահմեդական բնակչությանը, որի մեծ մասը բերդի տարածքում բնակվող և զանազան ծառայություններ մատուցող պաշտոնյաներ ու զինվորականներ էին (29): Իսլամական բնակչության մնացած սահմանափակ թվաքանակը բաժին էր ընկնում գերազանցապես Քարհանք թաղամասին (30): Մինչդեռ հայությունը տեղաբաշխված էր գրեթե բոլոր թաղամասերում: Առավել հայաշատ էին Կոնդը, Շահարը, Նորքը և այլն:

Նկատենք, որ վերոհիշյալ հեղինակի կողմից Երևանի՝ «շատ բնակիչ» ունենալու մասին եզակի հաղորդումը տվյալ ժամանակաշրջանի համար պատահական չէր և մի անգամ ևս վկայում էր վերոհիշյալ գործընթացի մասին, որը շարունակվել է մինչև 1826 թ.՝ ռուս-պարսկական երկրորդ պատերազմի սկիզբը (31): Եվ իսկապես, զարմանալի զուգադիպությամբ նորից 1817 թ. Երևան ժամանած Ռոբերտ Քեր Փորթերը իր մի վկայությամբ հաստատում է իր հայրենակից Ջոն Ջոնսոնի պնդումը՝ գրելով. «Ինձ ասացին, թե քաղաքի ներկա բնակչության թիվը 15.000 անձից ավել չէ»2: (32): Բայց այս հեղինակը միաժամանակ համոզված է, որ ներկա վիճակը համեմատելի չէ քաղաքի երբեմնի փառավոր անցյալի հետ, երբ շատ ավելի բազմամարդ ու հարուստ է եղել: Այդ ամենի պատճառը նա իրավամբ համարում է օտարների ավերիչ ասպատակություններն ու դժնդակ տիրապետությունը (33):

1820 թ. վերջին Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության միջև սկսվեց պատերազմ: Ռազմական գործողությունները նպաստավոր ընթացք ունեցան պարսիկների համար. նրանց հաջողվեց ներխուժել հակառակորդի տարածք, գրավել Բայազետը, Ալաշկերտը, Վանի նահանգի մի շարք բնակավայրեր՝ մարդկային ու նյութական մեծ վ¬նասներ պատճառելով հայ բնակչությանը: Շուտով Ֆաթհ Ալի շահը, ընդօրինակելով իր նախորդներից Շահ Աբբասի՝ 1604 թ. դաժան գործելակերպը, սկսեց իրականացնել հայերի զանգվածային բռնագաղթ դեպի պարսկական տերության սահմաններ, հատկապես Արևելյան Հայաստան՝ նման ճանապարհով ռուս-պարսկական պատերազմի ընթացքում մեծապես տուժած տարածքները վերականգնելու նպատակով: Պատահական չէ, որ Արևմտյան Հայաստան ներթափանցած զորագնդերից մեկը գլխավորում էր Երևանի պարետ Հասան խանը, որն էլ 1821 թ. գարնանը Վերին Բասենի, Խնուսի, Բայազետ ու Ալաշկերտի գավառներից տեղահանած հազարավոր հայերի բռնագաղթեցրեց Երևան ու խանության այլ բնակավայրեր (34): Դեպի Արևելյան Հայաստան էրզրումցի, կարսեցի, վանեցի հայերի մի բռնագաղթ էլ Հասան խանը կազմակերպեց 1822 թ. (35):

Այսպիսով՝ 1813 թվականի վերջերից ստեղծված համեմատաբար խաղաղ ու նպաստավոր պայմանների շնորհիվ և 1821-1822 թթ. արևմտահայերի բռնի վերաբնակեցման հետևանքով Երևանի բնակչության աճը շարունակվեց: Կարելի է պնդել, որ մինչև 19-րդ դարի 20-ական թթ. կեսերը Երևանում արդեն բնակվում էր ոչ պակաս, քան 17-18 հազար մարդ:

Այդուհետ՝ թելադրված 1826-1827 թթ. նոր պատերազմական գործողություններով, տեղի ունեցան բնակչության նոր տեղաշարժեր: Հատկապես 1827 թ. մարտից, պայմանավորված ռուսական զորքերի առաջխաղացմամբ, պարսկական իշխանությունները Երևանի ու խանության բնակավայրերի մեծ մասի բնակիչներին բռնագաղթեցրին դեպի Արաքսի աջ ափը, օսմանցիների համաձայնությամբ՝ նաև Բայազետի փաշայության տարածք, իսկ մնացածներին ստիպեցին անասելի ծանր պայմաններում մի կերպ տեղակայվել բերդի պարիսպներից ներս, հիմնականում՝ բաց երկնքի տակ: «Շատ բնակիչներ չունեն կացարաններ,- կարդում ենք սեպտեմբերի սկզբներին Երևանից ռուսների մոտ փախած հայերի վկայություններում,- և մեծամասամբ տեղավորված են բաց տեղերում» (36): 1827 թ. սեպտեմբերի վերջին՝ ռուսների կողմից քաղաքի գրավման նախօրյակին, այնտեղ հաշվվում էին միայն 10 հազար հայ, որոնց թվում ինչպես տեղաբնակ երևանցիներ, այնպես էլ տարբեր տեղերից բռնությամբ բերված փախստական հայեր:

Ի դեպ, 1827 թ. հոկտեմբերի 1-ին՝ քաղաքին տիրելու օրը, Պասկևիչը նամակ է ուղարկել Բայազետի փաշային՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել դեռ գարնանը իր փաշայության տարածքում ապաստան գտած երևանցիներին: Պատասխան նամակում փաշան խոստանում է, որ «մինչև վերջին ընտանիքը ազատ կարձվի, քանի որ շուտով կստացվի Արզրումի սերասկյարի (համապատասխան –Ա.Մ.) թույլտվությունը…» (37): Եվ իսկապես, հոկտեմբեր ամսից սկսած ինչպես Բայազետի, այնպես էլ Արևելյան Հայաստանի ու Վրաստանի տարածքում հաստատված երևանցիների մի մասը վերադառնում է հայրենի քաղաք և զբաղեցնում կամ իրենց նախկին տները, կամ Պարսկաստան հեռացած մահմեդականների տեղերը: Նշանակում է 1827 թ. հոկտեմբեր-նոյեմբերին, երբ զգալի թվով երևանցիներ արդեն վերադարձել էին, քաղաքում արդեն առնվազն 12-13 հազար մարդ կլիներ, որոնց մեջ մահմեդականները, իրենց հավատակիցների փախուստից հետո, չէին կարող գերազանցել մեկ-երկու հազարը:

Ամփոփելով վերոնշյալը՝ գալիս ենք այն համոզման, որ Երևանի բնակչության թվաքանակի հաշվարկն անել ամբողջ 19-րդ դ. առաջին քառորդի կտրվածքով, սխալ է: Համեմատաբար այդ կարճ ժամանակահատվածում, ինչպես տեսանք, քաղաքական գործոնների ազդեցությամբ տեղի են ունեցել ժողովրդագրական լուրջ գործընթացներ, որոնք յուրաքանչյուր տասնամյակի կամ ավելի կարճ ժամանակի ընթացքում բերել են արմատական փոփոխությունների, բնակչության շեշտակի նվազման կամ աճի: Այդ հանգամանքը վրիպել է հետագայի շատ ուսումնասիրողների ուշադրությունից և նրանց բերել սխալ հետևությունների:

Իրական պատկերը հետևյալն էր. դարասկզբին՝ մինչև ռուսական զորքերի երևանյան առաջին արշավանքը, քաղաքն ուներ առնվազն 12 հազար բնակիչ: Ապա՝ 1804-1808 թթ. արտագաղթի, բռնագաղթի ու մահացության պատճառով այդ թիվը կտրուկ նվազել է՝ մինչև 4-5 հազար, գուցեև ավելի պակաս, իսկ պարսկական իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով հետագա տարիներին շեշտակի աճել և 1812-1813 թթ. կրկին հասել նախապատերազմյան թվաքանակին՝ մոտ 12 հազարի: Արդեն դարի երրորդ տասնամյակի կեսերին այդ թիվը շուրջ 17-18 հազար էր, իսկ 1827 թ. սեպտեմբերի դրությամբ այն կազմել է ոչ ավել, քան 12-13 հազար անձը, որից 10 հազարը՝ հայեր: Իսկ մեկ-երկու տարվա ընթացքում այդ թիվը հետզհետե ավելացել է ևս մի քանի հազարով, գործընթաց, որը հետագա բոլոր տասնամյակներին եղել է Երևանի ժողովրդագրական զարգացման բնորոշ ուղղությունը։

Այսպիսով, ամբողջապես պետք է վերանայել հիմնականում Ի. Շոպենի հաշվարկների վրա կառուցված այն տիրապետող տեսակետը, թե ռուսների կողմից 1827 թ. հոկտեմբերին Երևանի գրավումից առաջ քաղաքն ավելի քիչ բնակիչ է ունեցել՝ մոտ 11463 մարդ, և աճել է միայն Արաքսի աջափնյակից, Պարսկահայքից, Արևմտյան Հայաստանից վերաբնակված 1763 հայերի հաշվին (38): Վերոհիշյալից կարելի է հանգել այն եզրակացության, որ XIX դարի առաջին քառորդին Երևանի բնակչության միջին թվաքանակը կազմել է 13-14 հազար մարդ, որից մոտ 10 հազարը՝ հայ:

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու

* * *

  1. Տե՛ս Երևան 2, գիտական հոդվածների ժողովածու, Եր., 2009, էջ 6:
  2. Վրաստանի Հանրապետության Կենտրոնական պետական պատմական արխիվ (այսուհետև՝
    ՎՀ ԿՊՊԱ), ֆ. 2, ց. 2, գ. 12, թ. 161:
  3. Նույն տեղում, թ. 163:
  4. Տե՛ս նույն տեղում, թ. 157, հմմտ.՝ Присоединение Восточной Армении к России, сб. док.
    (այսուհետև՝ Присоединение…), ред. Ц.П. Агаян, Ер., 1972, т. 1, сс. 43-44.
  5. Տե՛ս Ինճիճեան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վենետիկ, 1806, էջ
    253:
  6. Տե՛ս Մելքոնյան Ա., Էրզրում. Էրզրումի հայ ազգաբնակչությունը 19-րդ դ. առաջին
    երեսնամյակին, Եր., 1994, էջ 36-37:
  7. ՎՀ ԿՊՊԱ, ֆ. 2, ց. 1, գ. 110, թ. 319:
  8. Տե՛ս նույն տեղում, գ. 79, թ. 227: Զավեն Գրիգորյանը, առանց սկզբնաղբյուրը նշելու, գրում է, որ սարդարի հալածանքների հետևանքով Կարսի փաշայության տարածքում հայտնված երևանցի հայ տարագիրների թիվը կազմել է 7000 ընտանիք (տե՜ս Գրիգորյան Զ.Տ., Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին և նրա պատմական նշանակությունը, Եր., 1978, էջ 170), որն անշուշտ, չափազանցություն է։
  9. Տե՛ս ՎՀ ԿՊՊԱ, ֆ. 2, ց. 1, գ. 79, թ. 227։
  10. Տե՛ս նույն տեղում, գ. 49, թ. 36:
  11. Նույն տեղում, գ. 79, թ. 322:
  12. Տե՛ս Присоединение…., т. 1, էջ 338, 396.
  13. Տե՛ս նույն տեղում, էջ 288, 329։
  14. Տե՛ս Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ հրատ., հ. 3, գիրք 1, Եր., 2010, էջ 192:
  15. Акты, собранные Кавказской археогафической комиссией (այսուհետև՝ АКАК), т. 2, Тифлис, 1868, док. 1205, էջ 604։
  16. Присоединение…., т. 1, էջ 316։
  17. АКАК, т. 2, док. 1258, էջ 627։ Հմմտ.՝ Присоединение…, т. 1, էջ 325։
  18. Տե՛ս Центральный государственный военно-исторический архив Российской Федерации (այսուհետև՝ ЦГВИА РФ), ф. Военно-ученый архив, (ВУА), д. 4253, ч. 2, л. 149.
  19. Տե՛ս ՎՀ ԿՊՊԱ, ֆ. 2, ց. 1, գ. 141, թ. 172:
  20. Նույն տեղում, գ. 110, թ. 320-321.
  21. Տե՛ս Присоединение…, т. 1, էջ 422-423. 1811 թ. տվյալներով Թիֆլիսում ապրող երևանցիների թիվը կազմում էր 1000 շունչ (տե՛ս նույն տեղում, էջ 560):
  22. Տե՛ս ЦГВИА РФ, ф. ВУА, д. 4259, ч. 5, л. 17-18.
  23. Տե՛ս Դիլոյան Վ. Ա., Արևելյան Հայաստանը 19-րդ դարի առաջին երեսնամյակին և հայռուսական հարաբերությունները, Եր., 1989, էջ 12:
  24. Տե՛ս АКАК, т. 4, Тифлис, 1870, док. 718, 719, էջ 498-499։
  25. Letters from the Caucasus and Georgia: To which are Added, the Account of a Journey Into Persia in 1812, and an Abridged History of Persia Since the Time of Nadir Shah. Front Cover. Frederika von Freygang, Wilhelm von Freygang, London, J. Murray, 1823էջ 287 (հմմտ.՝ Հակոբյան Հովհ., Ուղեգրություններ, հ. Զ, Եր., 1934, էջ 409):
  26. Travels in Various Countries of the East, More Particularly Persia: A Work Wherein the Author Has Described, as Far as His Own Observations Extended, the State of Those Countries in 1810, 1811, and 1812; and Has Endeavoured to Illustrate Many Subjects of Antiquarian Research, History, Geography, Philology and Miscellaneous Literature, with Extracts from Rare and Valuable Oriental Manuscripts, by Sir William Ouseley Knight, Volume 3, London, 1823, էջ 440 (հմմտ.՝ Հակոբյան Հովհ., նշվ.աշխ., էջ 453):
  27. Ջ. Մորիերը 1814 թ. Հայաստան կատարած հերթական այցելության ժամանակ Երևանի սարդարի ենթակայության տակ գտնվող խանության բնակչության թվաքանակը հաշվում է 100 հազ. մարդ (տե՛ս A Second Journey Through Persia, Armenia, and Asia Minor, to Constantinople, between the Years 1810 and 1816, by James Morier, էջ 320-321)։
  28. A Journey from India to England, Through Persia, Georgia, Russia, Poland, and Prussia, in the Year 1817 by Col. John Johnson, C. B., London, Longman, Hurst, Rees, Orme, and Brown, 1818, էջ 230 (հմմտ.՝ Հակոբյան Հովհ., նշվ. աշխ., էջ 640):
  29. Ցավոք, այս հանգամանքը չեն նկատել նաև որոշ հայ հետազոտողներ, անգամ՝ Երևանի պատմության քաջատեղյակ հեղինակ Թ. Հակոբյանը (տե՛ս Հակոբյան Թ., Երևանի պատմություն (1801-1879 թթ.), Եր., 1959, էջ 187), ուստի հանգել են սխալ եզրակացությունների: Այլազգիները Երևանում հայտնվել էին նախորդ դարերում ոչ հայանպաստ էթնոժողովրդագրական գործընթացների պատճառով և այդ ժամանակ էլ շարունակում էին կրկին մնալ որպես փոքրամասնություն:
  30. Տե՛ս Շահազիզ Երվանդ, Հին Երևանը, Եր. 2003, էջ 179:
  31. Բնակչության աճը խթանելու իշխանությունների քաղաքականության շրջագծում կարելի է դիտարկել 1822 թ. Հուսեյն խանի կողմից Դալմայի այգիների և համանուն ենթաթաղի կառուցումը (տե՜ս Շահազիզ Երվանդ, նշվ. աշխ. , էջ 165)։
  32. Travels in Georgia, Persia, Armenia, Ancient Babylonia, &c. &c: During the Years 1817, 1818, 1819, and 1820, Volume 1, by Sir Robert Ker Porter, էջ 197-198 (հմմտ.՝ Հակոբյան Հովհ., նշվ.աշխ., էջ 764):
  33. Տե՛ս նույն տեղում:
  34. Տե՛ս Մուրատյանց Պ.Յ., Նկարագիր Ս. Յովհաննու վանուց եւ վիճակին նորին Բագրեւանդայ, Արարատ, 31 յունվարի 1889, էջ 41:
  35. Տե՛ս Հայկունի Ս., Բագրեւանդ ջրաբաշխ գաւառ, Վաղարշապատ, 1894, էջ 214: Վերոհիշյալ բռնագաղթերի մասին տե՛ս նաև Հայոց պատմություն, հ. 3, գիրք 1, էջ 242-244:
  36. ՎՀ ԿՊՊԱ, ֆ. 548, ց.3, գ. 10, թ. 127:
  37. ЦГВИА РФ, ф. ВУА, д. 4312, л. 200.
  38. Տե՛ս Шопен И., Исторический памятник состояния Армянской области в эпоху ее присоединения к Российской империи, СПб., 1852, էջ 543-546 (հմմտ. նաև՝ Կորկոտյան Զ., Երևան քաղաքի ժողովրդագրությունը, Եր., 1931, էջ 14):
Տարածել