Երևանի պատմության թանգարանում բացվեց «44 ՕՐ» խորագրով ցուցահանդեսը
Թանգարանների միջազգային օրվա ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի պատմության թանգարանը հանրությանը ներկայացավ Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված «44 ՕՐ» խորագրով ցուցահանդեսով։
Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նշեց, որ ցուցահանդեսի նախապատրաստմանը ծանրակշիռ մասնակցություն են ունեցել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները։
«44 օրը» «վավերագրական պատմություն» է հերոսացած հայ զինվորի, թիկունքում մեծ և փոքր սխրագործությունների, օտարերկրյա քաղաքների փողոցներում ու հրապարակներում «մարտնչող» հայկական սփյուռքի մասին։
Ցուցադրության մեջ ներկայացված են լուսանկարներ, ճակատից բերված մասունքներ, զինվորական հագուստ և այլն։
Ներկայացված լուսանկարները ուշագրավ են նրանով, որ դրանք հեղինակել են հենց իրենք՝ զինվորները։
Ցուցահանդեսին որոշակի տրամադրություն է հաղորդում տիկնիկագործ Լուսինե Սանթրոսյանի «Կռունկ» գեղարվեստական խորհրդանշական ստեղծագործությունը՝ ոգեշնչված Կոմիտասի համանուն գործից։