Ամփոփվեցին «Ընտրում է այցելուն» միջոցառման արդյունքները
Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի պատմության թանգարանում իրականացվեց «Ընտրում է այցելուն» ինտերակտիվ միջոցառումը։ Այն հնարավորություն տվեց այցելուներին ընտրություն կատարել այն ցուցանմուշներից, որոնք իր առաջարկությամբ պետք է տարհանվեն հնարավոր վտանգի դեպքում:
Ցուցանմուշները ընտրվում էին հետևյալ կերպ.
- առաջին կարևորության՝ կարմիր ժապավենով,
- երկրորդ կարևորության՝ կանաչ ժապավենով,
- երրորդ կարևորության՝ դեղին ժապավենով:
Միջոցառման ենթատեքստում թաքնված էր թանգարանային առարկաները ավելի ուշադիր դիտելու և դրանք վերագնահատելու խորհուրդը:
Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մեր այցելուները թանգարանի հիմնական ցուցադրության մեջ առաջին և երկրորդ կարևորությունը տվել են Երևանի բերդի և միջնադարյան Երևանի մանրակերտներին, Շենգավիթի խեցեղենին, հարսանեկան զգեստին, երևանցու բնակարանին, դրամների և կոնյակի ցուցանմուշներին: