Շուտով «Արծաթի և զարդանախշերի սիմֆոնիա» խորագրով ցուցադրություն` Երևանի պատմության թանգարանում
«Իրավունքի» հարցազրույցը Երևանի պատմության թանգարանի տնօրեն ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
– Թանգարանում առաջիկայում ի՞նչ ցուցադրություններ ունեք:
– Թանգարանում առաջիկայում տեղի կունենա “Արծաթի եւ զարդանախշի սիմֆոնիա” խորագրով ցուցահանդես, որը կազմակերպվել է ՀՀ ֆինանսների նախարարության եւ Երեւան քաղաքի պատմության թանգարանի նախաձեռնությամբ: Ներկայացված առարկաների մեջ մասնավորապես առանձնանում են գոտիները, որոնց նախշազարդերը հայ ժողովրդի ինքնության արտահայտման յուրօրինակ վավերագրեր են եւ բարձրարվեստ գործեր: Արծաթյա գոտիները պատրաստված են տեխնիկական տարբեր եղանակներով` մանրարուք, էմալապատ, դրվագում, սեւադ: Ընդ որում, սեւադի տեխնիկան ծագումով հայկական է: Գոտիների մի մասը կրում է արծաթագործ վարպետների կնիքը: Հավաքածուների մեջ ստվար խումբ են կազմում սպասքը եւ ծիսական առարկաները: Վերջիններս նաեւ թանգարանի նվիրատու Ռոստոմ Ոսկանյանի հարուստ ֆոնդից են: Հավաքածուները, ըստ աշխարհագրական տեղաբաշխման, ընդգրկում են հետեւյալ երկրները` Հայաստան, Իրան, Հնդկաստան, Վիետնամ, Չինաստան: Կարծում եմ, որ ցուցահանդեսը շատ հետաքրքիր կլինի, որովհետեւ արծաթը եւ զարդանախշերը մի հետաքրքիր սիմֆոնիա են կազմում, որի արդյունքում ծնվում են մշակույթի հրաշալի գործեր:
– 90-ամյակի հետ կապված` միջոցառում լինելո՞ւ է:
– Այդ ցուցահանդեսը նվիրվելու է թանգարանի 90-ամյակին: Քանի որ այս տարի, քովիդով պայմանավորված, մենք որեւէ միջոցառում չենք ձեռնարկել, սակայն, այնուամենայնիվ, տարվա վերջում որոշվեց 90-ամյակը եզրափակել նշված ցուցահանդեսով, ինչը նախապես պայմանավորված էր ՀՀ ֆինանսների նախարարության հետ: Երեւանի տարբեր մասերում տեղադրված են նաեւ թանգարանի 90-ամյակը գովազդող վահանակներ:
90-ամյակի հետ կապված` մենք նաեւ հարուստ նվիրատվություն ենք ստացել Իրանից` Դիանա Ղազարյանի կողմից: Դրանք մոտ վաթսունվեց ասեղնագործ առարկաներ են, որոնք բնորոշում են քաղաքային կենցաղը` ասեղնագործ սփռոցներ, դեկորատիվ, կիրառական արվեստի ծածկոցներ, անձեռոցիկներ: Դրանց մեծ մասը բացառիկ ցուցանմուշներ են, որոնք առանձին ցուցահանդեսով հանրությանը կներկայացվեն 2022 թվականի գարնանը:
– Իսկ արծաթե հավաքածուների ցուցահանդեսի բացումը ե՞րբ է նախատեսված:
– Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 15:00-ին եւ կգործի մինչեւ 2022 թվականի փետրվարի 28-ը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ