Թվայնացվել է թանգարանում պահվող 30 հազար լուսանկար ու փաստաթուղթ

Երևանի պատմության թանգարանում պահպանվող ավելի քան 30 հազար փաստաթուղթ ու լուսանկար այս տարի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ թվայնացվեց:

«Ինչո՞ւ առաջին հերթին փաստաթղթերը և լուսանկարները թվայնացրինք, որովհետև ամենամեծ պահանջարկ ունեցող պահոցներն են: Եթե նախկինում 15.000 լուսանկարի մեջ գույքամատյանով ստիպված էինք փնտրել լուսանկարներ, ապա հիմա բանալի բառով հեշտությամբ ստանում ենք տեղեկատվությունը»,-բացատրում է Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

Թվայնացված բոլոր նյութերը ներբեռնվել են հատուկ ծրագրում: Այն հնարավորություն է տալիս թանգարանի աշխատակիցներին ցանկացած պահի որոնման կոճակի միջոցով ըստ տարեթվի կամ անվան գտնել անհրաժեշտ փաստաթուղթը, լուսանկարը, ներբեռնել այն կամ տպագրել:
«Այստեղ ներկայացված է, թե որքան լուսանկար, փաստաթուղթ, նեգատիվ, թերթ և քարտեզ է ներբեռնված: Այն անվանվել է GES 1՝ Երևանի գլխավոր հիշողություն 1: Հետագայում կլինեն հաջորդ փուլերը: Սեղմելով «ավելացում»՝ հնարավորություն ենք ունենում միանգամից ավելացնել թվայնացված փաստաթուղթը»,- նշում է «Սևունի» ընկերության հիմնադիր Ջանիկ Սևոյանը:

Թանգարանի հարուստ ֆոնդի պահպանման ու հանրահռչակման համար թվայնացումը կենսական անհրաժեշտություն էր: Թվայնացված նյութերն առայժմ նախատեսված են միայն ներքին օգտագործման ու սպասարկման համար:
«Թվայնացումը շատ կարևոր է, որովհետև ֆոնդերում պահվում են Երևանի պատմության վավերագրերը»,-ասում է Երևան քաղաքի պատմության թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անահիտ Ամիրյանը:

«Ունենք նեգատիվներ, որոնք մինչ այս երբեք չեն օգտագործվել, իհարկե, թվայնացման կարիքը շատ կար, որովհետև եզակի նեգատիվներ ունենք: Ունենք նաև լուսանկարներ, որոնք աստիճանաբար գունաթափվում են, գունազրկվում: Թվայնացման շնորհիվ նաև պահպանվում են լուսանկարները»,-ասում է Երևան քաղաքի պատմության թանգարանի կինոֆոտոֆոնո ավանդաբաժնի ավագ գիտաշխատող Արմինե Կարապետյանը:

«Մեծ ուշադրություն է դարձվել այն նեգատիվներին, որոնք բացառիկ նմուշներ են և տեխնոլոգիական առումով ապակու վրա են: 3553 նեգատիվ ենք թվայնացրել, որոնք հատուկ մշակում են անցել և դրանք համապատասխան տեխնոլոգիայով հասանելի են: Թվայնացվել են նաև փաստաթղթերի մատյանները»,-նշում է Ջանիկ Սևոյանը:

Թվայնացումից հետո թանգարանն արդեն իսկ մտածում է նոր նախագծերի մասին՝ ցուցադրություններ, ալբոմների տպագրություն:

«Եվս երկու շատ հետաքրքիր ծրագիր ունենք. կերպարվեստի ֆոնդի նոր հարկադարակների պատրաստումն է և թանգարանի առաջին հարկի ցուցասրահի նորացումը»,-հավելում է թանգարանի տնօրենը:
Երևանի պատմության թանգարանը լոկ ցուցասրահ չէ, այլ մշակութային, գիտական կենտրոն, որի առաքելությունը քաղաքի պատմության, ավանդույթների պահպանումն ու քարոզումն է:

yerevan.am