Օ. Ռիժկով. «Պատմական Հայաստանը» իսկական իրադարձություն էր Գոմելի մշակութային կյանքում»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ նոյեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետության Գոմելի պալատա-պուրակային համալիրի Պասկևիչների և Ռումյանցևների ցուցասրահում բացվել է Երևանի պատմության թանգարանի ազգային տարազների ցուցահանդեսը:
Այդ առիթով Երևանի պատմության թանգարանի տնօրինությանն ու անձնակազմին շնորհակալագիր է հղել «Գոմելի պալատա-պուրակային համալիր» պետական պատմամշակութային հաստատության գլխավոր տնօրեն Օ. Ռիժկովը:
Շնորհակալագրում մասնավորապես ասվում է. «Ընդունեք մեր անկեղծ երախտագիտությունը Ռումյանցևների և Պասկևիչների սրահում «Պատմական Հայաստան» ցուցահանդեսը կազմակերպելու հնարավորություն ընձեռելու համար: Այն իրավամբ իսկական իրադարձություն դարձավ Բելառուսի և ԱՊՀ մասնակից երկրների 2011թ. մշակութային մայրաքաղաք հռչակված Գոմելի մշակութային կյանքում:
Ցուցահանդեսի շնորհիվ, որտեղ ներկայացված են հայկական ազգային տարազը, զարդերը, կենցաղային իրեր, մեր այցելուները հնարավորություն ստացան մոտիկից ծանոթանալու Հայաստանի հարուստ ու բազմազան ազգային մշակույթին»:
Հաստատության գլխավոր տնօրեն Օ. Ռիժկովը հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական, իսկ մշակութային երկխոսության շարունակումն ու խորացումը կնպաստի երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: