«Հայացք Արարատից» ցուցահանդես

2023թ. մայիսի 18-ին, թանգարանների միջազգային օրը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուցզիան նահանգի Ֆուժո քաղաքի թանգարանում բացվեց «Հայացք Արարատից» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Երևան քաղաքի պատմության և Ֆուչժոու քաղաքի թանգարանների համագործակցության արդյունքում: Նման ցուցահանդես Չինաստանում ներկայացվեց առաջին անգամ, որն իրականացավ նաև «Հայ-Չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի աջակցության շնորհիվ:

Ցուցահանդեսում Երևան քաղաքի պատմության թանգարանը ներկայացրել էր 19-20-րդ դարերով թվագրվող շուրջ 76 առարկա՝ տարազ, գորգ, ասեղնագործություն, արծաթյա զարդեր: Հին Երևանը պատկերող լուսանկարները լրացնում էին ցուցադրության ընդհանուր հայեցակարգը՝այցելուին հնարավորություն տալով պատկերացում կազմել աստվածաշնչյան Արարատի ստորոտին ապրող հայ ժողովրդի հազարամյա պատմության ու մշակույթի մասին: Հուլիսի 18-ին, ցուցադրության ապամոնտաժումից առաջ էլ այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտում էին հեռավոր Հայաստանի մայրաքաղաքից բերված թանգարանային առարկաները:

Ցուցահանդեսն ամփոփելու արդյունքում պարզ դարձավ, որ այն ունեցել է շուրջ 153 000 այցելու:
Շատ կարևոր է, որ ցուցահանդեսն ունեցավ նաև մնայուն արդյունք, այն է՝ Ֆուժո թանգարանը հայերեն, անգլերեն և չինարեն հրատարակեց ցուցադրված 76 առարկայի գունավոր կատալոգը:


Չինաստանում հայկական մշակույթի ներկայացումը կշարունակվի նաև 2024թ.-ին՝ քանի որ արդեն իսկ մի շարք քաղաքների թանգարաններ նույնպես ցանկություն են հայտնել հյուրընկալելու ցուցահանդեսը: