«Քո քաղաքի պատմությունը» հատուկ ներառական կարճամետրաժ ֆիլմ,որն այսուհետ հասանելի կլինի Երևանի պատմության թանգարանում և համացանցում
Քաղաքի մշակութային հաստատությունները, այս դեպքում թանգարանները, հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի դարձնելը կարևոր քայլ է դեպի ներառականություն, և «Ունիվերսալ դիզայն»-ի համատեքստում հավասար պայմաններով տեղեկատվության փոխանցելու և ապահովելու համար:
Երևան քաղաքի պատմության թանգարանը հասանելի է հենաշարժողական խնդիրներ ունեցող այցելուների համար, քանի որ թանգարանում առկա է անվասայլակների համար նախատեսված թեքահարթակ և վերելակ։ Այս անգամ Երևանի պատմության թանգարանը հանդես եկավ մի յուրօրինակ նախաձեռնությամբ, որը միտված էր լսողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի կերպով ներկայացնել Երևան քաղաքի պատմությունը: Ստեղվեց «Քո քաղաքի պատմությունը» խորագիրը կրող հատուկ ներառական կարճամետրաժ ֆիլմը: «Այն բացառիկ է քանի, որ փորձ է արվել առաջին անգամ ներկայացնել քաղաքի պատմությունը հենց թանգարանի մշտական ցուցադրության միջոցով, Հայկական ժեստերի լեզվի թարգմանությումբ ինչպես նաև ենթագրերով: Այս երկու բաղադրիչներն օգնում են դիտողներին լավագույնս ընկալելու տեսապատկերները »,- նշեց նախագծի հեղինակ Գ. Օրբելյանը:
Թանգարանի տնօրեն Ա. Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ֆիլմի ստեղծման աշխատանքային խմբին, թանգարանի աշխատակազմին և ընդգծեց ֆիլմի կարևուրթյունը ոչ ֆորմալ կրթության համատեքոստում, և ընդգծեց որ նմանատիպ ֆիլմ ստեղծելով, նպատակ են հետապնդում թանգարանում ներառել ու ընդգրկել տարբեր այցելուների և առավել իմաստալից կերպով հանրությանը ներկայացնել քաղաքի պատմությունը և առօրյա կյանքի մի մասը:
Ֆիլմն իրականություն է դարձել JICA-ի Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն դրամաշնորհի և «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա»-ի համագործակությամբ:
«Քո քաղաքի պատմությունը» ֆիլմը հասանելի կլինի նաև համացանցում: