«Ծաղկած նռենին Նոյի երկրից» խորագրով ցուցահանդեսի բացումը Չինաստանի Սիան քաղաքի թանգարանում
Մայիսի 18-ը, թանգարանների միջազգային օրը, այս տարի Չինաստանում նշվեց է Սիան քաղաքում: Այդ կապակցությամբ Չինաստանի Շենսի նահանգի վարչական կենտրոն Սիան քաղաքի «Սիան թանգարանում» բացվեց «Ծաղկած նռենին Նոյի երկրից» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսն իրականացվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիանի թանգարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում։ Չինաստանում հայկական մշակույթի ցուցադրությունների սկիզբը այս տարի մեկնարկել էր դեռևս 2024 թվականի հունվարի 30-ին Չինաստանի Նինբոյի թանգարանից։
Սիանի թանգարանում ևս ներկայացվել է Երևանի պատմության թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք, որոնք թվագրվում են 18-20-րդ դդ. Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Չինաստանի մշակութային ժառանգության բյուրոյի ղեկավարությունը, Սիան քաղաքի ղեկավարությունը, Սիանի թանգարանի տնօրենը, քաղաքի մշակութային ժառանգության բյուրոյի ղեկավարը, ՀՀ դեսպանատան առևտրի գծով խորհրդական Կորյուն Ղազարյանը, Երևանի պատմության թանգարանի փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանը, «Հայ-չինական գործընկերության կենտրոնի” նախագահ Արմեն Մխիթարյանը, թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Սիան ժամանած մշակութային համայնքի ներկայացուցիչներ, թանգարանների տնօրեններ ,այլ հյուրեր։
Բացման օրվանից սկսված ցուցահանդեսի այցելուների օրական թիվը գերազանցում է 12.000-ը: