Բացվեց «Չինաստանի լեռներն ու գետերը»

Հուլիսի 31-ին Երևանի պատմության թանգարանում բացվեց ՉԺՀ Նինբո թանգարանի չինական ժամանակակից փայտափորագրության նշանավոր վարպետ Շաո Կեպինի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ներկայացված 40 աշխատանքները միաժամանակ խորապես ազգային են ու համամարդկային։ «Այս ցուցահանդեսը պարզապես գեղարվեստական փորձ չէ։ Այն մի հարթակ է, որի միջոցով հնարավոր է ոչ միայն զգալ, այլև ընկալել բնության՝ մարդու ներաշխարհի հետ ունեցած կապը՝ լեռների հաստատակամության ու գետերի հոսքի խորհրդանիշների միջոցով»
– իր բացման խոսքում նշեց թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը: Նմանատիպ ցուցահանդեսները հրաշալի առիթ են երկխոսության երկու ժողովուրդների միջև, որով բացահայտվում են բնության զարթոնքի և պայքարի փիլիսոփայության համատեքստերը։ Մենք համոզված ենք, որ այս ստեղծագործություններն ունակ են խոսել այն լեզվով, որն հասկանալի է բոլորին՝ անկախ մշակույթից, աշխարհագրությունից կամ ժամանակից։
Թանգարանը նաև իր խորին երախտիքն է հայտնում Հայ-չինական գործընկերության կազմակերպությանը՝Armenian Chinese Partnership Center այս ցուցահանդեսը կյանքի կոչելու համար։
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 24-ը: