Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գ. Օրբելյանը Դուբայում (ԱՄԷ) մասնակցել է Թանգարանների միջազգային խորհրդի գլխավոր համաժողովին

2025թ. Նոյեմբերի 11–15-ը Դուբայում (Միացյալ Արաբական Էմիրություններ) անցկացվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 27-րդ գլխավոր համաժողովը՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրով։ Համաժողովը թանգարանային ոլորտի ամենախոշոր և հեղինակավոր միջազգային հարթակներից մեկն է, որը երեք տարին մեկ միավորում է հազարավոր մասնագետների՝ քննարկելու ոլորտի արդիական խնդիրներն ու զարգացման միտումները։

Այս տարվա ICOM գլխավոր համաժողովին շուրջ 4500 պատվիրակ է մասնակցել տարբեր երկրներից։ Քննարկումների հիմնական ուղղությունները եղել են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, երիտասարդության ներգրավվածության խթանումը, նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառումը, ինչպես նաև դրանց ազդեցությունը թանգարանների ապագայի վրա։

Բացման արարողությանը ներկա են գտնվել Նորին Մեծություն Շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը՝ Դուբայի թագաժառանգ, ԱՄԷ փոխվարչապետը և պաշտպանության նախարարը, Դուբայի գործադիր խորհրդի նախագահը, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հայաստանից համաժողովին մասնակցել է երևանյան մի շարք թանգարանների տնօրեններից և ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը։

Համաժողովի ընթացքում թեմատիկ նիստերի շրջանակում ներկայացվել են զեկույցներ ժամանակակից ու նորարար թանգարանների զարգացման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման հնարավորությունների վերաբերյալ։ ԻԿՕՄ-ի ցուցահանդեսների կոմիտեի նիստում զեկույցով հանդես է եկել Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը՝ ներկայացնելով թանգարանի 2023–2025 թթ. միջազգային ցուցահանդեսները Չինաստանում։ Նա անդրադարձել է Երևանի պատմությունը համաշխարհային լսարանին ներկայացնելու ձևերին՝ ընդգծելով, որ դա իրականացվում է ոչ միայն բառերով, այլ նաև տարբեր մշակույթների լեզուներով «խոսող» առարկաների միջոցով։ Օրբելյանը մատնանշել է Հայաստանի ինքնության բացահայտման, թանգարանային հավաքածուների պատմությունների ստեղծման կարևորությունը, ինչպես նաև թանգարանների՝ մշակութային երկխոսության հարթակներ հանդիսանալու վերաբերյալ: