Ալեքսանդր Մանթաշովը այցելել է Երևանի պատմության թանգարան

Ապրիլի 18-ին Աբովյան փողոցում՝ Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ, բացվեց հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանը: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևան էին ժամանել հայազգի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը՝  Ալեքսանդր Մանթաշովն ու նրա որդին՝ Միքայել Մանթաշովը՝ մասնակցելու բարերարի արձանի բացման արարողությանը: Տարոն Մարգարյանը Մանթաշովներին հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանում և շնորհակալություն հայտնել հյուրերին հրավերն ընդունելու համար:

Հյուրերն այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան և ծանոթացել թանգարանի հարուստ հավաքածուին: Թանգարանի 19-րդ դարը ներկայացնող ցուցասրահում, հնաբնակ երևանցու բնակարանում իր ուրույն տեղն է զբաղեցնում  Մանթաշովի հաշվապահի կողմից գնված 1860-ական թթ լվացարանը, որը սկզբում տեղափոխվել է Անդրկովկաս, այնուհետև հայտնվել Էջմիածնում:

2011թ. թանգարանը ձեռք  բերելով այն` տեղադրել է հիմնական ցուցադրությունում: Մանթաշյանցի օժանդակությամբ է կառուցվել Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճի շենքը Աբովյան փողոցում:

Ալեքսանդր Մանթաշովը գրառում է կատարել Երևան քաղաքի պատմության թանգարանում պահվող Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ հրատարակված գրառումների գրքում` մասնավորապես նշելով. «Երևան այցելությունն ինձ համար կդառնա անմոռանալի հիշողություն: Բոլոր հայերին ցանկանում եմ երջանկություն»:

Ընթերցել արխիվային տարբերակը