Բացվեց «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսը

Միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 11-ին  «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի և Երևան քաղաքի պատմության թանագարանի համատեղ նախաձեռնությամբ «Սասունցի Դավիթ» պարտեզ-սրահում բացվեց Երևնաի 2794-ամյակին նվիրված «Երևան. հայացք ապագայից» ցուցադրությունը:

Ցուցադրության հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ցուցադրությանը ներկայացված են հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական 36 աշխատանքներ՝ անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով:

Ցուցադրությունում ընդգրկված ժամանակակից և անցյալի Երևանի լուսանկարները խորհրդանշում են մեր քաղաքի առաջընթացը և ապագայից հայացք ուղղում պատմական Երևանին:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների վերաբերյալ արվեստաբանական մեկնաբանությամբ հանդես եկավ արվեստաբան Արա Հայթայանը: Ցուցադրությունը ուղեկցվեց Ֆորշի Երևանյան երգերի կատարումներով:

«Ներկայացված ստեղծագործությունները ոչ միայն գեղարվեստական, այլև պատմական արժեք ունեն, որովհետև  այնտեղ պատկերված քաղաքն այլևս պատմություն է: Շնորհիվ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Հ. Կոջոյանի, Ս. Առաքելյանի ու այլ հանրահայտ գեղանկարիչների, մեր սերունդը ճշգրիտ պատկերացում է ստանում այն Երևանի մասին, որի ժամանակակիցը չի եղել»,- նշեց Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 16-ը:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Արխիվ