Ներկայացվեց Երևան քաղաքի պատմության թանգարանի 2012թ. հաշվետվությունը
Երևան քաղաքի պատմության թանգարանը ամփոփել է 2012 թ. գործունեության արդյունքները: Համառոտ ներկայացնում ենք թանգարանի ծավալուն գործունեության ընթացքում տեղ գտած կարևորագույն իրադարձությունները:
Թանգարանը մասնակցեց արվեստների ավանդական «ART EXPO» ցուցահանդեսին
«ART EXPO-2012» ցուցահանդեսում թանգարանը հանդես եկավ յուրօրինակ տաղավարով` ցուցադրելով Երևանի մասին իր հրատարակած գրքերը, Երևանում հրատարակչական գործին և տպագրությանը վերաբերող ցուցանմուշներ, հայ գրատպության 500-ամյակի և Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ բացված գրառումների գիրքը:
Բացվեց «Կառուցել առանց քանդելու» խորագրով ցուցահանդեսը
ՀՀ կառավարության հովանու ներքո բացված «Կառուցել առանց քանդելու» խորագրով ցուցահանդեսում ներկայացվեցին Հայկ Բիանջյանի աշխատանքները, ճարտարապետ Գարեգին Եղոյանի նախագծի հատակագիծը` Աբովյան-Պուշկին-Սախարովի հրապարակ տարածքի ծրագրի վերաբերյալ:
«Երևան. հայացք ապագայից»
Միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 11-ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի և Երևան քաղաքի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ «Սասունցի Դավիթ» պարտեզ-սրահում բացվեց Երևանի 2794-ամյակին նվիրված «Երևան. հայացք ապագայից» ցուցադրությունը:
«Թանգարանների գիշեր» Երևան քաղաքի պատմության թանգարանում
Արդեն ավանդական դարձած տոնի կապակցությամբ Երևանի պատմության թանգարանը «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում կազմակերպեց «Գիրը փոփոխվող աշխարհում» խորագրով միջոցառում՝ այցելուներին ներկայանալով միջոցառումների հարուստ ծրագրով:
Լիբանանահայ քանդակագործի քանդակների անհատական ցուցահանդեսը
ՀՀ սփյուռքի նախարարության «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվեց լիբանանահայ տաղանդաշատ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսը:
Նվեր Երևանի պատմության թանգարանին
Երևան քաղաքի պատմության թանգարանը համալրվեց արևելյան մշակույթի հարուստ հավաքածուով, որը ներառում է նաև բացառիկ նմուշներ: Հավաքածուն իրանահայ, ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանի նվերն է թանգարանին:
«Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն»
Թանգարանների միջազգային խորհրդի կրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) տարեկան 41-րդ գիտաժողովի մասնակիցները Երևան քաղաքի պատմության թանգարան այցելության ընթացքում մասնակցեցին «Գիշերը թանգարանում» յուրօրինակ միջոցառմանը: