ԵՔՊԹ զեկույցը երիտասարդ թանգարանագետների գիտաժողովում

Երևան քաղաքի պատմության թանգարանը զեկույցով հանդես է եկել թանգարանների միջազգային օրվա շրջանակում առաջին անգամ անցկացված «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով երիտասարդ թանգարանագետների գիտաժողովում: Զեկույցի էլեկտրոնային տարբերակը ներկայացնում ենք ստորև:

Իր գոյության 82 տարիների ընթացքում ԵՔՊԹ-ն բազմաթիվ սերունդներ է կրթել ու դաստիարակել:
Թանգարանում  մշակվում և իրականացվում են ժամանակի պահանջներին համահունչ կրթական ծրագրեր, որոնց նպատակն է երեխաներին հաղորդակից դարձնել մշակութային ժառանգությանը, ձևավորել գեղագիտական ճաշակ, սերմանել թանգարան հաճախելու կուլտուրա և իհարկե դաստիարակել արժանի քաղաքացիներ:

 

«Դպրոցականների արտասովոր արկածները ԵՔՊԹ-ում» կրթական անիմացիոն ծրագիր: Գլխավոր նպատակը`սովորողներին, մասնակից դարձնելով քաղաքի կարևոր իրադարձություններին, ծանոթացնել հարազատ քաղաքի պատմության հետ: Այս ծրագրի ընթացքում երեխաները կենդանություն են տալիս ցուցանմուշներին` մարմնավորելով նրանց:

«Տիկնիկները թանգարանում» ցուցահանդես միջոցառում: Կրթական ծրագրի ընթացքում ակտիվ օգտագործվել են թանգարանային ցուցանմուշների կրկնօրինակները:

«Ի՞նչ,  ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ մրցույթ, որին միաժամանակ մասնակցել են մայրաքաղաքի 11 դպրոց: Հայկական գիտակների ասոցիացիայի և ԵՔՊԹ-ի աշխատակիցների որոշմամբ՝ հարցերի մեջ ներառված են եղել Երևանի պատմությանը վերաբերող հարցեր, որոնց ճիշտ պատասխանելու համար մասնակիցները պետք է այցելած լինեին ԵՔՊԹ:
Այսպիսի կրթական ծրագրերը զարգացնում են դպրոցականների գիտելիքներն ու կարողությունները, ինչպես նաև սոցիալական հմտությունները:

Մեր թանգարանում մշակվել և իրականացվել են «Բացահայտենք  հայկական գորգերի աշխարհը», «Ճանաչիր Երևանը», «Գիտունիկը ԵՔՊԹ-ում» և «Երևանի բերդի առումը» խաղ-էքսկուրսիաները:
Ի տարբերություն պարբերաբար անցկացվող զանազան կրթական միջոցառումների` այս խաղ-էքսկուրսիաները կրում են մշտական և մասսայական բնույթ, որոնց գլխավոր նպատակն է գիտելիք տալ ոչ թե պարտադրելով, այլ խաղի միջոցով: Էքսկուրսիա անցկացնելու այս մեթոդն ավելի ճիշտ է, քանի որ երեխայի աշխարհը սերտորեն կապված է խաղային գործունեության հետ:

Բացահայտենք  հայկական գորգերի աշխարհը

Բարձր դասարանցիներին, առաջին, երկրորդ կուրսի ուսանողներին առաջարկում ենք «վիրտուալ զբոսանք» հին Երևանով:
«Ճանաչիր Երևանը» խորագիրը կրող խաղ-վիկտորինայի նպատակն է լրացնել դպրոցական ծրագիրը, քանի որ Երևանի պատմությունը որպես առանձին առարկա դպրոցներում չի դասավանդվում:

Այս վիկտորինան իրականացվում է սրահում գտնվող Երևանի մանրակերտի շուրջ: Խաղի ավարտին երեխաները խաչբառ են լուծում, որպեսզի մեկ անգամ ևս ապրապնդվեն ստացված գիտելիքները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի մոտ հետաքրքրությունը թանգարանի հանդեպ պետք է ձևավորել դեռ վաղ հասակից, մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մանկապարտեզներին՝ նախադպրոցական տարիքի երեխաներին (4-5 տարեկան):  Հատուկ նրանց համար մշակվել և իրականացվում է «Գիտունիկը ԵՔՊԹ-ում» խաղ-էքսկուրսիան, որի ընթացքում էքսկուրսավար դարձած տիկնիկը, ուղեկցելով երեխաներին թանգարանի սրահներով, նրանց պատմում է Էրեբունի-Երևանի մասին:

Նկատի ունենալով «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին»  թեմայի կարևորությունը և այն փաստը, որ մեր թանգարանում են պահվում այս թեման լուսաբանող հետաքրքիր ցուցանմուշներ, թանգարանը դպրոցներին առաջարկում է «Երևանի բերդի առումը» խաղ-էքսկուրսիան:

Վիկտորինայի ավարտին բերդի «բանալիները» հանձնվում են հաղթանակած աշակերտներին, ովքեր խաղի ընթացքում իրենց ստացած գիտելիքների շնորհիվ կարողացան գրավել դարեր շարունակ անառիկ համարվող Երևանի բերդը, իսկ առավել ակտիվ աշակերտները պարգևատրվում են «Երևանի  գրավման համար» մեդալներով:

Բոլոր խաղ-էքսկուրսիաների ավարտին մասնակիցներին խրախուսելու նպատակով թանգարանի կողմից տրվում են շնորհակալագրեր, ինչով ընդգծվում է միջոցառման կարևորությունը:

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ԵՔՊԹ-ում արդեն բարի ավանդույթ է դարձել էքսկուրսիաներն ավարտել երդման արարողությամբ: Քաղաքի խորհրդանիշներին (դրոշ, զինանշան, օրհներգ) ծանոթանալուց հետո երեխաները երդվում են սիրել, պահպանել և շենացնել համայն հայության քաղաքամայր Երևանը:

Քանի որ դպրոցականների հոգևոր մշակույթի զարգացման գործընթացի էությունը թանգարան-դպրոց համագործակցության պայմաններում ենթադրում է ժամանակակից թանգարանի և դպրոցների համատեղ ջանքերի ներդրում, ԵՔՊԹ-ն և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունն իրականացրել են «ՈՒսուցիչները թանգարանում» ծրագիրը, որի շրջանակներում Երևանի 144 դպրոցների ուսուցիչներ այցելել են ԵՔՊԹ: Այս ծրագիրը նպաստել է թանգարանի այցելության մակարդակի հետագա բարձրացմանը:

ԵՔՊԹ-ն ակտիվ գործունեություն է ծավալում նաև թանգարան-բուհ կապի ամրապնդման շրջանակներում:

ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի,  ՀՊՄՀ-ի թանգարանագիտության բաժնի և ԵՊԼՀ-ի տարբեր բաժինների ուսանողներն իրենց պրակտիկան անցկացնում են թանգարանում: Մեր թանգարանում ուսուցանվում է  «Թանգարանային անիմացիա» առարկան ԵՊԼՀ-ի ԼՄՀ ֆակուլտետի Միջազգային տուրիզմ բաժնի ուսանողներին:

Դասընթացի վերջում ուսանողները բեմադրում են իրենց կողմից մշակված կրթական անիմացիոն ծրագրերը հետևյալ վերնագրերով`«Երևանյան պատմություններ վերածված արձանիկների», «Հարսնակռիվ», «Փեսացուն կրկեսից, թե հարսնացուն հյուսիսից» և այլն:

ԵՔՊԹ-ն, քայլելով ժամանակի պահանջներին համահունչ, ակտիվ և արդյունավետ գործունեություն է ծավալում ոչ ֆորմալ կրթության շրջանակում թանգարան-մանկապարտեզ, թանգարան-դպրոց, թանգարան-բուհ կապի ամրապնդման շնորհիվ: Թանգարանի աշխատակիցները, ցուցաբերելով մանկավարժական, հոգեբանական և դերասանական հմտություններ, զարգացնում են ուսումնառու այցելուների կարողությունները, հմտությունները, գիտելիքները, ձևավորում են նրանց քննական մտածողությունը, գեղագիտական ճաշակը, կոլեկտիվում ազատ շփվելու և սեփական կարծիքն արտահայտելու հմտությունները և իհարկե արժեքային համակարգն, ինչպես նաև դաստիարակում են հայրենասեր, պատմամշակութային ժառանգության կարևորությունը գնահատող, արժևորող ու պահպանող քաղաքացի:

Արխիվ