Ր. Հովհաննիսյան.«Թանգարանի կամարների ներքո ասես թևածում է հայոց ոգին»

Տիկին Արմինե Սարգսյանին
Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն
Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Մեծարգո՛ հայրենակցուհի,
Ուրախ եմ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Երեւանի պատմության թանգարանի հիմնադրման 80-ամյակի առիթով Ձեզ փոխանցել ջերմագին իմ շնորհավորանքներն ու բարեմաղթությունները։Շեն ու նորոգ քաղաքամոր հնի եւ նորի խոսուն վկայությունները՝ հնագիտական, ազգագրական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների հարուստ հավաքածուները, արժեքավոր մյուս նյութերը լավագույնս վերհանում են Երեւանի պատմությունը՝ սկսած մեր թվարկությունից յոթ հարյուրամյակ առաջ Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրումից, մինչեւ մեծն Թամանյանի մտքի արգասիք հանդիսացող արդի շքեղ ոստանի կերտումը։ Թանգարանի կամարների ներքո ասես թեւածում է հայոց ոգին՝ նորօրյա սերնդի յուրաքանչյուր այցելուի մեջ ապրեցնելով այն հպարտությունը, որ ինքը երեւանցի է եւ, պարզապես, հայ է։Հոբելյանի կապակցությամբ Ձեզ եւ թանգարանի ողջ անձնակազմին մաղթում եմ քաջառողջություն եւ հաջողություններ՝ մեր պատմական մասունքները հանրությանն ու օտարերկրացիներին պատվով ներկայացնելու ազգաշահ առաքելության մեջ։

Հարգանոք՝
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
17 հունվարի 2011

Ընթերցել արխիվային տարբերակը