«Գարնանային հավաքածու»` նվիրված Կանանց միջազգային օրվան և Մայրության ու գեղեցկության տոնին
Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում մարտի 5-ին բացվեց «Գարնանային հավաքածու» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված Կանանց միջազգային օրվան և Մայրության ու գեղեցկության տոնին:
Ցուցահանդեսում ներկայացված են ստեղծագործող Օլգա Հակոբյանի «ԱՆԿԱՌՍ»-ՖՐԻՎՈԼՏԵ կոչվող հյուսվածքաձևի տեխնիկայի միջոցով թելերով և ուլունքներով հյուսած վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, գլխարկներ և այլ շուրջ 200 ձեռակերտ աշխատանքներ:
Ցուցահանդեսի բացմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ջերմորեն շնորհավորեց ներկա կանանց գարնանային տոների առթիվ և կարևորեց ստեղծագործ հայ կնոջ դերը հայ ազգային մշակույթում:
«Այստեղ ցուցադրված յուրաքանչյուր նմուշ արվեստի գործ է՝ շլացնող, նրբաճաշակ և աչք շոյող: Օլգա Հակոբյանը հիմնականում օգտագործում է բնական, թանկարժեք և կիսաթանկարժեք, այդ թվում նաև «Սվարովսկի» կոչվող քարատեսակներ և ակնաքարեր: Նա Հայաստանի ժողովրդական վարպետ է, Ռուսաստանի Դաշնության արվեստի պալատի անդամ: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների ինչպես Հայաստանում այնպես էլ Ռուսաստանում և Եվրոպայում: Ցուցահանդեսը յուրօրինակ է, քանի որ ժամանակակից ստեղծագործություններին զուգահեռ ներկայացված է նաև թանգարանի տարազի հավաքածուն և այն հետաքրքրիր ներդաշնակություն է ստեղծում հայ ավանդական և արդի մշակույթների միջև», – նշեց թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:
Ցուցահանդեսին զուգահեռ թանգարանի ճեմասրահում բացվեց նաև «Հայ կինը քանդակագործ Սպարտակ Գևորգյանի արվեստում» խորագրով ցուցադրությունը:
Այս բոլոր միջոցառումները նվիրված են կանանց և գեղեցկության տոների մեկամսյակին և բաց կլինեն այցելուների համար մինչև Ապրիլի 7-ը:
Շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին այս գեղեցիկ տոների կապակցությամբ և մաղթում հաճելի ժամանց:
Երևան քաղաքի պատմության թանգարան