Երևան քաղաքի պատմության թանգարանի դռները բաց էին մինչև կեսգիշեր
«Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման ընթացքում մայիսի 17-ին մինչև կեսգիշեր հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի հյուրընկալեց նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորեց թանգարանային գործիչներին՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնեց մեր պետության համար անչափ կարևոր պատմական-ճանաչողական այդ առաքելությունը նվիրումով կատարելու համար։
«Ուրախալի է, որ շուրջ 10 տարի է Երևանում ավանդույթ է դարձել «Թանգարաններիգիշեր» միջոցառումը, այն էլ՝ այսչափ ակտիվ մասնակցությամբ։ Իսկապես, գիշերայինմթնոլորտը թանգարանում բոլորովին այլ է։ Երևանի թանգարանները կիրառում ենճկուն մոտեցումներ, բազմաթիվ են նորարարական ծրագրերը, ինչին այսօր ականատեսկլինեք նաև Երևան քաղաքի պատմության թանգարանում»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը և հրավիրել ներկաներին դիտելու «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ անիմացիան և «Վիրտուալ զբոսանք նոր Երևանում» տեսաշարը։
«Թանգարանների գիշեր» միջոցառմանը ներկա «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը, օգտվելով առիթից, Արամ Սուքիասյանին խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում իրենց գորգերի պատմությունը ներկայացող ցուցահանդեսի կազմակերպմանն արագ արձագանքելու և աջակցելու համար ու, ի նշան երախտագիտության, գորգերի ցուցադրության օրերին գործված զինանշանակիր երկու գորգերից մեկը նվիրել է Երևանի քաղաքապետարանին, երկրորդը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանին։
17-19-րդ դարերի Երևանի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ անիմացիան այսուհետ, որպես նորարարություն, ընդգրկվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցադրությունում։
Այնուհետ, Երևանի քաղաքապետի տեղակալը թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանի՝ Երևանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, դիտել եռաչափ անիմացիաները։