Ա. Գևորգյան.«Երևանի պատմության թանգարան. թանկ է այստեղ ամեն ինչ»

Այսօր մենք տոնում ենք մեր շքեղ մայրաքաղաքի 2793-ամյա պատմության վավերագրերի՝ մանրակերտերի, փաստաթղթերի, վկայությունների, հիշողությունների հանգրվանի՝ Երևանի պատմության թանգարանի 80-ամյա հոբելյանը։ Երկար դեգերումներից հետո, բազում խոչընդոտներ հաղթահարելով, բոլոր սերունդների երևանցիների ստեղծած, պահած–պահպանած ցուցանյութերը, պատմության հազվագյուտ, խոսուն վավերագրերը մշտական գրանցում ստացան հայոց 13-րդ մայրաքաղաքի՝ չքնաղ Երևանի շքեղաշուք տաճարում։

Երևանի պատմության թանգարան. թանկ է այստեղ ամեն ինչ, թանկ է նախ մեզ՝ երևանցիներիս համար, քանզի ամեն փողոց, ամեն տուն, ամեն պալատ կառուցել են մեր պապերը, հայրերը, մենք՝ ամեն քարի մեջ դնելով հոգի, սեր, երգ, նվիրում, տաղանդ, ստեղծագործական բերկրանք, կորցրած մայրաքաղաքների խտացրած կարոտ… և այդ ամենը միախառնվելով դարձել է բանաստեղծական տող, երգ, սիմֆոնիա, դարձել է մի ամբողջ ժողովրդի երազների խորհրդանիշ…

Այս ամենը թանկ է հատկապես թանգարանի բոլոր ժամանակների աշխատողների համար, որոնց անվարան կարելի է «Սուրբ մասունքների պահապան» կոչել։ Մեր շնորհակալությունը, երախտագիտությունն ու խոնարհումը նրանց, ում շնորհիվ երկյուղածությամբ, խնամքով հավաքվեցին, ի մի բերվեցին և այսօր մի հարկի տակ այլևս մշտապահով տեղը գտան Երևանի պատմության բոլոր մասունքները։ Փառք ու պատիվ նրանց՝ երեկվա աշխատողներին։ Առողջություն, բարեկեցություն այսօրվա նվիրյալներին, որ պահում են «մեր միակ օթևանի, «քարին բացված քարե ծաղկի», աշխարհի ամենատաք քաղաքի, համայն հայության մայրաքաղաքի հարուստ պատմությունը։

Աստղիկ Գևորգյան
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Երևանի ավագանու անդամ

Ընթերցել արխիվային տարբերակը