Մեկնարկեցին Երևանի պատմության թանգարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումները

Երևանի պատմության թանգարանում հունիսի 30-ին հանդիսավորությամբ նշվեց թանգարանի հիմնադրման 80-ամյակը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մի շարք նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ԳԱԱ, ԳԱԱ ինստիտուտների, մայրաքաղաքում գործող մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների և թանգարանների ներկայացուցիչներ, թանգարանի նվիրատուներ և բարեկամներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ողջունելով հանդիսության մասնակիցներին թանգարանի հյուրընկալ հարկի ներքո՝ տնօրեն Արմինե Սարգսյանը համառոտ անդրադարձավ թանգարանի անցած ուղուն, որի ընթացքում բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով, հինգ անգամ տեղափոխվելուց հետո, այսօր թանգարանն իր հաստատուն տեղն է գրավել Երևանի քաղաքապետարանի հետ մեկ ամբողջական ճարտարապետական համալիր կազմող հոյակերտ շենքում, շուրջ 20-ամյա ընդմիջումից հետո հանրությանը ներկայանալով «Երևանը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» խորագիրը կրող մշտական ցուցադրությամբ:

Թանգարանի գիտական խորհրդի պատվավոր նախագահը Երևանի քաղաքապետն է, անդամներն են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ոլորտների ղեկավարները, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, պատմական գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, թանգարանների տնօրեններ:

Ա. Սարգսյանը երախտագիտություն հայտնեց նաև այն երևանցիներին, ովքեր իրենց նվիրատվություններով շարունակաբար լրացնում ու հարստացնում են հավաքածուները` 2006թ.-ից մինչ այսօր նրանք նվիրել են 1750 թանգարանային առարկա: Միայն վերջին հինգ տարիներին ամրացվել, մաքրվել ու վերականգնվել է 1876 առարկա, որոնք իրենց երկրորդ կյանքն են ստացել:

Թանգարանի գիտական գործունեության արդյունքում 2008 թ.-ից մինչ այսօր հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակվել է շուրջ 15 աշխատություն, որոնց մի մասը ներկայացնում են թանգարանի հավաքածուները, իսկ մյուս մասը նվիրված է Երևանի պատմության զանազան հարցերին: Ա. Սարգսյանը առանձնապես կարևորեց «Երևանի տարեգրությունը», որը մեր քաղաքի հազարամյակների պատմության համառոտ վավերագրի արժեք ունի:

Պակաս արժեքավոր չէ «Երևանի նշանավոր ընտանիքները» աշխատության առաջին մասը, որտեղ ներկայացվում են 19-րդ դարավերջի – 20-րդ. դարասկզբի երևանցի այն ընտանիքներն ու գործիչները, որոնք կարևոր դերակատարություն են ունեցել քաղաքի կյանքում: Դրանից բացի, 2006 և 2008 թթ. հրավիրվել են Երևանի անցյալի ու ներկայի պատմությանը նվիրված գիտական նստաշրջաններ, որոնց շնորհիվ քաղաքի պատմությունն ու մշակույթը ոչ միայն ներկայացվում է հանրությանը, այլև հանդես են բերվում նորովի մոտեցումներ ու կատարվում արժեքավոր բացահայտումներ:

Թանգարանում իրականացվում են նաև կրթադաստիարակչական կարևոր ծրագրեր, դպրոցների հետ անց են կացվում դաս և խաղ-էքսկուրսիաներ, որոնք նպաստում են ոչ միայն քաղաքը ճանաչելուն, այլև այն արժևորելուն ու ապագա երևանցի ձևավորելուն: Բացի այդ, տարբեր ցուցահանդեսներով թանգարանը կարող է Երևանը ներկայացնել արտերկրում, որով, կարծում ենք, իր նպաստը կունենա զբոսաշրջության զարգացման կարևոր գործում: Այն նաև քաղաքային ավանդույթների պահպանման ու քաղաքային մշակույթի տարածման կարևոր դերակատարություն ունի: Ա. Սարգսյանը համոզված է, որ սերունդները գնահատելու և երախտապարտ են լինելու ներկա աշխատակազմին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով փորձում են իրենց ներդրումը կատարել մեր մայրաքաղաքի զարգացման ու բարգավաճման գործում:

Հոբելյանի առիթով թանգարանի աշխատակազմին ուղղված բազմաթիվ ուղերձներ հնչեցին՝ արժևորելով թանգարանի դերը քաղաքի անցյալի, ներկայի ու անցնելիք ճանապարհի ներկայացման գործում: Ինչի համար էլ թանգարանի աշխատակիցներն արժանացան Երևանի քաղաքապետի, ՀՀ մշակույթի, սփյուռքի նախարարությունների, Երևանի պատմության թանգարանի տնօրենի անվանական պատվոգրերի և շնորհակալագրերի, իսկ թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Հանդիսության մասնակիցներին իրենց կատարումներով գեղեցիկ անակնկալ մատուցեցին թանգարանի ամենափոքրիկ այցելուները՝ «Օկի-Դոկի» մանկապարտեզի սաները: Հանդիսությունը շարունակվեց «Երևանի պատմության թանգարանը 80 տարեկան է” տեսաֆիլմի շնորհանդեսով, որը յուրօրինակ վավերագրություն-հաշվետվություն է թանգարանի անցած ճանապարհի, ձեռքբերումների և գործունեության մասին:

Երևանի պատմության թանգարանի հիմնադրաման 80-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը եզրափակվեց «Երևանի գույները» խորագրով գեղանկարների ցուցահանդեսով և «Երևան» հուշանվեր-նոթատետրի շնորհանդեսով:

Ինչպես տեղեկացրեց թանգարանի տնօրեն Ա. Սարգսյանը, հոբելյանական միջոցառումների երկրորդ փուլը կմերկնարկի հոկտեմբերին՝ երրորդ գիտական նստաշրջանով, դրանից բացի, նախատեսվում է նաև հրատարակել «Երևանը երգերում» գիրքն ու թողարկել երևանյան երգերի ձայնասկավառակ, երբևէ չցուցադրված հավաքածուների ցուցահանդես:

www. yhm.am

Ընթերցել արխիվային տարբերակը