«Թանգարանային գիշերը» Երևան քաղաքի պատմության թանգարանում
Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո մայիսի 14-ին անցկացվեց «Թանգարանային գիշեր» արդեն ավանդական դարձած տոնը, որին, ի թիվս Հայաստանի 60 թանգարանների, մասնակցում էինք նաև մենք՝ Թանգարանների միջազգային օրվան նվիրված «Թանգարանային գիշեր» միջոցառմամբ:
Երևան քաղաքի պատմության թանգարանում ևս «Թանգարանային գիշերը» մեկնարկեց ժամը 18:00-ին և տևեց մինչև 24:00: Այցելուների մուտքն անվճար էր:
Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ անցկացված միջոցառման շրջանակներում բազմաթիվ այցելուներ հնարավորություն ունեցան մեկ անգամ ևս հաղորդակցվելու մեր մայրաքաղաքի պատմությանը, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը տեղի ունեցած պատմական իրադարձությունների, մայրաքաղաքի կենցաղի, տնտեսության, քաղաքային ինքակառավարման մարմինների գործունեության մասին պատմող մեր մշակութային ժառանգությանը, հայ մեծանուն գեղանկարիչների՝ Երևանը պատկերող արժեքավոր կտավներին, թանգարանի բազմաթիվ ցուցանմուշներին:
Ի դեպ, եթե մայրաքաղաքի այլ թանգարանների հարակից տարածքներում կան ժամանցի վայրեր, և այցելուները կարող էին «Թանգարանային գիշերվա» տպավորություններն ու տրամադրությունները շարունակել նաև այդ վայրերում, ապա Երևանի պատմության թանգարանի այցելուները հնարավորություն ունեցան դառնալու միջոցառման անմիջական մասնակից՝ ներգրավվելով պատեֆոնի նվագակցությամբ՝ 1950-60-ական թթ. վալսի հնչյունների ներքո անցկացված պար-մրցույթին: Միջոցառումն ուղեկցվեց թանգարանի սրահում երևանյան ֆիլմաշարի ցուցադրությամբ:
Հատկանշական է միջոցառման մասնակիցների թվի աննախադեպ աճը՝ 5570 այցելու, ինչը ավելի քան չորս անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (մոտ 1300 այցելու):
Վերջին այցելուները թանգարանից հեռացան ուղիղ կեսգիշերին՝ 24:00-ին՝ իրենց հետ տանելով հրաշալի ու բովանդակալից օրվա հաճելի հիշողությունները: