Երևանի պատմության թանգարանում բացվել է Գուրգեն Մուշեղյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը էներգետիկայի և բնական պաշարների ու քաղաքաշինության նախարարներ Երվանդ Զախարյանի և Նարեկ Սարգսյանի, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանի հետ միասին ներկա է գտնվել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Նախագծեր և իրականացումներ» խորագրով ցուցահանդեսի բացմանը:
Երևանի պատմության թանգարանի նախասրահում կազմակերպված ցուցադրությանը, որին տեղում ծանոթացել են նաև ճարտարապետի գործընկերներն ու մտերիմները, ներկայացվել են Գուրգեն Մուշեղյանի կյանքն ու գործունեությունն արտացոլող փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ:
Շնորհավորելով վաստակաշատ ճարտարապետին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Գուրգեն Մուշեղյանի ավանդն ու ներդրումը 20-րդ դարի երկրորդ կեսում Երևանի քաղաքաշինական զարգացման գործում: Գուրգեն Մուշեղյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին և Երևանի նախկին քաղաքապետերին ու գլխավոր ճարտարապետներին՝ գնահատանքի և մշտական ուշադրության համար:
Միջոցառման ժամանակ Գուրգեն Մուշեղյանը Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի, «Հրազդան» մարզադաշտի և մի քանի այլ աշխատանքների նախագծային 3 ալբոմները նվիրել է Երևանի պատմության թանգարանին:
Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի, հասարակական ակտիվ գործունեության, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ Գուրգեն Մուշեղյանը Հայաստանի ճարտարապետների միության կողմից պարգևատրվել է պատվո դիպլոմով և ոսկե հուշամեդալով:
Տեղեկացնենք նաև, որ ցուցահանդեսը բաց կլինի շուրջ մեկ ամիս: Մուտքն ազատ է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն