Ի գիտություն ընթերցողների. Երևանի պատմության թանգարանը փնտրում է
Երևան քաղաքի պատմության թանգարանը փնտրում է Աշխեն Տեր – Սարգսյան, Տիկին Աշխեն, Մայրիկ Աշխեն անունով հայտնի այն սրտացավ երևանցու հարազատներին, ով 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության հետևանքով Երևան գաղթած որբ և անապաստան երեխաներին խնամել, գուրգուրել է մոր պես:
Տիկին Աշխենը փողոցից իր տուն էր բերում անապաստան երեխաներին՝ լողացնում, կերակրում և խնամում:
Ինչպես պատմում է Տիկին Աշխենի թոռնուհին, այդպիսի մի դեպքի ժամանակ նրանք, իրենց հետ տանում են նրա փոքրիկ գորգը: Տիկին Աշխենը բնավ չի անհանգստանում. նա համոզված էր, որ անպայման կվերադարձնեն: Եվ իսկապես՝ հաջորդ օրը երեխաները վերադարձնում են գորգը: Նրանցից տարիքով մեծերը, իմանալով կատարվածի մասին, մի լավ «դաս» են տալիս և ստիպում վերադարձնել գողունը, որովհետև Տիկին Աշխենը նրանց համար սրբություն էր:
Վերցնելով թիթեղյա այն փոքրիկ տուփը, որի վրա գրված էր «ՕԳՆԵՑԵՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»՝ Տիկին Աշխենը շրջում էր քաղաքում և հանգանակություն հավաքում որբերի համար:
Մայրիկ Աշխենը ապրել է 108 տարի, նրա երկհարկանի տունը Մաշտոցի պողոտայում գտնվող այսպես կոչված՝ «ագենստվոյի» շենքի տեղում էր, որի մոտ, փողոցի վրա դրված աթոռին, արդեն մեծ տարիքում, սիրում էր նստել Տիկին Աշխենը և երկար նայել անցորդներին:
Հավանաբար փորձում էր նրանց մեջ գտնել իր սաներից որևէ մեկին…
Կարծում ենք` մեր համաքաղաքացիների շրջանում կգտնվեն մարդիկ, ովքեր տեղեկություններ կհայտնեն նրա մասին, որի համար կանխավ հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:
Երևանի քաղաքի պատմության թանգարան