«Քաղաքամայր Երևանի գույները»՝ օտարերկրացիների աչքերով

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայաստանը՝ օտարերկրյա նկարիչների աչքերով» ցուցահանդեսը: 6 երկրների 20 նկարիչների աշխատանքները ստեղծվել են «Հայկական ներկապնակ» բացօթյա նկարչության փառատոնի ժամանակ: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Փյունիկ» հիմնադրամի և «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ու աշխատանքներին ծանոթացել Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանը և Դավիթ Օհանյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին և շնորհավորելով ցուցահանդեսի բացման առիթով՝ Արամ Սուքիասյանը նկատել է, որ չնայած աշխատանքներն օտարազգիների աչքերով են ու վրձնով, սակայն գործերը հենց հայկական գույներով են:

«Կտավներն իսկապես շատ հետաքրքիր են: Ուզում եմ իմ ոգևորությունը փոխանցել և ընդգծել, որ ցուցահանդեսը նոր լիցք կհաղորդի մայրաքաղաքի մշակութային կյանքին: Մենք սիրով շարունակելու ենք մեր աջակցությունը ցուցաբերել նմանօրինակ նախաձեռնություններին»,-նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին մշտական աջակցության համար:

Ռուս, ուկրաինացի, բելառուս, ղազախ, վրացի, լեհ և լիտվացի նկարիչները կտավների միջոցով ներկայացրել են իրենց տեսած հայկական բնաշխարհը, պատմաճարտարապետական հուշարձաններն ու մարդկանց:

Առանձին թեմայով ներկայացվել է նաև մայրաքաղաքը: Փառատոնի ավարտին բոլոր նկարիչների կողմից ստեղծված «Քաղաքամայր Երևանի գույներ» հավաքական ստեղծագործությունը, որն ի դեպ 2×3 մետր կտավի վրա է պատկերված, որպես նվեր հանձնվել է Երևանի քաղաքապետարանին:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է և կգործի տասը օր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարների արխիվ