«Մենք հիշում ենք». ցուցահանդես Գլենդելում (Տեսանյութ)
19 ապրիլ,2015
Երևանի պատմության թանգարանի արխիվային լուսանկարներով
Գլենդելի «Նարեկ» կրթամշակութային հաստատությունը ծնողական հանձնախմբի հետ համատեղ ապրիլի 19-ին կազմակերպեց ոգեկոչման հանդիսավոր արարողություն, ինչպես նաև Երևանի պատմության թանգարանից բերված 40 վավերագրական բացառիկ լուսանկարների ցուցադրում։Ցուցահանդեսի հանդիսավոր բացման ժամանակ հաստատության տնօրեն Ռիմա Սարյանը ողջունեց հյուրերին և անդրադարձավ օրվա խորհրդին։
Այնուհետև Երևանի պատմության թանգարանի փոխտնօրեն Գևորգ Օրբելյանը, որն այս միջոցառման նախաձեռնողն էր, ներկայացրեց ցուցահանդեսի առանձին բաժինները։
Հանդիսությանը ներկա էին Կալիֆորնիայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տեր Մամբրե ավագ քահանա Քեսաբյանը, Լոս Անջելեսի մտավորականության ներկայացուցիչներ, հյուրեր տարբեր կազմակերպություններից, «Նարեկ» հաստատության ողջ անձնակազմը, ծնողներ, բարձր դասարանների աշակերտներ և շրջանավարտներ։
Լուսանկարների ցուցադրությանը զուգընթաց սրահում հնչում էին օրվա խորհրդին ներդաշնակ մեղեդիներ։ Եղան ելույթներ, երեխաների կատարմամբ հնչեցին հատվածներ Կոմիտասի, Պարույր Սևակի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, իսկ հրավիրված լարային քառյակը մինչ ուշ երեկո դահլիճում տարածեց տխրության ու ցավի, հիշողությունների վերասլացման մեղեդիներ։
Խոսք ասաց նաև Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ում օրհնանքով ավարտվեց միջոցառման պաշտոնական մասը։
Ամբողջ ընթացքում ցուցասրահը լեցուն էր այցելուներով։
Երեկոն չափազանց հուզիչ էր և ոգեշնչող։ Մարդիկ հեռացան մնայուն տպավորություններով։
Մանրամասները՝ տեսանյութում…