Երևանցիների տոնածիսական և կրոնական վարքագծի փոփոխությունները XX դարավերջին
Հայոց քրիստոնեական տոնացույցի հենքը կազմող, սակայն բնապաշտական արմատներ ունեցող համաժողովրդական այդ տոներից յուրաքանչյուրն իր հերթին ծեսերի և սովորությունների մի մեծ շարք էր` իրենից նվիրական ուտեստով, սրբավայր-ուխտավայրերով, խնջույքներով, խաղերով, հավատալիքներով, ավանդազրույցներով, շնորհավորական փոխայցելություններով, նվիրատվություններով և ավանդական այլ բաղադրիչներով: Այսինքն, գոյություն ուներ դարերի ընթացքում ձևավորված երևանյան տոնածիսական համալիրը, որը, տեղական առանձնահատկություններով հանդերձ, ուներ համընդհանուր գծեր, ինչը և վկայում էր դրանց համազգային նկարագրի մասին:
Խորհրդային շրջանում երևանցիների կենցաղում արդեն իսկ նկատելի էին ավանդութային – կրոնական տոների անկման որոշակի միտումներ, որոնք գլխավորապես պայմանավորված էին այդ համակարգի աթեիստական գաղափարախոսությամբ:
Արդյունքը եղավ այն, որ XX դարավերջերին ազգային – ավանդական տոները գրեթե ամբողջությամբ տեղի տվեցին խորհրդային ապազգային տոնական միջոցառումներին:
Սակայն 1970-1980-ական թթ. հանրապետությունում և մասնավորապես Երևանում նկատվում էին ավանդութային տոների «վերականգնման» որոշակի գործընթացներ, որոնց նախաձեռնողը խորհրդային պետական կառույցներն էին: Բայց վերջիններիս հակակրոնական ուղղվածության պատճառով հիմնական ուշադրությունը դարձվում էր այն տոներին, որոնք համեմատաբար «քիչ էին քրիստոնեացված»: Տվյալ «չափանիշներին» համապատասխանում էին` Համբարձում-Ջանգյուլումը, Վարդավառը, Վարդանանցը, Նավասարդը և այլն: Այդ տոներն ըստ էության թատերականացված բնույթի միջոցառումներ էին, որոնց նախաձեռնողները, իսկ հաճախ նաև կատարողները գիտակրթական և մշակութային հաստատություններն էին: Որոշակի վերապահումներով հանդերձ, դրանք էթնիկ ավանդույթները պետականորեն վերականգնելու առաջին դրական փորձերն էին:
Երևանում անցկացված էթնոսոցիոլոգիական հետազոտությունները /1970-1990-ական թթ./ հնարավորություն տվեցին բացահայտելու բնակչության տոնածիսկան վարքագծային և կրոնատածության ընդհանրական պատկերը: Հիմնական խնդիր էր դրված` վերլուծել փոփոխությունների այդ գործընթացը միմյանցից որակապես տարբեր հասարակական քաղաքական համակարգերում` խորհրդային և հետխորհրդային փուլային համատեքստում:
Սոցիոլոգիական և ազգաբանական համեմատական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ տեղի էին ունեցել որոշակի փոփոխություններ, խորհրդային տոների կտրուկ անկմանը զուգընթաց ավանդութային տոների և ծեսերի նկատելի աճը 1990-ական թթ. պայմանավորված էր արցախյան շարժման ալիքի վրա սկիզբ առած համազգային զարթոնքով, որի արդյունքում ստեղծված Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հռչակվեց ազգային և կրոնական արժեքների հիմնական կրող և ժառանգորդ:
1992-1999թթ. Երևանում կատարված հետազոտությունների տվյալներով՝ ավանդական տոների վարկանիշն արդեն բավական բարձր էր:
Հատկապես ուշագրավ էին տոների մասնակիցների սեռատարիքային և սոցիալ-մասնագիտական տեսանկյուններով կատարված ուսումնասիրությունները: Ավանդութային – կրոնական տոներն ամենից շատ տարածված էին ֆիզիկական աշխատանքով զբաղված երևանցիների շրջանում: Այդ տոների կենցաղավարման ամենաթույլ օղակը ներկայացնում էին բարձր որակավորում ունեցող անձինք /այդ թվում` մտավորականները/, ծառայողները և հատկապես ղեկավար աշխատողները: Վերջինս պայմանավորված էր ազգային-կրոնական ավանդույթները մերժող խորհրդային արժեքային դաստիարակությամբ և մասնավորապես այդ համակարգին ինտերգրվելու օբյեկտիվ իրողությամբ, որն իր մեջ ուներ կարիերիզմի երանգավորում:
Ընդհանուր առմամբ, այդ հետազոտությունները հնարավորություն տվեցին բացահայտել խորհրդային շրջանին բնորոշ որոշակի օրինաչափություն, այն է` որքան ցածր էր մասնագիտական որակավորումը, այնքան մեծ էր ավանդութային-կրոնական տոների տարածման շրջանը: Եթե տարեց երևանցիների շրջանում, մի կողմից ֆիզիկական աշխատանքով զբաղվածների և մյուսում` բարձր որակավորում ունեցողների ու ղեկավարների միջև վերը նշված տոների տարածման արեալային տարբերությունը եռակի էր, ապա երիտասարդության մեջ այն կրկնակի էր: Վերջիններիս մեջ ավանդութային-կրոնական տոների տարածվածության նման պատկերը պայմանավորված էր սերունդների կրթական մակարդակով, որի ենթատեքստում, դրական երանգավորումներով հանդերձ, դեռևս շարունակում էին անտեսել կրոնական ավանդույթները:
Բացահայտվեցին նաև երևանցիների սոցիալ-մասնագիտական առանձին շերտերի տոնական վարքագիծը` ներէթնիկ և միգրացիոն խմբերում: Պարզվեց, որ ավագ սերնդի հայրենադարձները և ՀՀ-ի գյուղական շրջաններից վերաբնակվածներն ամենից շատ էին համակիր ավանդութային-կրոնական տոներին: Ֆիզիկական աշխատանք կատարող անձինք կրկնակի դրական դիրքորոշում ունեին այդ տոների նկատմամբ, քան մտավորականները: Հայրենադարձների մոտ այդ տարբերությունը համեմատաբար ցածր էր: ՀԽՍՀ-ի և ԽՍՀՄ-ի քաղաքային բնակավայրերից վերաբնակված մտավորականների շրջանում ֆիզիկական աշխատանքով զբաղվածների համեմատ կրկնակի ցածր էին տոնական ավանդույթները: Այդուհանդերձ, տարեց այդ սերունդը, իր բոլոր խմբերով հանդերձ, ուներ ամենաբարձր ավանդութային կողմնորոշումը:
Տարեցների շրջանում ազգային տոների տարածվածության մեծ մասշտաբները գլխավորապես պայմանավորված էին ընտանեկան, ազգակցական և դրացիական ավանդույթների առավել պահպանվածությամբ: Ուշագրավ է, որ երիտասարդները /նույնիսկ` մտավոր աշխատանքով զբաղվածները/ առանձին դեպքերում առավել համակիր էին ազգային ավանդույթներին:
Ավանդութային-կրոնական տոները հանդիսացել և այսօր էլ հանդիսանում են եկեղեցու, բնականաբար հավատքի հետ ժողովրդին կապող կարևորագույն հանգույցները:
XX դարի վերջին քառորդում երևանցիների կրոնական վարքագծային փոփոխությունները փորձեցինք քննարկել ամենատարբեր տեսանկյուններով: Այսպես, քրիստոնեական սրբավայրեր այցելության գլխավոր շարժառիթների տեսանկյունով դիտարկումները ցույց տվեցին, որ 1980-ական թթ. սկզբներին այդ հաճախումները պայմանավորված էին ոչ այնքան բնակչության զուտ կրոնական վարքագծով, որքան ժամանցի և դրա հետ սերտորեն առնչվող գործոնային համալիրով:
1990-ական թթ. սկզբներին որոշակիորեն փոփոխվել էին քրիստոնեական սրբավայրեր այցելության դրդապատճառների մասշտաբային ցուցիչները: Կտրուկ նվազել էին գեղագիտական կամ ժամանցային բովանդակությամբ գործոնների հաշվեկշիռները: Գրեթե չէր փոխվել այն որպես ուխտավայր ընկալելու արժևորումը: Ուշագրավ է, մասնավորապես աղոթքի /19 տոկոս/` կրոնական-խորքային ենթատեքստ ունեցող այդ գործոնների իրողությունը և դրա առավել գնահատումը: Սակայն ամենից մասշտաբայինը դարձյալ մնում էր մոմավառության բարեպաշտական ավանդույթը /56 տոկոս/, որը գրեթե կրկնակի մեծացել էր խորհրդային շրջանի համեմատությամբ:
Հանրապետության քաղաքային բնակչության, այդ թվում` երևանցիների շրջանում նկատվում էր կրոնական տոների առթիվ եկեղեցիներ այցելելու հաճախականության մեծացում: Այդ կապակցությամբ եկեղեցիներ գնալու թվային արտացոլումը երևանցիների կենցաղում 1970-1990 թթ. ուներ հետևյալ պատկերը` 6-18 տոկոս:
Ինչ վերաբերվում է սոցիալ-մասնագիտական և տարիքային խմբերի կրոնական վարքագծին, ապա պատկերն այսպիսին էր. 1990-ական թթ. սկզբին, խորհրդային շրջանի համեմատությամբ, նկատվում էր կրոնական հավատքի որոշակի աճ /1976թ.` 37 տոկոս, 1992թ.` 68 տոկոս/: Տվյալ խնդրի կապակցությամբ վարքագծային մյուս դիրքորոշումների թվային արտացոլումն այսպիսին էր. կրոնի նկատմամբ տատանվողներ /20-15տոկոս/, անհավատներ /38-14.5 տոկոս/ և մերժողական ակտիվ դիրքորոշում ունեցողներ /5-5 տոկոս/: Այս առումով բավական ակնհայտ էին հավատացյալների վերընթաց աճի և անհավատների կտրուկ անկման միտումները: Ուշագրավ էր մասնավորապես տատանվող շերտի վարքագիծը, ուր փոփոխություններն աննշան էին: Հարաբերակցության նման կտրուկ փոփոխությունը տվյալ կարճ ժամանակահատվածում պայմանավորված էր համազգային զարթոնքով, այն է` եկեղեցու, կրոնի նկատմամբ արժեքային նոր ընկալումներով, որոնք ունեին առավելապես էթնո-քաղաքական ենթատեքստ:
Այսպիսով, գյուղական բնակչության զանգվածային ներհոսքը Երևան, հայրենադարձությունը, շարժերը ԽՍՀՄ հանրապետություններից, հայ էթնոսի առանձին խմբերի ներգաղթը արտերկրից և այս բնույթի այլ երևույթներ պայմաններ ստեղծեցին էթնոսի համախմբման որակապես նոր գործընթացների համար, որի արդյունքում ձևավորվեց քաղաքային տիպի ծիսական արարողակարգ, և որն էլ առավել մեծացրեց էթնիկ ավանդույթների ակցենտավորումը:
Նույնիսկ խորհրդային շրջանում երևանցիների կենցաղում ավանդութային-կրոնական տոների տարածվածությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ մայրաքաղաքն իրենից ներկայացնում է միգրացիոն այդ գործընթացների հետևանքով ձևավորված մի մեծ համահավաք /կոնգլոմերատ/, ուր ներգաղթած գյուղական բնակչության հետ միասին բավական հոծ զանգված էին կազմում ավանդապահ վարքագիծ ունեցող ներէթնիկ խմբերի սերունդները:
Ավանդութային-կրոնական տոների սոցիալ-մասնագիտական տեսանկյունով հետազոտությունները ցույց տվեցին, որ խորհրդային շրջանում դրանք անկման միտում ունեին, մասնավորապես` ղեկավար աշխատողների և ծառայողների շրջանում: Իսկ ընդհանուր առմամբ, այդ տոների կենցաղավարման առավել ընդարձակ արեալները հայրենադարձներն էին և գյուղական վերաբնակները:
Ետխորհրդային փուլում ավանդութային տոներն արդեն գրեթե հավասարաչափ տարածված էին երևանցիների սոցիալ-մասնագիտական խմբերում: Էապես փոխվել էին տոների և կրոնի նկատմամբ ֆիզիկական, մտավոր և ղեկավար աշխատանքով զբաղվածների վերաբերմունքի մեջ եղած բևեռացված տարբերությունները, որոնք բնորոշ էին խորհրդային շրջանին: Այդ տեղաշարժերը հատկապես նկատելի էին ծառայողների և ղեկավար աշխատողների ոլորտում, որոնց համար էթնոմշակութային արժեքներն այլևս չունեին պետական-գաղափարախոսությանը հակասող գործառույթ: Եվ դեռ ավելին՝ նախկինում աթեիստական կամ չեզոք կողմնորոշում ունեցող քաղաքական էլիտայի համար ազգային և կրոնական արժեքները ստացան գերակա նշանակություն, քանի որ գաղափարախոսական կտրուկ փոփոխություններն առավելապես ունեին նոր համակարգային ինտեգրման կամ առաջընթացի զուտ ձևական բնույթի քաղաքական ենթատեքստ:
Ավանդութային տոների նկատմամբ սոցիալական այդ խմբերի դիրքորոշային փոփոխությունները պայմանավորված էին ոչ միայն հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցած տեղաշարժերով, այլև քաղաքային պայմաններում սոցիալ-մասնագիտական այդ խմբերի ինտեգրման օբյեկտիվ գործընթացով: Ի դեպ, այդ միտումը նկատվում էր դեռևս 1980-ական թթ, որն ավելի խորացավ համազգային նոր զարթոնքի ժամանակաշրջանում` պայմանավորված երևանցիների էթնիկ ինքնագիտակցության մեջ ազգային-կրոնական արժեքների վերագնահատմամբ: